Այնպես պատժել Բախշիյանին, որ այլեւս որեւէ մեկը չհամարձակվի հետեւել նրա օրինակին

Այնպես պատժել Բախշիյանին, որ այլեւս որեւէ մեկը չհամարձակվի հետեւել նրա օրինակին

Նախօրեին, մինչեւ ուշ գիշեր, Բարձրագույն դատական խորհուրդը քննում էր դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ դատախազության եւ ԱԱԾ-ի կողմից ներկայացված միջնորդությունը՝ նրան անձեռնմխելիությունից զրկելու, քրեական հետապնդում իրականացնելու մասին։ ԲԴԽ-ն, ի վերջո, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին զրկել է անձեռնմխելիությունից։ Այսինքն, դատարանը հիմա կարող է քննել այդ միջնորդությունը եւ որոշել՝ կալանավորել կամ չկալանավորել Բախշիյանին։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ դատավոր Բախշիյանի նկատմամբ իրավապահները հետաքրքրություն են ունեցել որոշ ժամանակ առաջ, երբ նա կալանավորման որոշում է կայացրել Նիկոլ Փաշինյանի աջակիցներից մեկի նկատմամբ։ Իրավապահներն առավել սեւեռվել են նրա ուղղությամբ, երբ Բախշիյանն Աշոտ (Երկաթ) Մինասյանի կալանավորումը փոխել է գրավով եւ չհեռանալու մասին ստորագրությամբ։

Այս պարագայում քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով՝ անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետեւանք։ Մեր տեղեկություններով, նա կալանավորման սանկցիա է կիրառել անձի բացակայության պայմաններում, որը բոյկոտել է նիստը՝ չի ներկայացել։ Այս որոշումը, սակայն, որքան էլ տարօրինակ է, դատախազությունը չի բողոքարկել, այլ միանգամից դատավորի դեմ գործ է հարուցել։ Երեկ մենք փորձեցինք կապ հաստատել դատավորի հետ, ով ասաց, որ զբաղված է, չի կարող խոսել։ Մենք խնդրեցինք ընդամենը վերաբերմունք հայտնել ընթացող պրոցեսների մասին։ «Շատ բացասական եմ վերաբերվում»,- պատասխանեց նա։

Զրուցեցինք նաեւ Բախշիյանի փաստաբանի հետ, ով տեղեկացրեց, որ Բախշիյանի նկատմամբ պրոցեսներ են սկսվել իբր ակնհայտ ապօրինի կալանավորման որոշում կայացնելու համար․ «Դատավորն իր լիազորություններից է օգտվել, նա իրավասու է եղել փոխել ամբաստանյալի խափանման միջոցի կարգը։ Ամբաստանյալը, որը մեղադրվում է ծանր հանցագործություն կատարելու մեջ, չի ներկայացել դատական նիստին, դատարանը փոխել է խափանման միջոցը եւ կալանավորել։ Ի դեպ, դատարանի այդ որոշումը չի էլ բողոքարկվել դատախազության կողմից, բայց ամիսներ անց մեկ էլ հանկարծակի դատախազությունը գտնում է, որ ապօրինի կալանավորում է եղել, եւ մտնում է ԲԴԽ։ Վերջինս, փոխանակ ապահովեր դատավորի անկախությունը, որ չի կարելի միջամտել դատավորի գործունեությանը, դրեց եւ բավարարեց դատախազության ապօրինի միջնորդությունը։ Արդարադատությունը վտանգվեց։ Սա գնահատում եմ շատ ծանր հետեւանքով հղի ապօրինություն»։ Փաստաբանը նաեւ հայտնեց, որ նախկին ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրված եղել չհեռանալու մասին ստորագրությունը, ինչն էլ խախտվել է ամբաստանյալի կողմից։

Հարցին, թե խոսքը Փաշինյանի աջակցին կալանավորելու մասի՞ն է, փաստաբանն ասաց, որ դրա վերաբերյալ տեղեկություն չունի։ Մեր տեղեկություններով՝ ամբաստանյալին կալանավորելու որոշում կայացնելուց 2 շաբաթ անց Բախշիյանը փոխել է խափանման միջոցը` նրան ազատ արձակելով։ Բանն այն է, որ ամբաստանյալը հաղորդում է ներկայացրել իր փաստաբանի դեմ՝ նշելով, որ փաստաբանն ինքն է իրեն մոլորության մեջ գցել, որ կարող է նիստին չներկայանալ։ Հաշվի առնելով այդ հանգամանքը, որ ոչ թե ամբաստանյալն է իրեն անբարեխիղճ պահել, այլ չներկայանալը փաստաբանի հետ քննարկման թյուրըմբռնման հետեւանք է, դատարանը 2 շաբաթից կրկին փոխել է ամբաստանյալի խափանման միջոցը՝ փոխարինելով գրավով։ Մեծ հաշվով, սարսափելի բան տեղի չի ունեցել։ Եվ եթե անգամ դատավորը սխալ է թույլ տվել, ապա դա ամենաշատը կարող է կարգապահական տույժի առիթ հանդիսանալ, այլ ոչ թե քրեական գործի եւ կալանավորման։

Ավելի վաղ Դատավորների միությունը հայտարարություն էր տարածել՝ մտահոգություն հայտնելով, որ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ դատախազության եւ ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից քրեական հետապնդում իրականացնելու եւ անձեռնմխելիությունից (այդ թվում՝ անձնական ազատությունից) զրկելով զուգորդված քրեական հետապնդում իրականացնելու գործընթաց է սկսվել, որը կապված է դատավորի գործունեության հետ։ Հիշեցնենք, որ դատավոր Բորիս Բախշիյանի վարույթում են  նաեւ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի եւ Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործերը, եւ նա վերջիններիս խափանման միջոց կալանքը նույնպես փոխարինել է այլ միջոցով, ինչը, փաստորեն, իշխանությունների զայրույթն է հարուցել, եւ որոշել են դատավորին այնպես պատժել, որ այլեւս ոչ մի դատավոր չհամարձակվի հետեւել նրա օրինակին։