«Ֆեյքեր» որսալը Հայաստանի ժողովրդավարության վրա կարող է թանկ նստել

«Ֆեյքեր» որսալը Հայաստանի ժողովրդավարության վրա կարող է թանկ նստել

«Ֆեյքերի» միջոցով հանրային կարծիք ձեւավորողներին Փաշինյանը սպառնալիքներ էր տալիս դեռ անցյալ տարվա նոյեմբերից. «Ձեր 1000 լրատվամիջոցներին ու ֆեյքերին մենք 1 ճշմարտությամբ կջախջախենք: Եվ առաջիկայում կտեսնեք՝ ոնց կջախջախենք ձեր բոլոր ֆեյքերին»: «Առաջիկան» եկել է: Կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետն ավտոգազալցակայաններում թանկացումների թեմայի շրջանակում խոսեց մանիպուլյատիվ տեղեկություններ տարածողների մասին, ապա սպառնաց. «Եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսելու մանիպուլյացիաներ անելու համար, դա ազգային անվտանգության խնդիր է։ Հույս ունեմ, որ այս հարցում կկարողանանք կոնկրետ արդյունքներ ապահովել»:

Չնայած գազի շուկայում անհասկանալի գնային տատանումների մասին Փաշինյանին կարող է պատմել ցանկացած տաքսիստ, որը գլուխ էլ չի հանում համացանցից: Գործադիրի նիստի հաջորդ օրը ձերբակալվեց «Դուխով Հայաստան-բաց հասարակություն» ֆեյսբուքյան էջի հեղինակը, եւ ամենամեծ լավատեսությունն անգամ չի օգնում ազատվելու մտքից, որ սա «կոնկրետ արդյունքներից» մեկն է, եւ որ վարչապետի խոսքն ու Վանեցյանի գործն իրար բռնում են: «Հարուցվել է քրեական գործ՝ ռասայական, կրոնական եւ ազգային ատելություն սերմանելու հատկանիշներով, մնացած մանրամասներն ԱԱԾ մամուլի կենտրոնը կտրամադրի»,- ասաց նա: «Այսօր երեկոյան լրանում է ձերբակալության ժամկետը, մինչ այդ ոչինչ ավելացնել չենք կարող»,- հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից՝ չկատարելով ԱԱԾ տնօրենի՝ մանրամասն տեղեկություններ տրամադրելու պատրաստակամության մասին խոստումը: Ձերբակալվածի անունը գաղտնի է պահվում: 

ՀՀ կառավարությունն էլ մարդկության մի մասն է

Հավանաբար, ԱԱԾ-ում հասկանում են, որ տվյալ «ֆեյքի» արարքն այնքան էլ չի համապատասխանում Քրեական օրենսգրքում նկարագրվածին: «Ո՞ր հոդվածով է առաջադրվել մեղադրանքը» հարցին ԱԱԾ մամուլի կենտրոնի տնօրեն Սամսոն Գալստյանը պատասխանում է. «Որեւէ տեղեկության չեմ տիրապետում»: Ռասայական, կրոնական եւ ազգային ատելություն սերմանելու հատկանիշների մասին ասվում է ՀՀ քրեական օրենսգրքի 397-րդ հոդվածով: Դրա լիարժեք անվանումն է. «Ցեղասպանության եւ խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված մյուս հանցագործությունները հերքելը, մեղմացնելը, դրանց հավանություն տալը կամ արդարացնելը»:

«Համակարգչային համակարգի միջոցով հանրությանը նյութեր տարածելու կամ որեւէ այլ ձեւով մատչելի դարձնելու միջոցով ցեղասպանությունը եւ խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված սույն գլխի մյուս հոդվածներով նախատեսված հանցագործությունները հերքելը, մեղմացնելը, հավանություն տալը կամ արդարացնելը, եթե դա կատարվել է ռասայական պատկանելության, մաշկի գույնի, ազգային կամ էթնիկական ծագման կամ կրոնական պատկանելության հիման վրա` անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով»,- ասում է օրենսգիրքը: Պետք չէ իրավաբան լինել՝ հասկանալու համար, որ կառավարության հասցեին վիրավորական արտահայտությունններ, ծայրահեղ գնահատականներ տարածող «ֆեյքը» կապ չունի ցեղասպանության, խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված մյուս հանցագործությունների արդարացման կամ հերքման հետ: Մեր տեղեկություններով, նա ամենեւին ապահով խավից չէ: Նրա պաշտպանությունը հանրային պաշտպան է ստանձնել: 

Ապատեղեկատվություն տարածելու համար պատասխանատվություն չկա

Հայաստանի քրեական օրենսդրության շրջանակում հնարավո՞ր է պայքարել «ֆեյքերի» դեմ: Փաստաբան, «Elawphant» փաստաբանական ընկերության ղեկավար գործընկեր Գեւորգ Հակոբյանը, ով ուսումնասիրել է «ֆեյքերի» թեման եւ մի քանի տարի առաջ նույնիսկ դասախոսություն կարդացել «Ինչպե՞ս համացանցում պայքարել ֆեյքերի դեմ» թեմայով, «Հրապարակի» հետ զրույցում հիշեցրեց, որ «ֆեյքն» իրավախախտում չէ, հանցագործություն չէ, եւ որ պսեւդոանոնիմ ձեւով ինֆորմացիա տարածելը եւս խոսքի ազատության դրսեւորում է։ Խնդիրը, ըստ փաստաբանի, առաջանում է այն ժամանակ, երբ «ֆեյքն» իր գործողություններով կատարում է հանցագործություն, օրինակ՝ սահմանադրական կարգը տապալելու կոչեր է անում կամ սպառնալիքներ հնչեցնում, քարոզում է ատելություն, որոնց համար կան քրեական հետապնդման հիմքեր, կամ եթե զրպարտություն է կատարում, վիրավորանք հնչեցնում, ապա դրանց համար կա քաղաքացիաիրավական պաշտպանություն։

«Բոլոր դեպքերում, դա պետք է ավարտվի կոնկրետ ընթացակարգով աշխատող կոնկրետ կառույցի՝ դատարանի վարույթում,- ասում է փաստաբանը,- սակայն զուտ ապատեղեկատվություն տարածելու համար (եթե դա չունի նշված արարքի հատկանիշները) պատասխանատվություն չկա»։ Վերջերս վարչապետի՝ ԱԱԾ տնօրենին ուղղված «ֆեյքերի» դեմ պայքար մղելու հանձնարարականի կապակցությամբ փաստաբանը, հիշատակելով ԱԱԾ տնօրենի հայտարարությունը, մեկնաբանեց՝ ԱԱԾ-ն խոստացել է ամեն ինչ օրենքի շրջանակներում անել, սակայն կան ռիսկեր եւ վտանգներ։

«Պետական մարմինը, որն աշխատում է պետական գաղտնիքի ռեժիմով եւ հանրության առջեւ հաշվետու չէ, վստահություն չի ներշնչում։ Ընդհանուր դատական համակարգի պրակտիկայի ուսումնասիրությունից էլ երեւում է, որ դատական համակարգի գործունեությունը միտված չէ այս կառույցի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելուն. առանց այս համակարգի լուրջ ինստիտուցիոնալ փոփոխությունների՝ այն գործելու է նույնկերպ, ինչ նախկին իշխանության օրոք»։ Փաստաբանը նաեւ մատնանշեց, որ այս նույն հանձնարարականը վարչապետը կարող էր տալ գաղտնի, բայց արեց բացահայտ կերպով։ Այսինքն՝ կարող էր «ֆեյքերին» հրապարակային պատերազմ չհայտարարել եւ անել նույն բանը։ Այս առումով ոչինչ չի փոխվում։ ««Ֆեյքերի» հետ կապված մեր հիմնական խնդիրն այն է, որ մենք խոսքի ազատության պաշտպանության համար չունենք բավարար հստակ երաշխիքներ եւ պաշտպանության գործիքներ, այդ թվում՝ ԶԼՄ-ների վերաբերյալ օրենսդրությունում, իսկ մյուս կողմից՝ ԱԱԾ գործողություններն ինստիտուցիոնալ առումով վերահսկողության եւ հանրային հաշվետվողականության կարիք ունեն։ Այս խնդիրներն առանց լուծելու «ֆեյքեր» որսալը՝ Հայաստանի ժողովրդավարության վրա կարող է թանկ նստել»,- եզրափակեց իրավաբանը: 

Մեր խոսքի ազատության 50 նրբերանգներից մեկը

«Դուխով Հայաստան-բաց հասարակություն» ֆեյսբուքյան էջը, նաեւ խոսքի լիարժեք ազատությունը, որն ունենք ապրիլի 23-ից հետո, մեր հեղափոխության 50 եւ ավելի նրբերանգներից է։ Այս էջին կարծիք են արտահայտում նիկոլատյացները, եւ նրանց ձայնակցում են նոր իշխանության դեմ չարությամբ լցվածները։ Մեկնաբանություններում շատ են հայհոյանքն ու «հակահայհոյանքը», երազ-անեծքները։ «ԱԱԾ-ի պադվալում հացին մամա ես կանչելու» կոչն ուղղված է Նիկոլին, իսկ վարչապետի պաշտպաններից մեկը ոմն «Լիլիթ Էդիկովնա» ստորագրությամբ, Փաշինյանին «թափթփուկ» անվանողին հակադարձում է. «Թափթփուկը քեզ աշխարհ բերող քուրդն ա, հեսա քեզ տուլիկ ա բերելու»։ Ինչո՞վ ազգային ատելության սերմանում չէ, որը Քրեական օրենսգրքով ենթակա է պատժի: Բայց հոդվածն առայժմ հարուցված է ոչ թե իշխանության կողքին կանգնող «Լիլիթ Էդիկովնաների», այլ առավոտից երեկո «դուխովներին» քննադատող «Դուխով Հայաստան-բաց հասարակություն» ֆեյսբուքյան էջի դեմ: