Ստեղծում են «մասնագիտական դատարաններ»՝ ընդդիմախոսներին հեշտ կալանավորելու համար

Ստեղծում են «մասնագիտական դատարաններ»՝ ընդդիմախոսներին հեշտ կալանավորելու համար

2,5 տարի է՝մենք պարբերաբար անդրադառնում ենք դատական համակարգին, այս իշխանություններն էլ էին անդրադառնում, և ասում էինք, որ անհրաժեշտություն կա ընդհանուր առմաամբ վերափոխելու, տարիներ շարունակ դատական համակարգից դժգոհությունները մեկընդմիշտ լուծելու, բայց երբևէ դրան չանդրադարձան, ընդհակառակը՝ փորձեցին դատավորներին դարձնել իրենց հպատակները, իսկ վերջին ժամանակներում վարչապետը, և ընդհանրապես իր թիմը, փորձում էին դատավորների վրա ճնշումների միջոցով իրականացնել իրենց հիմնական ցանկությունները։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց իրավագիտության դոկտոր Ենոք Ազարյանը․

«Երբ վերջին ժամանակներում մենք տեսանք, որ կալանավորման միջնորդությունները հիմնականում մերժվում են դատարանների կողմից, ինչը ես դրական քայլ եմ գնահատում, սրանք որոշեցին, որ մասնագիտական դատարան ստեղծեն, որը պետք է քննի կալանավորման միջնորդությունները, խուզարկության, օպերատիվ-հետախուզական գործողությունների միջոցառումների հետ կապված միջնորդությունները և կոռուպցիայի հետ կապված մասնագիտացված հարցեր։ Կարծում եմ՝ սա ոչ թե վերափոխումների հետ կապված խնդիր է, սա ոչ թե միտված է քրեական արդարադատությունը ավելի արդյունավետ դարձնելու, այլ իրենց կողմից առաջադրված թեկնածուներին նոր կազմավորվող դատարաններում նշանակելու և իրենց հրահանգները իրականացնելուն միտված գործընթաց է։ Կարող ենք հստակ ասել, որ սա իր մեջ քաղաքական արդարադատության տարրեր է պարունակում, որովհետև երբ մենք ուսումնասիրում ենք ժամանակահատվածները, թե ինչ կարգով և որ երկրներում են նման բան իրականացրել անգամ ոչ վաղ անցյալում, խորհրդային պետության սկզբնական ժամանակահատվածում, ապա նման տարրերից են բաղկացած եղել։ Սա ամբողջությամբ միտված է նրան, որպեսզի կարողանան իրականացնել այդ գործընթացները։ Վերջին ժամանակատավածում դատարանները հիմնականում բավարարում են փաստաբանների միջնորդությունները՝ ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու վերաբերյալ, ինչպես նաև մերժում են կալանավորելու վերաբերյալ քննիչների կողմից ներկայացված միջոնորդություններ։ Այս ամենը  կառավարելու համար որոշեցին առանձնացնել, նոր դատավորներ նշանակել՝ իրենց կողմից ընտրված և իրականացնել իրենց կողմից հիմնական գործառույթները ․հրահանգավորել, թե ո՞ւմ պետք է կալանավորել, ո՞ւմ խուզարկելու վերաբերյալ թույլտվություններ տան և այլն։ Ինչ վերաբերում է կոռուպցիային, ապա «կոռուպցիա» բառը նշանակում է բարոյական քայքայվածություն, և այս պահին, երբ իշխանությունը քայքայված է, խոսել կոռուպցիայի մասին և ստեղծել մասնագիտական դատարաններ, դա ուղղակի ծիծաղելի է»։

Ճի՞շտ ենք հասկանում, որ հատուկ դատարաններ են ստեղծում, որ ընդդիմախոսներին կալանավորելը խնդիր չլինի՝ հարցրինք Ազարյանին․

«Այո, քանի որ գործընթացը շարունակելի է, այսօր Սյունիքի համայնքապետերն են, վաղը Վարդենիսի, մյուս օրը գուցե Երևանի արվարձանների և այլն։ Այսօր երբ մենք տեսնում ենք մեր թշնամիների մոտեցումը, որ նրանք փորձում են ավելացնել ռազմական բյուջեն, փորձում են ճանապարհաշինության, տարբեր կոմունիկացիոն միջոցների վերականգնման միջոցով, նորանոր տարածքներ գրավելով գալ առաջ, մենք հիմա հետևաքները չեզոքացնելու, խնդիրներ լուծելու մասին մտածելու, հզորանալու փոխարեն, մեր գերիների, անհետ կորածների, 10 հազարից ավել վիրավորների հարցերը լուծելու, նրանց համար բուժման միջոցների, առողջական հարցերը լուծելու, անհետ կորածների հարցերով զբաղվելու փոխարեն,ընկել, փորձում ենք լռեցնել նրանց, ովքեր փորձում են իրենց հողը պաշտպանել և իրենց հողի համար պայքարել։

Փաստորեն մտածում են այս մեթոդով՝ այսպես կոչված «մասնագիտական դատարանների» միջոցով  իրենց հարցերը լուծել։ Եթե այդպես է, թե թող ասեն, որ ամուսնական հարցերի հետ կապված «ալիմենտի դատարան» ստեղծեն, կամ բիզնեսի շահերի պաշտպանության հետ կապված մեկ այլ ուրիշ դատարան ստեղծեն և այլն։ Այն նախարարը, որն այսօր զբաղեցնում է այդ աթոռը, որը ժամանակին փորձում էր փաստաբանական գործունեությամբ զբաղվել, ինքը 3 անգամ հայցադիմում է գրել դատարան, 3 անգամ էլ հայցադիմումը դատարան մուտք չեն արել, այսօր փորձում է փայլատակել և նախագիծ ներկայացնել և հիմնավորել, որ դրանով կփորձի նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը, դրանով կբարձրացնի վստահությունը դատական համակարգի նկատմամբ։ Իրեն պետք է հարցնել՝ հայցադիմում գրել սովորե՞լ է, թե՞ ոչ, որ հիմա օրենքի նախագիծ է մշակում Նիկոլի հանձնարարությամբ»,- պատասխանեց Ազարյանը։

Արդյո՞ք նման փոփոխությունները սահմանադրական փոփոխություններով չպետք է տեղի ունենան՝ հարցրինք․

«Այս մարդիկ ընդհանրապես շատ հեռու են հիմնական օրենքի գաղափարից, և սա ընդհանրապես ոչ թե իրավունքի գաղափարից է բխում․․․ այսինքն՝ իրավունքը տրանսֆորմացիա չի լինում, չի վերափոխվում օրենքի։ Սրանք ուղղակի առանց հիմնական ծրագրի, ռազմավարական կամ ազգապահպան համակարգային գործունեությունից դուրս փորձում են իրենց պաշտոնավարումը երկարացնել։ Այսինքն՝ այս մարդկանց համար աթոռը դարձել է մի առանցք, որի շուրջ պտտվում է երկրագունդը, և իրենք Սահմանադրությունից խոսել չեն կարող, որովհետև Սահմանադրության հետ ընդհանրապես ոչ մի աղերս չկա։ Մենք բազմիցս տեսանք վարչապետի, տարբեր պատգամավորների միջամտությունը դատական համակարգին, նրանց հրահանգելուն, նրանց վարկաբեկելուն, և հիմա խոսել, որ իշխանությունների տարանջատման սկզբունք կա, կամ ասել, որ յուրաքանչյուրը իր տեղում իր գործն է անում, դա ոչ իրատեսական կլինի։

Եթե մենք այսօր ունենք լուրջ խնդիրներ, եթե մեր թշնամիները արդեն մտել են Սյունիքի տարածք, փորձում են տարածք առ տարածք գրավել, իսկ սրանք ասում են,որ GPS- ով են գծում և այլն, այսինքն հայկական ոչ մի մոտեցում չունեն, և տպավորություն է, որ մենք գործ ունենք «երիտհայերի կառավարության» հետ, որոնց գործունեությունը միտված է օրենքի անվան տակ քանդել մեր երկրի տնտեսությունը, իրավական համակարգը։ Այն գործակալական ցանցերը, որոնք փորձում են այս մարդկանց միջոցով իրականացնել այդ քայքայիչ գործունեությունը, դա փորձում են անել համակարգված ձևով, մեկը մյուսի հետ կապված խնդիրներ են, օրինակ՝ որոշ ժամանակ առաջ ինչ-որ հոգևոր անչափահասներ փորձեցին եկեղեցու դեմ ըմբոստանալ, հիմա դա նորից կրկնվում է։Մի կողմից նախագիծ են ներկայացնում մասնագիտական դատարան կազմավորելու վերաբերյալ, մյուս կողմից մի այլ խումբ փորձում է ոտնձգություն իրականացնել Հայ Առաքելական սուրբ եկեղեցու վրա։ Ես ուզում եմ իմ բոլոր ընկերներին, համախոհներին և այն մարդկանց , որոնց համար թանկ է Հայ Առաքելական եկեղեցին, ամսի 27-ին՝ ժամը 11-ին կամ մի քիչ ավելի շուտ, լինել Մայր Աթոռում և այդ հոգևոր անչափահասներին տեղում փորձել վերաունակեցնել»։