Մի դրվագ քարտեզագիրների կյանքից

Մի դրվագ քարտեզագիրների կյանքից

Միայն Էդմոն Մարուքյանը կարող էր այս համատարած սուգուշիվանի մեջ ինձ ծիծաղեցնել: Մարդը Ճանապարհային մի կլասիկ քարտեզ է հրապարակել այն մասին, թե ինչպես դուրս գանք այս իրավիճակից: Հենց այդ քարտեզի առաջին տողը կարդացի՝ ծիծաղս բռնեց. «Պարտության սիմվոլ վարչապետը հեռանում է»: Էդմոն, դու կայֆի կտոր ես: Այդ ինչի՞ց որոշեցիր, որ պարտության սիմվոլը վարչապետն է, միայն վարչապետը, ոչ ոք բացի վարչապետից, և վարչապետը պետք է հեռանա: Շատ կներես, զեմլյակ ջան, բայց հարցն այսպես դնելու պարագայում ես դեմ եմ Նիկոլ Փաշինյանի միայնակ հեռանալուն: Նիկոլ Փաշինյանը մի ամբողջ անասնաֆերմայի՝ կովերի, ոչխարների, սագերի ու հավերի տեր է, որոնք պետք է նրա հետ հեռանան: Եվ ապա՝ ինչո՞ւ այդքան անորոշ՝ հեռանա: Ես դեմ եմ: Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, որպեսզի նրա հետ հրաժարական տա նաև մեծ անասնաֆերման՝ օրենսդիր և գործադիր մասնաշենքերում տեղակայված իր ողջ գլխաքանակով:

Ըստ Մարուքյանի լուսավոր քարտեզի՝ պարտության սիմվոլ վարչապետի հեռացումից հետո խորհրդարանն ընտրում է ժամանակավոր վարչապետ: Բա ասում եք մի խնդա: Ախր կարող եմ գրազ գալ, պարոն Մարուքյան, որ այս խորհրդարանն ավելի շուտ Նիկոլի աներձագին կընտրի ժամանակավոր վարչապետ, քան Ձեզ: Դուք իսկապե՞ս կարծում եք, որ այս խորհրդարանը անվստահություն կհայտնի Նիկոլ Փաշինյանին ու նոր վարչապետ կընտրի: Ես ինչ-որ կասկածում եմ ու վստահ չեմ, որ ՀՀ ԱԺ-ն կկարողանա պարտության սիմվոլ վարչապետի հեռանալուց հետո նիստ հրավիրել: Հետևաբար, Նիկոլը ոչ թե պետք է հեռանա, այլ հրաժարական տա, որպեսզի դրանով միանգամից լուծվի այս պարտության բոլոր խայտառակ սիմվոլների՝ այդ թվում ԱԺ-ի և կառավարության հարցը:

Գանք ՄՃՔ-ի (Մարուքյանի ճանապարհային քարտեզի) երրորդ նախադասությանը՝ «Ձևավորվում է իրենց ոլորտներում հաջողության հասած մարդկանց անցումային կառավարություն»: Քարտեզներում, առհասարակ, լինում են նաև պայմանական նշաններ, որոնցով պետք է առաջնորդվել տվյալ քարտեզը կարդալու համար: ՄՃՔ-ում լիակատար անորոշություն է այդ առումով: Այնպես որ ստիպված եմ հեղինակին երկրորդ անգամ հարցնել՝ ի՞նչ է նշանակում այս նախադասությունը և ինչո՞ւ է այն այսքան անորոշ. «Ձևավորվում է իրենց ոլորտներում հաջողության հասած մարդկանց անցումային կառավարություն»: Այստեղ շատ հարցեր են առաջանում՝ ո՞վ է ձևավորում անցումային կառավարություն, ո՞վ է որոշում իրենց ոլորտներում հաջողությունների հասած մարդկանց և ամենակարևորը՝ էս արդեն պաշտոնավազք եք ուզո՞ւմ, պարոն Մարուքյան: Ինչո՞ւ եք Ձեր քարտեզով ջուր լցնում Փաշինյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի ջրաղացին, որն առավոտից երեկո թեփ է սրսկում մարդկանց ուղեղների մեջ, թե այն, ինչ այսօր կատարվում է փողոցում քաղաքական պայքար է իշխանության համար:

Պարոն Մարուքյան, այսքան չարչարվելու փոխարեն, կարող էիք մի օր հանդիպել քաղաքական 17 ուժերին և ծանոթանալ Փաշինյանի հրաժարականի, այսպես ասեմ, պայմաններին: Դրանք, ի դեպ, բավականին հստակ են և հեռու լուսավոր  «սիմվոլիզմից»: Այնտեղ ոչ մի բառ չկա այն մասին, որ պարտության սիմվոլ Փաշինյանը, «վիդիծե լի», հեռանում է: Փաշինյանը հրաժարական է տալիս, իսկ մինչ այդ՝ կառավարությունում հենց Փաշինյանի մասնակցությամբ ստեղծվում է համապատասխան մարմին՝ որոշումներ կայացնելու և գործադրելու լիազորություններով: Այլ խոսքով՝ Փաշինյանն այդ մարմնին է հանձնում իշխանությունը և հրաժարական տալիս վարչապետի պաշտոնից:

Պարոն Մարուքյան, ես, իհարկե, հասկանում եմ, որ Հայաստանը խորհրդարանական կառավարմամբ երկիր է և սահմանադրությամբ մեր խորհրդարանին բավականին լայն իրավունքներ են տրված: Բայց կուզենայի նշել, որ եթե Փաշինյանն այս պատերազմում դարձավ «պարտության սիմվոլ», ապա Դուք՝ խորհրդարանը նկատի ունեմ, պարտության սիմվոլ է դարձել իր ընտրվելու օրվանից: Խորհրդարանը քանդեց Սահմանադրական դատարանը, պարոն Մարուքյան, այն դատարանը, որ կարող էր Փաշինյանին օգնել՝ չստորագրելու այս խայտառակ հայտարարությունը: