Երիտասարդներին դրսում պրոպագանդելու ճանապարհը սա է

Երիտասարդներին դրսում պրոպագանդելու ճանապարհը սա է

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամի կողմից արդեն երրորդ տարին անընդմեջ կազմակերպվում է Ալ. Հարությունյանի անվան փողային գործիքների միջազգային փառատոնը, որն այս տարի անցկացվում է մայիսի 30-ից հունիսի 5-ը։ Փառատոնն այս տարի ընդլայնել է իր աշխարհագրությունը. երաժիշտները համերգներով հանդես կգան Գյումրիում, ինչպես նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանում: Փառատոնի շրջանակներում Հայաստանը կհյուրընկալի յոթ երկրից ավելի քան քսան երաժիշտ-կատարողի, ովքեր ներկայացնում են այդ երկրների հեղինակավոր նվագախմբերը:

Փառատոնի գեղարվեստական ղեկավարը եւ դիրիժորն է Կարեն Դուրգարյանը, գլխավոր պրոդյուսերը` Շմավոն Գրիգորյանը: Փառատոնը եւս մի միջոց է՝ երախտիքի ու հարգանքի խոսք ուղղել մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանին, նոր շունչ եւ երանգ հաղորդելով նրա հայտնի աշխատանքներին՝ ստեղծել մեկ հարթակ փողային գործիքների ոլորտում աշխարհի առաջատար երաժիշտների համար: 

Կարեն Դուրգարյանը, ով այս օրերին փառատոնի շրջանակներում Հայաստանում է գտնվում, իր խոսքում ընդգծում է, որ փառատոնին ժամանել են պրոֆեսիոնալ վարպետ երաժիշտներ տարբեր նվագախմբերից, ովքեր այս օրերին վարպետության դասերի շրջանակներում Կոնսերվատորիայում աշխատում են երիտասարդների հետ․ «Երիտասարդները շատ ոգեւորված են, եւ կարծում եմ, որ փառատոնը տարեցտարի իր նպատակին պետք է կարողանա հասնել։ Իսկ նպատակը սա է՝ փողային ոճում ունենալ շատ բարձր մակարդակի երաժիշտներ։ Մենք, իհարկե, ունենք տաղանդավոր արտիստներ, որոնք աշխատում են Հայաստանի տարբեր նվագախմբերում, բայց կարծում եմ՝ պետք է ավելի ուժեղ թիմ ունենանք։ Այս համատեղ համերգների ընթացքում կտեսնենք, թե ինչպես է հայ երաժիշտն ամերիկացու, գերմանացու հետ միասին նվագում ստեղծագործություններ։ Օրինակ՝ երեկ տեղի ունեցավ նաեւ միջազգային պրեմիերա՝ հայ կոմպոզիտորի ստեղծագործություն։ Մենք ամեն տարի կատարվող հայ կոմոզիտորների ստեղծագործությունների քանակը պետք է ավելացնենք, որովհետեւ կարծում ենք, որ նաեւ սա է ճանապարհը մեր երիտասարդ կոմպոզիտորներին եւ ոչ միայն երիտասարդներին դրսում պրոպագանդելու»։    

Ալ. Հարությունյանի անվան փողային գործիքների 3-րդ միջազգային փառատոնը մեկնարկեց Հայաստանի պետական կամերային նվագախմբի ելույթով: Փառատոնի բացման համերգը տեղի ունեցավ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Երեկոյին հնչեցին Հարությունյանի, Վիվալդիի, Դոպլերի, Շտրաուսի ստեղծագործությունները: Դիրիժոր Դեյվիդ Ալեքսանդր Րաբիի ղեկավարությամբ՝ նվագախմբի հետ հանդես եկավ նաեւ հրավիրյալ փողային կազմ: Որպես մենակատարներ՝ ելույթ ունեցան Մարտին Ֆրուտիգերը (հոբոյ), Շմավոն Գրիգորյանը (ֆագոտ), Բլանկա Կերեկեշը (ֆլեյտա), Ագատա Իգրասը (ֆլեյտա): Փառատոնի բացման ժամանակ երաժշտական կատարմամբ բեմում էր նաեւ Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադան, ով գալարափող է նվագում: