Որ աշխատավարձիդ մեկ քառորդը մլիցեքը գրպանիցդ տանեն, դու էլ կծխես

Որ աշխատավարձիդ մեկ քառորդը մլիցեքը գրպանիցդ տանեն, դու էլ կծխես

Վաղուց ոչինչ չեմ գրել ճանապարհային երթևեկության իմ արկածներից, դե ՃՈ-ն էլ հավանաբար մտածել է՝ ինչ լավ է, պրծանք էդ Էդիկ Անդրեասյանից: Բայց ոչ, պարոնայք: Դուք Էդիկ Անդրեասյանից կպրծնեք միայն այն ժամանակ, երբ սովորեք երթևեկության կանոնները և կարողանաք միտումնավոր խախտումները տարբերել պատահական, մարդու կամքից անկախ, ընդհուպ շփոթության արդյունքում թույլ տրված սխալներից:

Եվ ուրեմն, երկու ակտ էին ուղարկել, երկուսն էլ բողոքարկել էի՝ մեկը ժամկետի մեջ, մյուսը՝ ժամկետանց, մեկը 5, մյուսը՝ 25 հազարանոց՝ 3 տուգանային միավորն էլ վրադիր: Առաջին՝ 5 հազարանոց ակտի բողոքարկումը հարթ անցավ: Ինչպես դանակով կարագը կտրես՝ համաձայնեցին ինձ հետ և ակտը ջրեցին: Իրենք էլ տեսան, որ «կանգառն արգելվում է» նշանը չի երևում տեսանյութում: Ավելին, ես իրենց բացատրեցի, որ այդ նշանի ազդեցության գոտին սկսվում է նշանից հետո, մինչդեռ ես մեքենան կանգնեցրել եմ նշանին չհասած:

Իսկ ինչ վերաբերում է երկրորդ խախտումիս, ապա դա մի ամբողջ կինո է: Նախ՝ ինչպես ասացի բողոքարկման ժամկետն անցել էր, որովհետև ես համապատասխան ծանուցում չեմ ստացել: Ամբողջ ոստիկանությունում, պատկերացնո՞ւմ եք, ոչ ոք չգիտեր, որ Էդիկ Անդրեասյանի փոստային բաժանմունքը Աճառյան փողոցից տեղափոխել են Ավան-Առանջի չգիտեմ որ միկրոշրջան, որտեղից ծանացումները բավականին ուշացումով են հասնում: Ինչևէ, այդպես էլ չծանուցված գնացի ոստիկանություն առաջին ակտի հետքերով, բայց ինձ ասացին, որ ևս մի ակտ ունեմ, առավել «ծանրակշիռ»:
-Յաաա…
-Բա՞:
Ակտային վեճերի տեսուչը վիդեոն է ցույց տալիս.
-Էս դու չե՞ս:
-Այո, իմ մեքենան է:
-«Կանգ» գիծը կարմիրի տակ անցել ես, հետիոտնային անցումն անցել ես և նոր միայն կանգնել: Ճի՞շտ է:
-Ճիշտ է:
-Բա էլ ի՞նչ ես ուզում մեզնից:
-Ձեզնից ուզում եմ, որ այ էսքան մարդ լինեք:
-Այսինքն:
-Էդ վիդեոն հլա հետ պտտիր:
-Պտտեցի, հետո՞:
-Սա ե՞ս եմ:
-Հա:
-Հա ու ջան, տես, եկա, եկա և բոլոր մեքենաների հետ նորմալ կանգնեցի կարմիրի տակ: Առաջին մեքենան եմ, ճի՞շտ է:
-Հա:
-Հա ու ջան, արդեն մի քանի վայրկյան կանգնած ենք, ճի՞շտ է, ես խաչմերուկ չեմ մտել, ճի՞շտ է:
-Ճիշտ է:
-Հիմա աջ գնացողը կշարժվի, ուշադիր նայիր, իսկ ես ուղիղ գնացող շարքում եմ, ճի՞շտ է՝ կարմիրի տակ սպասում եմ:
-Ճիշտ է:
-Հոպ, աջ շարքը շարժվեց…
-Դուք էլ շարժվեցիք, թեև ուղիղ եք գնում…
-Ճիշտ է, շարժվեցի: Մեխանիկորեն եղավ, աջը որ շարժվեց, ես էլ ակամայից պոկվեցի տեղից: Կանգ գիծն անցել էի, որոշեցի հետիոտնային անցումի վրա չկանգնել, մի քիչ էլ առաջացա ու կանգնեցի, քանի որ լույսը կարմիր էր դեռ:
-Իսկ դա խախտում է:
-Այո, խախտում է, բայց ձեր գրած 25 հազարանոց խախտումը չէ, ես միտումնավոր չեմ անտեսել կարմիր լույսը: Ավելին, մինչև վերջ ենթարկվել եմ լուսացույցի ազդանշանին և կանաչ լույսի տակ միայն հատել խաչմերուկը:
Տեսուչը մտածմունքի մեջ ընկավ:
-Ի՞նչ ասեմ, բողոքարկեք, բայց հազիվ թե որոշումը փոխեն:

Բողոքարկեցի, դիմումի մեջ գրեցի որ այսպես ու այսպես, ես միտումնավոր չեմ խախտել կանոնները, խնդրում եմ վերավորակավորել ակտը և ըստ այդմ տուգանել ինձ: 25 հազար դրամ՝ ի՞նչ խաբար է, այդքան նույնիսկ Նիկոլին չեք տուգանում ավտոշարասյունը Երևանով ափեղցփեղ քշելու համար: Եվ պատկերացրեք՝ ՃՈ պատասխանը չուշացավ:

Գրել են, թե պարոն Անդրեասյան, մենք հասկանում ենք Ձեզ, բայց չենք կարող ակտը վերանայել, որովհետև ուշացումով եք բողոքել:
-Եղբայր, ծանուցված չեմ եղել, այլապես կբողոքարկեի:
-Դա մեզ չի «քորում», մենք խախտման մասին արձանագրությունը տեղադրել ենք azdarar.am կայքում: Բարի լինեիր՝ ծանուցվեիր:

Այստեղ արդեն էլ չդիմացա:
-Լսեք,- ասում եմ,- իսկ որ ես ամսվա մեջ 10-20 հոդված եմ գրում ձեր մասին, ձեր թերություններն ու խախտումներն արձանագրում, ինչո՞ւ չեք բարեհաճում ծանուցվել: Ու դեռ այդքանից հետո էլ պարեկն իմ ավտոն կանգնեցնում է, թե հոպար, ղեկի մոտ ծխում էիր, պետք է տուգանեմ: Տո լավ եմ անում, ծխում եմ, հոպարը միշտ ծխել ա ու պտի ծխի: Որ աշխատավարձիդ մեկ քառորդը մլիցեքը գրպանիցդ «նեզաշտո» տանեն, չես ծխի՞: