Կարգալույծ եղած քահանան գիշերային ակումբում «դեբոշի» հեղինակն է

Կարգալույծ եղած քահանան գիշերային ակումբում «դեբոշի» հեղինակն է

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Համբարձում աբեղա Արաբյանը:Տնօրինության համար հիմք է ծառայել Համբարձում աբեղայի` եկեղեցական ծառայությունից հրաժարվելու մասին խնդրագիրը:

Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Սուրեն Արաբյան ավազանի անունով: Դեռեւս 2017 թվականի օգոստոսի 31-ին «Հրապարակ» թերում անդրադարձել էինք այս քահանայի ոչ աշխարհիկ խրախճանքներին, գրել էինք, որ  Սբ Հռիփսիմե վանքի հոգեւոր սպասավորներից մեկի՝ Համբարձում աբեղա Արաբյանի մասնակցությամբ օրերս Ագաթանգեղոս 6/4 հասցեում գտնվող «ԷՄ․ԿԱ» կարաոկե ակումբում տհաճ միջադեպ է տեղի ունեցել։

Աբեղան, որը, ըստ կոլեգաների, նման ակումբներ այցելելու հակում ունի, գինովցել է եւ հաշիվը փակելու շուրջ վիճաբանել ակումբի անվտանգության աշխատակիցների հետ։ Բանը հասել է բռունցքներին, մեր աղբյուրի փոխանցմամբ՝ անվտանգության աշխատակիցները վնասել են աբեղայի քիթը։

Հայր Համբարձումը մեր լրագրողի հետ զրույցում ասել էր, որ չի պատրաստվում բողոքել, քանի որ դեպքը տեղի է ունեցել «մտերիմ մարդու հաստատությունում»․ «Ես այնտեղ եղել եմ ընկերոջս հետ, անախորժություն եղավ աշխատակիցների հետ կապված, բայց հարթվել է, ավելին ասելիք չկա, ես բողոք չեմ ներկայացնելու, քանի որ մտերիմ մարդու հաստատություն է եղել»։ Այս հրապարակման կապակցությամբ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամը մեզ փոխանցել էր հետևյալը.

«Ցանկանում եմ տեղեկացնել «Հրապարակում» տպված նյութի հետքերով, որ Տ. Համբարձում աբեղա Արաբյանի հարցը Ամենայն Հայոց Կաթողիկոսի թելադրությամբ կքննվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կարգապահական հանձնաժողովի կողմից։

Շնորհակալություն»։ Դրանից հետո ոչ մի քայլ չձեռնարկվեց եւ միայն երկու տարի անց է նա կարգալույծ արվում՝ դեռեւս անհայտ պատճառներով։