«Թեղուտի» գործարքը ի չիք է դառնում. ՎՏԲ բանկը նոր պայման է դրել ռուսական ընկերության առաջ 

«Թեղուտի» գործարքը ի չիք է դառնում. ՎՏԲ բանկը նոր պայման է դրել ռուսական ընկերության առաջ 

«Թեղուտ» ձեռնարկության վերաբերյալ այս օրերին հակասական տեղեկություններ են շրջանառվում: «ՎՏԲ-Հայաստան» բանկին մոտ կանգնած «Հրապարակի» աղբյուրը հաղորդում է, որ բանկը հրաժարվել է «Թեղուտ» պղնձամոլիբդենային կոմբինատը ռուսական ՌՄԿ ընկերության կառավարմանը և ռուսաստանահայ գործարար Նորիկ Պետրոսյանի տնօրինմանը հանձնելու գաղափարից: Այդ գաղափարը ծնվել էր ամռանը, երբ ռուսական ՌՄԿ ընկերությունը (Русская медная компания) կապեր հաստատելով կառավարությունում, հասավ նրան, որ ՎՏԲ բանկը, չցանկանալով հարաբերություններ փչացնել մեր կառավարության հետ, իրավունք տվեց ՌՄԿ ընկերությանը աշխատացնել Թեղուտի կոմբինատը: Ինչպես հայտնի է, «Վալլեքս գրուպ» ընկերության կուտակած 380 մլն դոլարի պարտքի դիմաց «Թեղուտ» կոմբինատն անցյալ տարի անցել էր ՎՏԲ-ին:

 Իրավական փաստաթուղթ, կամ պայմանագիր ՎՏԲ-ի և ՌՄԿ-ի միջև առայժմ չկա: Խոսքը զուտ բանավոր համաձայնությունների մասին էր, որոնք, կարծես թե խզվում են: Այսօր տեղեկություն ստացանք, որ ՌՄԿ ներկայացուցիչ, «Նեֆտեգազստրոյ» ընկերության համասեփականատեր Նորիկ Պետրոսյանը ևս հրաժարվել է գործարքից: Անցյալ շաբաթ պատասխանելով հարցին, թե հնարա վոր է, որ ինքը հրաժարվի «Թեղուտից», նա վստահեցնում էր, որ նման բան չի լինի, որ բանկի հետ համաձայնություն կա «Թեղուտը» վերագործարկելու հնարավորությունից: Ի՞նչ կատարվեց անցած մի քանի օորում: Ճի՞շտ է, որ համաձայնությունը խզվել է: 

«Սուտ խոսակցություններ են: Պարզապես, պայմանների մեջ փոփոխություն է կատարվել: Ընդամենը կարող է գործարքի ինչ որ մաս փոխվի, ավելանա ֆինանսական խորհրդատուի պաշտոն», - ասաց Նորիկ Պետրոսյանը: Այսինքն, բանկը պահանջ է դրել մասնակցելու «Թեղուտի» կառավարմանը, իր մարդն ունենալո՞ւ:  Գործարարը չպատասխանեց մեր հարցին, այլ ասաց, որ այս պահին բանակցում է և եթե նորություն ունենա, անպայման կհայտնի: Իսկ «Թեղուտի» կոլեկտիվը, որը անցյալ տարվա հունվարից պարապուրդում է, սպասում է, հավատալով կառավարության խոստումներին, որ գործարանը շուտով աշխատելու է: