Հիշե՛ք Սարդարապատը․ Արաբոյի Մանվել

Հիշե՛ք Սարդարապատը․ Արաբոյի Մանվել

«Ազատամարտիկների դաշինքը» օրերս տարածել էր հայտարարություն, որ օրինական բոլոր հնարավոր միջոցներով սատարելու են Սամվել Բաբայանին՝ ԼՂՀ նախագահի գալիք ընտրությանը, որպես թեկնածու առաջադրվելուն խանգարող բոլոր խոչընդոտների հաղթահարման գործում։ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը՝ Արաբոյի Մանվելը, կարծում է, որ վաղաժամ է նման հայտարարությունը, քանի որ ԼՂՀ նախագահի ընտրությունները տեղի են ունենալու 2020թ․։

«Մենք չգիտենք, թե վաղը կամ մեկ ամսից ինչպիսի քաղաքական իրավիճակ կարող է լինել, դրա համար շուտ է ասելը, թե ում պետք է պաշտպանել։ Եթե դաշինքը նման հայտարարություն է արել, դա իր խնդիրն է»,- ասաց Արաբոյի Մանվելը։ Ինչ վերաբերում է «Երկրապահ կամավորականների միությանը» եւ նրա՝ առաջիկայում սպասվելիք համագումարին, ապա Մանվել Եղիազարյանը նշեց, որ ԵԿՄ -ն պետք է անի այն, ինչ պահանջվում է ներկա իրավիճակում։ «Մենք ամեն ինչ արժեզրկել ենք, մարդիկ արել են հայրենիքի համար այն ամենն, ինչ կարողացել են։ Նրանք բացարձակ ոչ մի բանի տեր չեն դարձել, բացի իրենց վերքերից, բայց հիմա ուզում են ասել՝ դուք ոչինչ չեք արել։ Իսկ դրանից գիտե՞ք, թե ինչ են զգում ազատամարտիկները։

Դրա համար պետք է հիշել կոնկրետ մարդկանց ծառայությունները, որ այդ մարդիկ արժեւորվեն։ Մարդկանց պետք է հիշել, ուշադրություն դարձնել, որ վաղը, մյուս օրը սրբելով չգան, ինչպես եկան 1915-20թթ․, հասան մինչեւ Սարդարապատ, հոգեւարքի կռիվ տվեցինք։ Մարդիկ պետք է դա հիշելով սատար լինեն մեկը մյուսին։ Պատերազմը չի ավարտվել, չէ՞։ Մենք ուզում ենք, որ այդ մարդիկ գնահատվեն, վաղը, մյուս օրը զենք վերցնողներն էլ իմանան, որ կռվից հետո սովամահ չեն լինելու իրենց հայրենիքում»,- ասաց Արաբոյի Մանվելը՝ հավելելով, որ անպայման մասնակցելու է ԵԿՄ համագումարին եւ ասելու է իր խոսքը։