Ուկրաինայում 29 հայ է զոհվել, 6 զինվորական, 23 խաղաղ բնակիչ

Ուկրաինայում 29 հայ է զոհվել, 6 զինվորական, 23 խաղաղ բնակիչ

2022 թվականի փետրվարի 24-ին Ռուսաստանի զինված ուժերը ներխուժեցին Ուկրաինայի տարածք։ Սկսվեց երկարատեւ հակամարտություն, որը 2-րդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո համարվում է ամենամեծ ռազմական հակամարտությունը Եվրոպայում։ Ուկրաինան լքել է մոտ 2.9 միլիոն մարդ,  պատերազմի հետևանքով Եվրոպայում ստեղծվել է փախստականների ամենամեծ ճգնաժամը։ Ռուսաստանը պատերազմին հաջորդող օրերին հայտարարել է  Ուկրաինայում օկուպացված Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդավարական հանրապետությունների անկախության ճանաչումը։ Ուկրաինայում դեռ  շարունակվում է պատերազմը։

Hraparak. am-ը զրուցել է Ուկրաինայում հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանի հետ և հետաքրքրվել մեր հայրենակիցների ճակատագրով, նաեւ թե ինչ վիճակում է հայ համայնքը պատերազմի այս փուլում։

- Ուկրաինայում պատերազմական իրավիճակն այս պահին բավականին ծանր է։ Ուժեղ բախումներ են տեղի ունենում Ուկրաինայի Արևելքում և Հարավում։ Հակառակորդը երեք անգամ ավելի մեծ ուժեր ունի, քան ուկրաինական կողմը։ Բայց փորձում ենք դիմադրել այդ ամեն ինչին։ Պատերազմական իրավիճակին ուղեկցում է նաև վառելիքի ճգնաժամը, որը շատ մեծ հարված է հասցրել պետությանը, նրա էկոնոմիկային։ Բենզինի և դիզելի պակասության պատճառով տուժել են և տուժում են համարյա բոլոր ոլորտները։

- Իսկ կա՞ սննդի, դեղորայքի խնդիր։

- Դեղորայքի և սննդի ճգնաժամ չկա։ Միակ խնդիրն այն է, որ այդ ամեն ինչը ուշ է հասնում մայրաքաղաք։ Խնդիրն առաջացել է հենց վառելիքի պակասի հետևանքով։

- Մեր հայրենակիցները դիմո՞ւմ են ձեզ՝ Ուկրաինայից դուրս գալու կամ հետ վերադառնալու խնդրանքով։ Ինչպե՞ս է լուծվում հետ վերադարձողների կացության հարցը։

-Հայերի քանակը բավականին նվազել է՝ ովքեր դուրս են գալիս պետությունից։ Մենք 24 ժամ կապի մեջ ենք Ուկրաինայում մեր դեսպանատան հետ։ Հարյուր հազարավոր հայեր են դուրս  եկել պատերազմի սկզբին։ Պետք է հասկանալ, որ հարյուր հազարավոր մարդիկ, ովքեր դուրս են մնացել, անտուն են, հիմա  ոչ ոք չի կարող լուծել իրենց տան հարցը։ Օգնում ենք միայն ժամանակավոր կացարաններով և  հումանիտար օգնություն ենք բաժանում։

- Ի՞նչ է անում հայ համայնքը պատերազմական այս փուլում։

- Պատերազմի առաջին օրից սկսած հայ համայնքն իր առաքելությունն է իրականացնում՝ օգնելով կարիքավորներին, տեղահանված, ժամանակավոր փախստականներին, ովքեր չեն լքել Ուկրաինան՝ և գնացել դեպի Եվրոպա, դեպի Հայաստան։ Ստանում ենք հումանիտար օգնություններ և դրանք հասցնում իրենց հասցեատերերին՝ մեծ ընտանիքներին, չունևորներին, ծերերին։ Կիևում, մենք պատրաստվում ենք հնարավոր պատերազմի երկրորդ փուլին։ Եթե, իհարկե, Աստված չանի դա տեղի ունենա՝ ունենք արդեն կետեր, որտեղ շարունակելու ենք ընդունել փախստականներին և հումանիտար օգնություն ցույց տալ։

-Հայերի շրջանում հաստատված մահերն ու վիրավորները քանիսն են։

- Մահացածները 29- ն են՝ 6-ը զինվորական, 23-ը՝ խաղաղ բնակիչներ։ Վիրավորների շրջանում ստույգ թվեր դեռ չունենք։