Թե ինչու՞ էր Թրամփի շնորհավորական ուղերձը վատագույնը․ Ս․ Սարգսյան  

 Թե ինչու՞ էր Թրամփի շնորհավորական ուղերձը վատագույնը․ Ս․ Սարգսյան   

«Հրապարակ»-ի հարցազրույցը քաղաքագետ Սուրեն Սարգսյանի հետ․

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, գրել էր, որ սա ԱՄՆ-ից երբևէ ստացված ամենաանհաջող ուղերձն է։ 

Դրանում, մասնավորապես, ասված է .«Հարգելի պարոն վարչապետ

Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու և 2018 թ. դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններում Ձեր դաշինքի հաջողության կապակցությամբ: Միացյալ Նահանգներն աջակցում է բարգավաճ, ժողովրդավարական և հարևանների հետ խաղաղ գոյակցող Հայաստանին: Միասին մենք կարող ենք առաջընթաց արձանագրել մեր երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացման, համաշխարհային անվտանգության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի գործում: Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստի այդ ջանքերին: Իմ լավագույն մաղթանքներն եմ հղում Ձեզ և Հայաստանի ժողովրդին»:
 
-Պարոն Սարգսյան, այս նախադասություններից հատկապես որո՞նք են անհաջող, ի՞նչ նախադասություններ կառանձնացնեք։

-Նախ, սկսենք նրանից, որ եթե անգամ խուսափենք գնահատականներ տալուց և զուտ համամետության մեջ դնենք նախորդ բոլոր ուղերձները, որ եկել են Միացյալ նահանգներից, թե՛ գործող, թե՛ նախկին նախագահներից ու պետքարտուղարներից, այն է, որ ամերիկացիները մշտապես շնորհակալություն են հայտնել այն կապակցությամբ, որ Հայաստանն ակտիվ ներգրավածություն ունի խաղաղապահ առաքելություններում՝ ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի հովանու ներքո։ Այս անգամ նման ձևակերպում չկա, և սա պայմանավորում եմ այն հանգամանքով, որ Հայաստանը Սիրիայում հումանիտար առաքելության մեջ ներգրավածություն ունի։

Երկրորդ․ նախագահ Թրամփի պաշտոնավարումից սկսած՝ 2 տարի շարունակ պնդել եմ, որ հայ-ամերիկյան հարաբերություններում պետք է առաջին պլան բերել առևտրատնտեսական կապերի ամրապնդումը և կարծում եմ, որ սա պետք է կարևոր օրակարգային հարց լիներ հայ-ամերիկյան հարաբերություններում և այսօր նաև կարդալով Թրամփի ուղերձը՝ տեսնում եմ, որ նման մոտեցում է  առաջարկում՝ զարգացնելու երկկողմ առևտրատնտեսական կապերը։

Երրորդ կարևոր նախադասությունը, որ կառանձնացնեի, այն է, որ «ԱՄՆ-ն աջակցում է բարգավաճ, ժողովրդավարական և հարևանների հետ խաղաղ գոյակցող Հայաստանին»։ Կարծում եմ այստեղ խոսքը Ադրբեջանի և Թուրքիայի մասին է, ես կուզեի այս նախադասությունը համադրել Մինսկի խմբի հայտարարության հետ, և իհարկե, կուզեի առանձնացնել այն հանագամանքը, թե ինչ է նշանակում՝ հարևանների հետ խաղաղ գոյակցող Հայաստան։ Մանավանդ, որ նման գնահատական Ադրբեջանի իշխանություններին երբևէ չի տրվել։ Այսինքն՝ ստացվում է, որ Ադրբեջանի իշխանությունները հարևանների հետ խաղաղ գոյակցող են, իսկ Հայաստանը՝ ոչ։ Սա նույնպես չափազանց կարևոր թեզ է, որ կուզենայի առանձնացնել այս՝ 3-4 նախադասություններից բաղկացած ուղերձի տեքստից։ Եվ ամենակարևորն, իհարկե վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ասվում է, որ հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստի առևտրատնտեսական կապերի խորացմանը, համաշխարհային անվտանգության ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարի գործին։ Սա նույնպես չափազանց կարևոր է, որ ըստ էության, որպես կարևորագույն խնդիր, խոչընդոտ դիտարկվում է արցախյան խնդրի խաղաղ կարգավորումը։

-Իսկ Թրամփի ուղերձը իր ու վարչախմբի՞, թե՞ Հայաստանի նոր իշխանություններին առնչվող գործոնով է պայմանավորված…

-Կարծում եմ՝ եթե ճիշտ և հետևողական աշխատանք տարվեր Միացյալ նահանգների Անվտանգության խորհրդի հետ, որտեղ նման փաստաթղթերը, ըստ էության, գրվում են, ապա ձևակերպումներ մեզ համար շատ ընդունելի և ընկալելի կլինեին և հնարավոր կլիներ խուսափել նման դիրքորոշումներից։

-Նշել էիք նաև, որ մենք 170-րդ ենք ԱՄՆ առևտրային գործընկերների ցանկում, Ադրբեջանը՝ 107-րդ, և սա էլ լավագույնս բնութագրում է հայ-ամերիկյան առևտրային հարաբերությունները։ Նախորդ տարի շատ էր խոսվում փոխադարձ՝ չհարկման համաձայնագրի ստորագրման մասին։ Ի՞նչ է արվել այս ուղղությամբ

-Տնտեսական համագործակցության առումով դեևռս որևէ բան չի արվել, գիտեք, որ ամերիկյան կողմը անհանգստացած է Հայաստանում ամերիկյան ներդրումներով։ Այստեղ խոսքը, մասնավորապես, Ամուլսարի վերաբերյալ հայտարարությունների մասին է, և ակնհայտ է, որ այս անհանգստության հետևանքով, խոչընդոտներ են առաջանալու Հայաստանում  ամերիկյան ներդրումների համար։ Նման խոչընդոտների պատճառով է նաև, որ Հայաստանն ամերիկայի 170-րդ գործընկերն է 193 պետությունների շարքում։ Սա շատ վատ ցուցանիշ է և չի արտացոլում հայ և ամերիկացի ժողովուրդների բարեկամությունն ու մեր պոտենցիալը։

-Տեղյա՞կ եք՝ երբ է Հայաստան գալու Հայաստանում ԱՄՆ-ի նոր դեսպանը՝ Լին Թրեյսին։

-Կարծում եմ՝ փետրվարին կժամանանի և կանցնի իր պարտականությունների կատարմանը՝ հենց անմիջապես ժամանումից հետո։