Դատարանները չեն շտապում շտկել նախկին համակարգից տուժածների իրավունքները

Դատարանները չեն շտապում շտկել նախկին համակարգից տուժածների իրավունքները

Պետական հաստատություններում տարիներ ի վեր տգեղ ավանդույթ է արմատավորված եղել՝ ղեկավարներն աշխատողներից ազատման դիմումներ էին վերցնում, որպեսզի առանց օրենքի հետ խնդիր ունենալու, կարողանան ամեն պահի ազատվել անցանկալիներից: Գրեթե աներեւույթ այս մեխանիզմը գործել է անխափան, բայց երբեմն հիմնարկների ղեկավարները կիքսեր են թույլ տվել: Այդպես եղավ 2014 թվականին Երեւանի Կենտրոն վարչական շրջանի եկամուտների հավաքագրման եւ հաշվառման բաժնի նախկին առաջին կարգի մասնագետ Նաիրա Լմնցյանի հետ: Կենտրոնի թաղապետն այդ ժամանակ Արա Սադոյանն էր՝ Գագիկ Բեգլարյանի մտերիմը: Մի անգամ, երբ Նաիրան հիվանդ է եղել եւ անաշխատունակության թերթիկ ունենալով, մնացել է տանը, նրան հեռացրել են աշխատանքից: Կադրերի բաժնից Նաիրային են տվել 2 տարի առաջ գրված ազատման դիմումը՝ հորդորելով փոխել ամսաթիվը, բայց Նաիրան այն չի փոխել եւ որպես անառարկելի ապացույց՝ այնուհետ այն օգտագործել է դատարանում: Նա 2014 թվականից դատարաններում է: Պայքարում է աշխատանքի վերականգնման համար եւ արդեն դատական «դժոխքի» երկրորդ շրջապտույտն է անում:

Առաջին ատյանում նա հաղթել է, երկրորդում՝ պարտվել, վճռաբեկը նրա բողոքը քննության չի առել, գործը գնացել է կրկին առաջին ատյան: Այժմ նորից վերաքննիչ դատարանում է: 

Նաիրան հիշում է, որ աշխատանքից հեռացման նախորդ օրը գերակատարել է գույքահարկի ու հողի հարկի հավաքման պլանը՝ 250 հազար դրամ գույքահարկ ու հողի հարկ է կարողացել հավաքել ու մուտք անել, եւ որպես շնորհակալություն՝ նրան եւ բաժնի եւս 7 աշխատակցի հեռացրել են աշխատանքից: «Այդ ժամանակ Սադոյանից գոհ չէին, նա հավաքագրումների պլանը չէր կատարում, եւ որպես թույլ օղակ՝ մեր բաժինը հեռացրեցին,- պատմում է Նաիրա Լմնցյանը, - Տարին մեկ աշխատողներից պահանջում էին, որ ազատման դիմումներ գրեն՝ առանց ամսաթիվ նշելու, եւ դրանք պահում էին ձեռքի տակ: Ես էլ մյուսների նման գրել էի: Հրաժարվելու դեպքում սպառնում էին մի քանի նկատողություն կազմակերպել եւ այդպես հեռացնել աշխատանքից: Մեր դիմումները դարակներից հանեցին ու մեզ դրանց հիման վրա ազատեցին գործից»: 

Ազատվածներից ոչ մեկը դատարան չդիմեց; Միակ բողոքողը Նաիրան եղավ: Նա բարակ ձայնով, վտիտ աղջիկ է, որն իր նկատմամբ ապօրինության անառարկելի ապացույցը՝ աշխատանքից ազատման դիմումը, որի վրա բացակայում են տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, կնիքը եւ մակագրությունը, ցույց է տալիս բոլոր ատյաններում: Նա վկա էլ ունի: Եկամուտների բաժնի նախկին աշխատակիցներից 1-ին կարգի մասնագետ Մարտիրոս Սաղաթելյանը եկել է դատարան եւ հայտնել, որ, իրոք՝ 2012թ. օգոստոս ամսին եւ 2014թ. հունվար ամսին նույն բաժնի աշխատակիցներից պահանջել են աշխատանքից ազատման դիմումներ գրել՝ առանց տարեթիվը, ամիս-ամսաթիվը նշելու: Միեւնույն ժամանակ հայտնել է, որ բաժնի բոլոր աշխատակիցներն այդ դիմումները գրել են: «Դատարանները չանդրադարձան այդ հանգամանքին, հաշվի չառան այն, մերժո՞ւմ են ինձ»,- ասում է Նաիրան:

Նա համոզված է, որ դատարաններն ինչ-որ հրահանգներ են կատարել: «Երկրորդ անգամ ես պարտվեցի առաջին ատյանի դատարանում այն պատճառաբանությամբ, որ պետք է դիմեի վարչական դատարան, որ աշխատանքի վերականգնման հայցը պետք է վարչական դատարանը լսի»: Հետաքրքիր է, որ դատավորը դատական նիստի ժամանակ նույնիսկ բարկացել է թաղապետարանի ներկայացուցչի վրա, ասելով՝ ինչպե՞ս կարող է աշխատանքից ազատելու վերաբերյալ գործն ընդդատյա լինել վարչական դատարանին: Նա պնդել է, որ գործը ենթակա է քննության ընդհանուր իրավասության դատարանում, սակայն վերջնական որոշման մեջ գրել է, որ գործն իրականում վարչական է, ոչ թե քաղաքացիական: Այսօր Նաիրա Լմնցյանը գնալու է դատական նիստի իր գործով: Այս 4 տարիների ընթացքում նա չի աշխատել: