Իներտ վիճակով չեն կարող բարձրաձայնել ճշմարտությունը

Իներտ վիճակով չեն կարող բարձրաձայնել ճշմարտությունը

Թե ինչպես, ինչ մեթոդներով է իրականացվելու վեթթինգ՝ դեռեւս չկա հստակություն։ Վեթթինգի մասին լրագրողները փորձում են պարզաբանումներ ստանալ ԱԺ-ի մեծամասնություն կազմող  «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից, փաստաբաններից, իրավաբաններից։ Ինչպե՞ս է կիրառվելու վեթթինգը, ի՞նչ գործիքակազմով։ 

«Հելսինկյան ասոցիացիա» կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցից հետաքրքրվեցինք, թե հրավիրե՞լ են իրենց վեթթինգին վերաբերող քննարկումների, առհասարակ՝ իշխանությունները փորձե՞լ են իրավապաշտպանների կարծիքը, փորձը, տեսակետները հաշվի առնել, որոնք նրանք ներկայացնում են տարբեր հարթակներում, մամուլում։

«Մենք, որպես կառույց, ոչ մի հանդիպման հրավիրված չենք եղել, սակայն գրեթե բոլոր հարթակներն օգտագործում ենք, որպեսզի մեր ասելիքը տեղ հասնի։ Ես համոզված եմ, որ մենք կարիք ունենք եւ՛ անցումային արդարադատության, եւ՛ լյուստրացիայի։ Այն գործիքակազմը, որ ունենք այսօր, ցավոք, բավարար չէ իրականացնելու առավել արդյունավետությամբ անցումային արդարադատություն։ Հետեւաբար անհրաժեշտ է ունենալ լրացուցիչ գործիքակազմ։ Ես դեռ ուզում եմ հասկանալ, թե վեթթինգի ինչ վերջնական տարբերակ է առաջարկվելու։ Եթե  վեթթինգն իրականացնի Բարձրագույն դատական խորհուրդը, որքան էլ այնտեղ լինեն անձանց փոփոխություններ, միեւնույնն է, դա չի լինելու այն կառույցը, որ վստահություն ներշնչի հանրությանը։ Վեթթինգը պետք է իրականացնի այնպիսի միավոր, որն առավելագույն վստահություն կվայելի հանրության շրջանում։ Հասկանալի է, որ կլինեն ուժեր եւ խմբեր, որոնք անվստահություն են հայտնելու մերժվածներին»,- նշեց Նինա Կարապետյանցը։ 
Իրավապաշտապանը դժվարացավ ասել, թե ինչ կոնկրետ գործողություններ կիրականացվեն, սակայն միայն ԲԴԽ-ի կողմից վեթթինգի իրականացմանը նա կողմ չէ։
Թե ինչու՝ Նինա Կարապետյանցը մանրամասնում է․ «Անգամ այն նոր անդամները, որոնք ընդգրկվել են ԲԴԽ-ի կազմում, մասնավորապես՝ Վիգեն Քոչարյանը, որը նախկին իշխանությունների օրոք եղել է արդարադատության փոխնախարար, չեն կարող լիարժեք վստահություն վայելել։ ԱԺ-ում նրա ելույթն էլ հավաստեց, որ եղել է իներտ, անհաղորդ  կարգավիճակում։ Ես չեմ պատկերացնում, թե նա իր իներտ վիճակով  ինչպես է երկրի համար կարեւորագույն այդ խնդիրը լուծելիս գտնելու հարցի պատասխանը եւ բարձրաձայնելու ճշմարտությունը»։

Լիլիթ Մակունցը հայտարարել է, որ վեթթինգի մասին չի լինելու նախագիծ, ի՞նչ գործիքակազմով պետք է այդ դեպքում իրականացվի վեթթինգը։

Նինա Կարապետյանցը կարծում է, որ պետք է վերջնական որոշում լինի, ձեւակերպված, առնվազն պետք է լինի ճանապարհային քարտեզ, հետո պաշտոնյաները կարծիք հայտնեն։ 
«Հակառակ դեպքում շատ դժվար է հասկանալը, թե ինչ են պատրաստվում անել։ Անկախ ամեն ինչից՝ ես շարունակում եմ պնդել, որ մենք չենք ունեցել դատական համակարգ։ Սակայն, այդ ամենով հանդերձ, պնդում եմ, որ ներկա դատավորների համար պետք է լինի կանխատեսելի իրավիճակ, նրանք պետք է իմանան, թե ինչ գործընթացներով են անցնելու։ Հետեւաբար՝ պետք է որոշում կայացվի, հետո այդ մասին հայտարարվի»,- կարծում է իրավապաշտպանը։