Մարտի մեկի դիպուկահարի մահը փորձում են կապել գողականների «ռազբորկայի» հետ, բայց չի ստացվում

Մարտի մեկի դիպուկահարի մահը փորձում են կապել գողականների «ռազբորկայի» հետ, բայց չի ստացվում

Նոյեմբերից Քննչական կոմիտեն քննում է մի գործ, որի շուրջ գաղտնիություն է պահվում։ Վանաձորում հանցաշխարհի ներկայացուցիչների միջեւ «ռազբորկայի» արդյունքում 2017թ․ ապրիլի 29-ին սպանվել էր դիպուկահար, ազգությամբ ռուս Եվգենի Կաչակը։ Տեղեկություն կա, որ նա 2008 թվականի մարտի 1-ին ոստիկանության զորքերի կազմում ցուցարարների դեմ գործողություններում ներգրավված դիպուկահարներից է եղել։

Սպանված դիպուկահարը ՀՀ հատուկ ջոկատային էր, ՀՀ ոստիկանության աշխատող, որի հետ 2006 թվականից մինչ օրս ոստիկանությունը պայմանագիր ունի։ Որպես նշանառու՝ հաշվառված է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության հատուկ նշանակության ջոկատում, ՀՀ ոստիկանության զորքերում՝ որպես նշանառու։ Մարտի 1-ից հետո նա, ըստ ընկերների, ՀՀ իրավապահների հրահանգով եւ նրանց հետ պայմանավորվածության արդյունքում լքել էր Հայաստանը։ Այս տարիների ընթացքում ապրել է Ղազախստանում եւ աշխատել ռեստորաններից մեկում։ Վերջին անգամ Հայաստան գալուց առաջ Ժենյան ասել է ընկերներին, որ գալու համար հատուկ թույլտվություն պետք է ստանա ՀՀ իրավապահներից։ Կաչակին երկար ժամանակ արգելված է եղել վերադառնալ Հայաստան։ 2018 թվականին ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից Հայաստան ժամանելու թույլտվություն է ստացել, ապա սպանվել է Վանաձորում, վարձով տրվող մի բնակարանում, հանցաշխարհի ներկայացուցիչների միջեւ «ռազբորկայի» արդյունքում։

Քննչական մարմինները չեն կարողանում բացահայտել դիպուկահարի սպանությունը։ Որեւէ մեղադրանք այս գործով չկա։ Տպավորություն է, որ մարտի 1-ի դիպուկահարի մահը պարզապես չեն ուզում բացահայտել։ Սակայն նկատենք, որ Եվգենի Կաչակի մահը ձեռնտու է եղել ՀՀ ոստիկանության այն ներկայացուցիչներին, որոնք ներգրավված են եղել Մարտի 1-ի օպերացիայում եւ որոնք չէին կարող տեսադաշտում չպահել Կաչակին՝ «Զվարթնոց» օդանավակայանից մինչեւ Վանաձոր, որտեղ նա մահացել է խորհրդավոր հանգամանքներում։
Նոյեմբեր ամսից քննիչները փորձում են Կաչակի մահը կապել կարատեի նախկին մարզիչ Սամվել Այվազյանի հետ, որը 2010-2012 թվականներին աշխատել է Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայում։ Այվազյանը կալանավորված է եւ մեղադրվում է  Վանաձորի քրեական հեղինակություն Շալիկո Մանուչարյանի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ։ Քննիչները Շալոյի դեմ մահափորձն ու նշանառուի մահը փորձում են իրար կապել։ Դրա համար նրանք, մեր տեղեկություններով, անգամ ցուցմունք են վերցրել Կաչակի՝ Ղազախստանում բնակվող սիրուհուց։ Սակայն ոչ մի կերպ չեն կարողանում այս երկու իրադարձություններ իրար կապել եւ Այվազյանին մեղադրանք առաջադրել Կաչակի մահվան գործով։ Նախաքննությամբ փորձ է արվում ներկայացնել, թե, իբր, Սամվել Այվազյանը եւ էլի «գործով չպարզված» ինչ-որ անձինք մտադիր են եղել սպանել Վանաձորում բնակվող հեղինակություն Շալիկո Մանուչարյանին, որը լարված հարաբերություններ ունի ռուսաստանցի օրենքով գող Արտյոմ Սարատովսկու՝ Արտյոմ Սարգսյանի հետ, որ Սարատովսկին Սամվել Այվազյանի միջոցով կազմակերպել է Շալոյի դեմ մահափորձ։ Սամվելը, ըստ քննչական վարկածի, իր ընկեր Կաչակին կանչել է Վանաձոր, նրան փող է փոխանցել՝ Վանաձորում բնակարան վարձելու համար, ինչն էլ Կաչակն արել է։ Ըստ քննիչների, ծրագիրը չի հաջողվել։ Սամվելը սպանել է Ժենյային, հետո նրա մարմինը Վանաձորից բերել Երեւան, դրել հոր գերեզմանին ու փախել։ Այվազյանի փաստաբան Գուրգեն Հովհաննիսյանը վստահեցնում է, որ թե՛ Շալիկոյի մահափորձի գործով, թե՛ առավել եւս Կաչակի սպանության փաստով ոչ մի ապացույց իր պաշտպանյալի դեմ չկա։

«Չկա պարզաբանված մեղադրանք, բայց նրան նոյեմբերի 9-ից կալանքի տակ են պահում։ Դատավոր Վարդազարյանը նրա կալանքը երկարացրեց առանց հիմքի։ Իսկ Կաչակի մահվան հետ կապված ընդհանրապես ոչինչ չունեն Սամվելի դեմ։ Կա դիակ, կան բռնության հետքեր, որոնք մահից հետո են առաջացել։ Սամվելն այդ բնակարանում չի եղել։ Զենք չունեն իր մատնահետքով, չունեն ապացույց, չունեն ցուցմունք, որ ինքը սպանել է, բայց նրան պահում են կալանքի տակ»։ Սամվել Այվազյանին չեն թողնում հանդիպել ծնողների հետ։ Նրա մայրը 78 տարեկան է, հայրը՝ 81, եւ նրանց հետ հանդիպումների վրա արգելանք է դրված՝ գաղտնիության պահպանման պատճառաբանությամբ։ Տպավորություն է, թե Այվազյանին ցանկանում են հնարավորինս երկար պահել հսկողության տակ։ Ավելի վաղ նրան դատել էին Հայաստանը կեղծ անձնագրով լքելու համար։ Դատապարտել էին մեկ տարվա ազատազրկման։ Նոյեմբերին համաներմամբ նա ազատ էր արձակվել։ Նրա հարազատները պատմում են․ «Զանգեց, ասեց՝ մի 20 րոպեից տանը կլինեմ։ Ուրախացանք, սեղան գցեցինք, մեկ էլ իմացանք, որ դեռ չազատված՝ կալանավորվել է մեկ այլ գործով»։ Ո՞վ եւ ինչո՞ւ չի ցանկանում Սամվել Այվազյանին բաց թողնել։ Ի՞նչ առաքելություն է նա ունեցել ուժային կառույցներում։ Ի՞նչ է եղել Եվգենի Կաչակի եւ կարատեիստի միջեւ։ Ովքե՞ր են նրանք։ Ի վերջո, ո՞վ է սպանել Կաչակին։ Տպավորություն է, թե այս գործն առնչվում է մի ոլորտի, որը սովորաբար փակ է հանրության համար։

Մեր նախորդ հրապարակմանն այս թեմայով ո՛չ ոստիկանությունն արձագանքեց, ո՛չ էլ Քննչական կոմիտեն։ Ակնհայտ է, որ քննչական մարմինները գերգաղտնիության մթնոլորտ են ստեղծել այս գործի շուրջ։