Համապատասխան գրություններ կուղարկվեն Ոստիկանություն և Դատախազություն. ՄԻՊ-ը՝ «Ժողովուրդ»-ի խմբագրություն ներխուժման դեպքի մասին

Համապատասխան գրություններ կուղարկվեն Ոստիկանություն և Դատախազություն. ՄԻՊ-ը՝ «Ժողովուրդ»-ի խմբագրություն ներխուժման դեպքի մասին

Ես մշտապես նշել եմ, որ լրագրողի մասնագիտական աշխատանքը պետք է լինի երաշխավորված, Facebook-ի իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն՝ անդրադառնալով «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ներխուժման դեպքին։

«Այսօր վաղ առավոտյան «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանն ինձ տեղեկացրել է, որ անհայտ անձինք ներխուժել են խմբագրություն ու տակնուվրա արել։


Ես անմիջապես արագ արձագանքման խումբ եմ ուղարկել խմբագրություն։ Իրավապահ մարմիններն անհապաղ պետք է միջոցներ ձեռնարկեն կատարվածը բացահայտելու համար, հատկապես՝ պետք է քննության առարկա դարձնել, թե արդյոք կատարվածը կապ ունի լրագրողական մասնագիտական գործունեության հետ։ Սա պետք է լինի քննության գլխավոր հարցերից մեկը։

Այցի և կատարված ուսումնասիրության արդյունքներով իմ ստորագրությամբ համապատասխան գրություններ կուղարկվեն Ոստիկանություն և Դատախազություն։

Ես մշտապես նշել եմ, որ լրագրողի մասնագիտական աշխատանքը պետք է լինի երաշխավորված, և ԶԼՄ-ների անխոչընդոտ աշխատանքի հարցերը գտնվում են իմ անմիջական ուշադրության ներքո։ Արդյունավետ ու սպառիչ քննությունն այս խնդրի լուծման կարևոր երաշխիքներից է», - նշել է ՄԻՊ-ը։