Հաղթանակիդ առյուծի բաժինը Նիկոլ Փաշինյանին է պատկանում

Հաղթանակիդ առյուծի բաժինը Նիկոլ Փաշինյանին է պատկանում

Ադրբեջանը՝ հանձինս Ալիևի,  հպարտանում է իր հաղթանակով։ Հպարտանում է, որ կարողացել է իր տնից հողից զրկել արցախցուն և ավերել այն, ինչ սուրբ է եղել իր պատմական հողում ապրողի համար։ Գիտի՞ նա, որ Հայաստանում այդ պատերազմի հաղթանակը ոչ թե իրեն, այլ Նիկոլ Փաշինյանին են վերագրում։ Գիտի՞, որ Արցախյան Առաջին պատերազմում հաղթանակած ժողովուրդը չի ընդունում իր պարտությունը։ Ասեղը պարկում չի մնում և ամեն օր է բարձրաձայնվում, որ հայ ժողովուրդը չի պարտվել։ Առավել վստահ եմ, որ այդ մասին գիտի Ալիևը։ Գիտի, թե իր հաղթանակը ինչպես է ձեռք բերել։ Ալիևը չի էլ թաքցնում դրա մասին բազմիցս հայտարարել է, որ  աջակցել է Նիկոլ Փաշինյանին՝ իշխանության գալու համար։ Իսկ թե ինչու էր աջակցում, որ Նիկոլ Փաշինյանը իշխանության գար, մենք դա տեսնում ենք արդեն։  Հայաստանն իր թիկունքին արդեն զգում է Ադրբեջանի ծանր շունչը։ Ադրբեջանը  տեսել է հայ զինվորի բազկի ուժը, նվիրվածությունը, ոգին։ Հենց դա է պատճառը, որ իր երեսուն տարվա վրեժխնդրությունը փորձում է հանել Հայաստանից։ Նիկոլ Փաշինյանի միջոցով։

Ու նա դա հաղթանա՞կ է համարում։  Մի այսպիսի խոսք կա՝ Պատերազմի՛ր այնպես, որ չամաչես տարածդ հաղթանակից։ Հաղթանակիդ առյուծի բաժինը Նիկոլ Փաշինյանին է պատկանում։ Արցախն այլևս չկա և նույն ձեռագրով Հայաստանն է հատվածաբար հանձնվում։ Մեր պատմական Սյունիքում մարտական դիրքեր, տարածքներ են հանձնվել։ Ջերմուկում վայելում ես հանգիստդ։  

Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ Սյունիքում ինքն է զորքին հետքաշման հրաման տվել։ Այսինքն ինքը հետ է քաշում, Ադրբեջանն առաջ է գալիս։ Սա՞ է հաղթանակդ։ Զինաթափված մարդու վրա կրակ ես բացում։ Հայ գյուղացին անպաշտպան է, զինաթափված։ Կարևոր չէ ում կողմից, ինչպես։  Արժանապատիվ ախոյանը անզեն հակառակորդին զենք է տալիս, որպեսզի հավասարը հավասարի պես կռվի ու ինքը չամաչի իր հաղթանակից։ Հանձինս Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանը զրկել է Հայաստանին անգամ  իրեն պաշտպանելու մեխանիզմից։ Երբ երկիրը պատերազմում է, այն պատրաստ է անձնազոհության։ Հայաստանը՝ հանձինս ձեզ հաղթություն պարգևողի, խաղաղության քաղցր մրափի մեջ է։