Չճնշվող տղերքին ճնշեցին.  Գարեգին Խումարյանը՝ հանրային ռադիոյի տնօրեն

Չճնշվող տղերքին ճնշեցին.  Գարեգին Խումարյանը՝ հանրային ռադիոյի տնօրեն

Հանրային հեռուստատեսության և ռադիոյի խորհրդի կազմած մրցութային հանձնաժողովը վերջապես հայտնեց հանրային ռադիոյի նոր տնօրենի անունը՝ «Լրատվական ռադիոյի» հիմնադիր և տնօրեն Գարեգին Խումարյան։ Այս լուրը առաջինը հայտնել է հանրային ռադիոն, որը հեռարձակվում է 107,7 գերկարճալիք հաճախականությամբ։ 

Խորհուրդը նաեւ ընդունել է հայտարարություն։

Այնտեղ ասված է.

«Այսօր՝ 2019 թվականի ապրիլի 3-ին, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կողմից ձևավորված «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր հանձնաժողովը ամփոփեց «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲ ընկերության տնօրենի թափուր տեղի համալրման համար հայտարարված մրցույթի արդյունքները:

Հանձնաժողովն ուսումնասիրելով մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած 30 թեկնածուների հայեցակարգերը, առանձնացրել և հարցազրույցի էր հրավիրել 29 մասնակցի:

Հարցազրույցներից հետո հանձնաժողովի անդամները փակ քվեարկությամբ ընտրեցին «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲ ընկերության տնօրենին:

Հանձնաժողովը ղեկավարվելով Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2010 թ.‑ի սեպտեմբերի 6-ի № 50-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն», «Հայաստանի հանրային ռադիոընկերություն», «Շիրակի հանրային հեռուստառադիո» և «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր տնօրենների թափուր տեղերի մրցույթի անցկացման կարգի 2.14 կետի պահանջներով, որոշում է կայացրել մրցույթում հաղթող ճանաչել քվեարկության արդյունքում առավելագույն ձայներ հավաքած Գարեգին Կորյունի Խումարյանին»:

Գարեգին Խումարյանը քաղաքական հաղորդումներ էր վարում սեփական ռադիոյում։ Նա հաճախակի արտասահմանյան գրանտներ էր ստանում, որոնց հաշվին կարողանում էր առաջ տանել իր «ռադիո առանց գովազդի» գաղափարը։ Գովազդի փոխարեն Գարեգին Խումարյանը առաջարկում էր պահել ռադիոն բաժանորդագրության հաշվին, ինչն էլ իրագործել է իր ռադիոկայանում։ 

 Նրա եթերում առավել հաճախ հյուրընկալում է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանը, ինչը կարող է նրա քաղաքական կողմնորոշման վկայությունը լինել։ Ռադիոյի աշխատակիցները դժգոհ են այս արդյունքով։ Նրանցից շատերը կարծում են, որ մասնավոր, վճարովի ռադիոյի տնօրենի նշանակումը հանրային ռադիոյի ղեկավարի պաշտոնում հաջող գաղափար չէ, մանավանդ, որ մրցույթի մասնակիցների թվում շատ էին թեկնածուները, որոնք աշխատում կամ աշխատել են հանրայինում։

Արդեն հայտնել ենք, որ ճանաչված ռադիոլրագրող Կորյուն Խումարյանի որդին՝ Գարիկ Խումարյանը, պարտվել էր ռադիոյի տնօրենի մրցույթի ժամանակ, սակայն ապրիլի 2-ի առավոտյան, ըստ խորհրդին մոտ կանգնած մեր աղբյուրների, ռադիոտուն է հանրային հեռուստատեսության և ռադիոյի խորհրդի նախօրեին ընտրված նախագահ, ռեժիսոր Արա Շիրինյանը և պարտադրել է հանձնաժողովականներին հաղթող ճանաչել Կորյուն Խուամրյանի որդուն։ Արա Շիրինյանը նաև հրահանգել է առավել շատ ձայներ ստացած թեկնածու Ստեփան Զաքարյանին ինքնաբացարկ հայտնել, հրաժարվել մրցույթի մասնակցությունից։ Արա Շիրինյանն այս լուրերը մինչ այս պահը չի հերքել։ Մեր հարցեին նա չի պատասխանել։  Հանձնաժողովի անդամներ Լևոն Գալստյանն ու Մերուժան Տեր-Գուլանյանը մրցույթի արդյունքը հայտարարելուց մոտ մեկ ժամ առաջ հայտնել էին, որ իրենք ճնշվող տղերք չեն։ Փաստորեն, չճնշվողներին ճնշեցին։