Բանակցությունները ձախողվա՞ծ են

Բանակցությունները ձախողվա՞ծ են

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Փաշինյան-Ալիեւ հավանական հանդիպմանն ընդառաջ հանդես են եկել հայտարարությամբ:

Հղում անելով խաղաղ կարգավորման գործընթացի էության վերաբերյալ որոշ հակասական հրապարակային հայտարարություններին՝ միջնորդներն ընդգծում են, որ խնդրի արդարացի եւ տեւական կարգավորումը պետք է հենված լինի Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա, «մասնավորապես՝ կապված ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ հավասար իրավունքների ու ժողովուրդների ինքնորոշման վրա»:

Փաստաթղթում այնուհետեւ վերաշարադրված են կարգավորման միջնորդական հայեցակարգի տարրերը, որոնք ավելի վաղ՝ 2009-2012 թթ., առնվազն չորս հայտարարություններում հրապարակայնացրել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդները: Միջնորդները վերահաստատել են, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքները ենթակա են Ադրբեջանի իրավասությանը վերադարձնելու, Լեռնային Ղարաբաղը պետք է ստանա միջանկյալ կարգավիճակ, որը կերաշխավորի անվտանգությունը եւ ինքնակառավարումը, ԼՂ-ն եւ Հայաստանը պետք է ունենան կապող միջանցք, ԼՂ վերջնական կարգավիճակը պետք է որոշարկվի իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտությամբ, բոլոր տեղահանված անձինք կունենան իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու իրավունք: Միջնորդները, այսպիսով, նախանշել են Փաշինյան-Ալիեւ ենթադրվող հանդիպման օրակարգը: Եվ դա այն դեպքում, երբ Հայաստանը պնդում է, որ առանց Արցախի մասնակցության որեւէ հանդիպում հնարավոր չէ բանակցություն համարել, իսկ Ադրբեջանը պնդում է, որ տարածքային ամբողջականությունը չի կարող լինել քննարկման առարկա:

Համանախագահների հայտարարությունից առաջին եւ հիմնական տպավորությունն այն է, որ բանակցային գործընթացում ստեղծվել է ճգնաժամային իրավիճակ, եւ միջնորդները լրացուցիչ ջանքեր են գործադրում, որպեսզի Փաշինյան-Ալիեւ հանդիպումը, այնուամենայնիվ, տեղի ունենա: Հայաստանի արտգործնախարարությունն արդեն իսկ արձագանքել  է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը եւ ընդգծել, որ Հայաստանի համար առաջնահերթություն են Արցախի անվտանգությունը եւ կարգավիճակը, իսկ բանակցությունները կարող են արդյունավետ լինել, եթե ապահովվի խաղաղության մթնոլորտի ներդրումը, նվազեն ռիսկերը, ամրապնդվեն միջադեպերի կանխարգելման մեխանիզմները, ինչպես որ դա ամրագրվել է Դուշանբեի, իսկ ավելի վաղ՝ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների շրջանակներում:

Ադրբեջանական կողմն առայժմ պաշտոնապես չի արձագանքել համանախագահների հայտարարությանը: Ուշագրավ է, սակայն, որ Բաքվի մամուլն այդ փաստաթուղթը ներկայացրել է ոչ ամբողջապես: Կրճատվել է, մասնավորապես, ԼՂ կարգավիճակը պարտադիր իրավական կամարտահայտությամբ որոշելու մասին դրույթը:

Կարելի է եզրակացնել, որ միջնորդների կողմից ներկայացված հայեցակարգի՝ ԼՂ ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորության դրույթը պաշտոնական Բաքվի համար անընդունելի է: Այս իրավիճակում Փաշինյան-Ալիեւ հանդիպման հեռանկարը դառնում է չափազանց անորոշ: Մանավանդ որ Ադրբեջանում մարտի 11-ին կմեկնարկեն լայնածավալ եւ հարձակվողական կանխածրագրմամբ զորավարժություններ: