Գթասրտության հակառակ կողմը․բարեգործական կազմակերպությունները պատասխանում են

Գթասրտության հակառակ կողմը․բարեգործական կազմակերպությունները պատասխանում են

Լիլիթ Թորոյանն ամառվանից երկու, երեք եւ չորս տարեկան երեխաների հետ թափառում է տարբեր բարեգործական հաստատություններով: Նա բարդ բնավորություն ունի՝ ինչ տեսնում է, բարձրաձայնում է, բողոքում է։ Բողոքավորներին մեզ մոտ չեն սիրում։

Իսկ եթե բողոքավորը նաեւ ծխող է, ցանկացած բարեգործական հիմնադրամ կարող է նրանից ազատվել՝ ասելով, որ կանոնակարգ է խախտել։ Բարեգործական կազմակերպություններում նույնիսկ պատշգամբում ծխել չի կարելի։ Իսկ ի՞նչ մխիթարանք ունի, բացի սիգարետից, երեք երեխաների երիտասարդ ու անտուն մայրը, որն ապրում է սրա-նրա հույսին, ի՞նչ ընկեր ունի նա, բացի սիգարետից։

Ծխելու պատճառով Լիլիթը կոնֆլիկտներ է ունենում իրեն ապաստանած բարեգործականների հետ, իսկ տուժողը նրա երեխաներն են՝ 2, 3 եւ 4 տարեկան։ Այժմ Լիլիթը «Սոս մանկական գյուղեր» կազմակերպության շահառուն է։ Նրա ժամկետն արդեն լրացել է։ Կազմակերպությունն այլոց պահում է, անկախ ժամկետ լրանալ-չլրանալուց, բայց Լիլիթին երեխաների հետ դուրս են անում։ Նրա համար վարձով տուն են գտել՝ ամիսը 80 հազար դրամով, ու շուտափույթ ուղարկում են Բանգլադեշ (Հարավ-արեւմտյան թաղամաս), թեեւ նրան այս թաղամասը հարմար չէ։ «Ես ուզում եմ Զեյթունում մնալ, այստեղ դայակ եմ գտել երեխաների համար՝ էժան գնով։ Բայց ստիպված պետք է գնամ, երեխեքիս հետ ժամանակ չեմ ունեցել, որ տուն գտնեմ Զեյթունում»,- ասում է Լիլիթը։ Շնորհակալ է, որ գոնե մի քանի ամիս թույլ տվեցին, որ ապրի այստեղ։ «Իրեն զոռով դուրս չեն հանում, բայց պետք է մի քիչ էլ ըմբռնումով մոտենալ։ Չի կարելի չարաշահել ամեն ինչ։ Անկախ ամեն ինչից, նա բողոքելու է, դա մարդու տեսակ է»,- գրում է «Սոս մանկական գյուղերի» աշխատակից, շահերի եւ իրավունքների պաշտպան Անահիտ Մելքումյանը, որը Գերմանիայում է։
Մինչեւ «Սոս մանկական գյուղերը», Լիլիթը երեխաների հետ ապրել է «Արմենիան Լայթհաուս» կազմակերպության Պտղունք գյուղի կացարանում եւ այստեղ էլ բողոքել է։ «Մայրատուն» ծրագրի ղեկավար, հոգեբան Լիանա Սարգսյանի հետ, որին Լիլիթը շփոթմունքով անվանում է «մայրապետ», կոնֆլիկտ ունեցավ։

Լիլիթը «Հրապարակին» հայտնել էր, որ «Լայթհաուսում» մանկահասակ երեխաների համար չափից դուրս խիստ նորմեր են գործում։ Իր 2 տարեկան երեխային երկու անգամ զրկել են սննդից։ «Նախաճաշից ուշանալու համար 2 տարեկան երեխայիս զրկեցին առավոտյան յոգուրտից, իսկ երկրորդ անգամ ընդհանրապես զրկեցին սննդից»,- գանգատվում էր Լիլիթը: Նաեւ հայտնել էր, որ կազմակերպության աշխատակիցները Լիլիթի երեխաներին չեն տրամադրել «Հումանա» կաթնախառնուրդը՝ ասելով, թե իրենք չունեն դրանից: «Դրա փոխարեն այլ կեր տվեցին, որից երեխեքս փորացավ ընկան:

Քանի որ ես «Հումանա» էի ստանում Ավետարանչական եկեղեցուց, գնացի այնտեղ՝ կաթ ստանալու, ու իմացա, որ իրենք «Լայթհաուսին» տալիս են այդ կաթնախառնուրդից, նաեւ շատ ուրիշ կերեր, որոնք երեխաներին չեն տրամադրվում»,- պատմում է Լիլիթը: Նա գնացել ու պահանջել է կերը իր երեխաների համար, ապա, կարճ ժամանակ անց, նրա համար անհաղթահարելի պրոբլեմներ են ստեղծվել: Կինը վերցրել է երեխաներին եւ գնացել այլ ապաստան փնտրելու:

Այս մասին գրել էինք հունվարի 9-ին հրապարակված հոդվածում։ Գրելուց առաջ զանգել էինք նաեւ «Լայթհաուս» կազմակերպություն՝ Լիանա Սարգսյանին, սակայն աշխատակիցները հրաժարվել էին նրա հետ մեզ կապել՝ ասելով, որ նրա ազատ օրն է։ Երկու-երեք շաբաթ անց «Լայթհաուսից» հերքող նամակ ստացանք։ Բարեգործական կազմակերպությունը սեւ գույներով ներկայացնում է երեք երեխաների մորը, որը պարտավորվել է «անշեղորեն» կատարել «մայրատան» կանոնակարգի պահանջները, բայց խախտել է դրանք՝ ծխել է պատշգամբում ու նկատողություն է ստացել։ «Մայրատանը գտնվելու ընթացքում Լիլիթ Թորոյանը բազմիցս խախտել է օրակարգը։

Նմանօրինակ խախտումները պատճառ են հանդիսացել Լիլիթ Թորոյանին ծրագրից հեռացնելու համար»,- գրում է «Լայթհաուսի» տնօրենի տեղակալ Անժելա Թորոսյանը։ Լիլիթի երեխաներին սննդից զրկելու մասին տեղեկությունը նա հերքում է։ «Հիմնադրամը մշտապես գործադրում է իր լավագույն ջանքերը՝ իր կողմից իրականացվող ծրագրերի շահառուներին մշտապես առողջարար եւ թարմ սննդով ապահովելու ուղղությամբ… Շահառուների ճաշացանկը կազմվում է համապատասխան մասնագետների կողմից, եւ որեւէ առանձնահատուկ կերակուր տրամադրելու պարտականություն հիմնադրամը շահառուների առաջ չունի»,- հայտնում է հիմնադրամի տնօրենը։ Եզրակացություն՝ կա՛մ մասնագետներն են վատը, որոնք չգիտեն, որ երկու տարեկան երեխայի համար առանձնահատուկ կեր է պետք, կա՛մ էլ կազմակերպությունն իրավունք չունի իր տանիքի տակ ընդունել մինչեւ երեք տարեկան երեխաների, քանի որ չի կարողանում ապահովել նրանց համապատասխան սննդով։ Այս դեպքում կազմակերպությանը պետք է պարզապես զրկել մինչեւ երեք տարեկան երեխա ունեցող մայրերին ապաստան տրամադրելու իրավունքից։

Մանկական կերերը, ըստ Անժելա Թորոսյանի, Լիլիթ Թորոյանի երեխաներին չեն տրամադրվել հետեւյալ պատճառաբանությամբ․ «Հիմնադրամում Լիլիթի երեխաների տարիքային խմբի համար նախատեսված կերեր չեն եղել»։ Լիլիթ Թորոյանն էլ շարունակում է պնդել, որ իր երեխաներին զրկել են սննդից։

«Նրանք ստում են։ Ես իմացել եմ, որ 8 ամսական երեխայի համար իրենք ստացել են կեր, որը տակով են արել։ Նրանք ստացել են կաթ Ավետարանչական եկեղեցուց, Փառանձեմ անունով կին է զանգել «Լայթհաուս» եւ հարցրել է, թե ինչու իրենց տված կերերն իմ երեխաներին չեն տրամադրել»,- ասում է Լիլիթ Թորոյանը։ Մենք զանգահարեցինք Ավետարանչական եկեղեցու բարեգործական կազմակերպություն։

Աշխատակիցը հայտնեց, որ «Լայթհաուս» կազմակերպությանը, իրոք, տրամադրվել է «Հումանա» տեսակի մանկական կաթնախառնուրդ։ «Մենք նրանց տրամադրել ենք «Հումանա» մանկական կեր։ Գուցե, այդ աշխատակիցը տեղյակ չէ»,- մեզ հայտնեց Ավետարանչական ընկերակցության բարեգործական կազմակերպության աշխատակիցը։

Բարեգործականների առօրյայի այս մանրամասները գուցե հետաքրքիր չեն լայն հանրությանը, բայց գուցե հետաքրքրեն դրանց վերահսկողների՞ն։