Ռուսաստանը սպառնու՞մ է

Ռուսաստանը սպառնու՞մ է

Խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները, թվում է, ռուս փորձագետների համար անսպասելի էին: Մամուլի հրապարակումներից տպավորություն է ձեւավորվում, թե Մոսկվայում որոշակի քաղաքագիտական շրջանակներ մինչեւ վերջին պահ այն համոզմանն էին, որ ՀՀԿ-ն այնուամենայնիվ կհաղթահարի հինգ տոկոսի շեմը եւ ԱԺ-ում կունենա ներկայացվածություն: Հավանական է, նման սպասումներ կային նաեւ ՀՅԴ հետ կապված: Այդ հույսերը չեն արդարացել:

Եւ ռուսական փորձագիտական հանրությունը, որքանով կարելի է դատել մամուլի անդրադարձներից, անցել է նախազգուշական՝ սպառնալիքի ակնհայտ տարրեր պարունակող, վերլուծությունների: Դրանք մի բան են վկայում՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած Իմ քայլը դաշինքի տպավորիչ հաղթանակը Մոսկվայում ոչ թե մտահոգություններ է փակում, այլ բացում քաղաքագիտական ամենատարբեր ծրագրավորումների ասպարեզ: Regnum-ի մեկնաբանը, մասնավորապես, Հայաստանի ապագայի մասին այսպիսի դատողությամբ է ամփոփում խորհրդարանական ընտրությունների թեմայով իր «տաք» հրապարակումը. «Չէ՞ որ Հայաստանը, սահմանակցելով արեւմուտքում Թուրքիային եւ հարավում Իրանին, Ռուսաստանից բաժանված լինելով միայն Վրաստանով, շարունակում է մնալ աշխարհաքաղաքական տուրբուլենտության գոտում: Դարերով գտնվելով մրցակից կայսրությունների ռազմավարական կարեւոր խաչմերուկում, նա, որպես կանոն տանուլ է տվել՝ պարբերաբար կորցնելով պետականությունը: Ի՞նչ կլինի այս անգամ»:

https://regnum.ru/news/polit/2534447.html

Խորհրդարանական, թեկուզ եւ՝ արտահերթ, նույնիսկ՝ հեղափոխական ընտրությունների առթիվ արված դիտարկումների համար, ինչպես երեւում է, չափազանց խորքային աշխարհաքաղաքական ենթատեքստ է ներմուծված: Եւ դա հազիվ թե պատահականություն է: Մոսկվայում, երեւում է, այնքան տագնապած կամ շփոթված են Իմ քայլը դաշինքի հաջողությունից, որ ՄԳԻՄՕ-ի պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանը չի զլացել հարցազրույց տալ... haqqin.az-ին եւ ի պատասխան ադրբեջանցի լրագրողի հարցին՝ այնուամենայնիվ, Փաշինյանն արեւմտամե՞տ գործիչ է,- այսպիսի պատասխան տալ. «Այո, նա արեւմտյան հրահանգիչների հետ մեծ կապեր է ունեցել, բայց աշխարհաքաղականորեն նա սահմանափակված է: Հայաստանը մի կողմից Թուրքիային է սահմանակցում, մյուսից՝ Ադրբեջանին: Այդ պատճառով էլ եթե նա նույնիսկ ցանկանա, չի կարող փոխել աշխարհաքաղաքական կողմնորոշումը: Դա վերջնականապես կոչնչացնի այն հիմքը, որին նա հենվում է:Նա Սաակաշվիլի չէ, ի լրումն՝ ժողովուրդը չի պաշտպանի պաշտպանի աշխարհաքաղաքական ուղեգծի փոփոխության նրա ձգտումը»:

https://haqqin.az/news/141298

Պատահակա՞ն է, որ հայամետի համարում ունեցող մեկնաբանի եւ ազգությամբ հայ քաղաքագետի մոտեցումները գրեթե նույն հիմնավորումը եւ ոճական ձեւակերպումներն ունեն: Թվում է՝ այդ տեսակետը ձեւավորված է ինչ-որ կենտրոնի կողմից եւ մատուցվում է փորձագիտական-քաղաքագիտական մակարդակներում: Առայժմ: