Խառը շրջան է, գլխներիս ճարը պիտի տեսնենք

Խառը շրջան է, գլխներիս ճարը պիտի տեսնենք

 

Հին անեկդոտ է, ժամանակին լավ համ ու հոտ ուներ։

Փողոցում տեսնում են մեկը մի ոտքին «կալոշ է հագել», մյուս ոտքին՝ «բասանոշկա» ( թող ասեն՝ բառերի գրական ձևը չգիտեմ, կարևորը կենդանի խոսքն է)։ Զարմացած հարցնում են․

-Այ մարդ, հո չես գժվել, խի՞ ես տարբեր կոշիկներ հագել։

-Խառը եղանակ է,- բացատրում է,- ասացին՝ տեղ- տեղ անձրև է գալու, տեղ- տեղ էլ արև է անելու։ Որտեղ անձրև լինի, «կալոշով կգնամ», որտեղ էլ արև՝ «բասանոշկով»։

Լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․

«Մենք հեղափոխությունը հենց դրա համար էլ արել ենք, որ տեղ-տեղ իշխանական թեկնածուները հաղթեն, տեղ-տեղ պարտվեն»:

Սա համարյա նույն անեկդոտի պատմությունն է։ Տեղ-տեղ, որ իշխանական թեկնածուները հաղթեն, «բասանոշկա ենք հագնելու»՝ պայծա՜ռ, լուսավոր, որ տեղ-տեղ էլ պարտվեն՝ «կալոշ ենք հագնելու»՝ տխու՜ր, մռա՜յլ․․․

Ինչքան ուզում եմ լրջորեն բացատրել, հասկանալ ՛՛տեղ- տեղի իմաստը՛՛, չեմ կարողանում։ Երևի ինձ նման շատերն են ընկել պատմածս հերոսի մոլորության մեջ, որ  անճարությունից «մի ոտին կալոշ է հագնում», «մյուս ոտին՝ բասանոշկա»։ Խառը շրջան է, խառը եղանակ, գլխներիս ճարը պիտի տեսնենք։