Գագիկ Համբարձումյանը՝ «Հայրենիք» կուսակցությանը անդամակցելու լուրերի մասին

Գագիկ Համբարձումյանը՝ «Հայրենիք» կուսակցությանը անդամակցելու լուրերի մասին

Նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանին հարցրինք՝ ճի՞շտ են այն լուրերը, որ պատրաստվում է անդամակցել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հիմնադրած «Հայրենիք» կուսակցությանը․

«Դա դեռ հստակ չէ, բայց որ անարդարության դեմ պետք է ակտիվ գործողություններ անել՝ անկախ դրա ֆորմատից, դա արդեն ակնհայտ է։ Ես կոմունիստական կուսակցության անդամ եմ եղել, իմիջիայլոց՝ չեմ էլ դադարեցրել, երբ բոլորը իրենց տոմսերը տալիս էին, ես չեմ ել տվել, մինչև հիմա պահել եմ։ Դրանից հետո ոչ մի կուսակցության չեմ անդամագրվել։ Ինձ համար ցանկացած կուսակցություն, եթե դավանում է ազգային արժեքները, ես տարբերություն չեմ դնում։ Բոլորի կանոնադրություններն ու ծրագրերը որ նայում ես, գեղեցիկ, հոյակապ բաներ են, այստեղ կարևորը ոչ թե այն է, թե ինչ է գրված փաստաթղթի վրա, այլ այն, թե ինչպես են վարվում։ 1936 թվականին, երբ ռեպրեսիաների ծանր ժամանակաշրջանն էր,  այդ տարիներին ԽՍՀՄ սահմանադրությունը, որն ընդունվեց, աշխարհի ամենադեմոկրատական և հումանիստական փաստաթուղթն էր։ Այդ փաստաթուղթը որևէ ձևով  արգելք չեղավ, որ միլիոնավոր մարդկանց պարզապես ուտեն։ Հետևաբար կարևորը ոչ թե այն է, թե փաստաթղթի վրա ինչ են գրում, այլ այն, թե դա ինչպես է կենսագործվում, մարդիկ իրենց ինչպես են դրսևորում։ Նույն կերպ էլ կուսակցության փաստաթղթերը․ կանոնադրությունն ու ծրագիրը կարևոր է, միշտ համարել ու համարում եմ, որ այն ուժը, որը ազգային արժեքներ է դավանում և ամենակարևոր դիրքում դնում է հայ մարդու, հայ երկրի,  հայ պետության վիճակը, ճակատագիրն ու զարգացումը։ Հետևաբար՝ դա կլինի «Հայրենիք» կուսակցությունը, թե մեկ այլ կուսակցություն, դա որևէ էական դեր չի խաղում, իմ մոտեցումը սա է»,- պատասխանեց Համբարձումյանը։

Հարցրինք՝ քաղաքականություն մտնելու որոշումը, սակայն, հստա՞կ է․
«Ես քաղաքական գործիչ չեմ, հանրային կյանքով երբեք չեմ զբաղվել, բայց տեղի ունեցող այս անարդարությունների, այս վակխանալիայի վերաբերյալ էլ լռել չեմ պատրաստվում»,- պատասխանեց Համբարձումյանը։