Հայ-ռուսական պատերազմն ավելի հավանական է դառնում. ԱՄՆ-ն ու ԵՄ-ն այդ դեպքում մեզ հաստատ կօգնեն

Հայ-ռուսական պատերազմն ավելի հավանական է դառնում. ԱՄՆ-ն ու ԵՄ-ն այդ դեպքում մեզ հաստատ կօգնեն

Մի քանի օր առաջ ծանոթներիցս մեկն ասաց, թե տեղեկություն ունի, որ առաջիկայում անցկացվելու են հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններ: Այդ տեղեկությունն այնքան անհավանական համարեցի, որ նույնիսկ անհրաժեշտ չհամարեցի քննարկել թեման: Տեղեկությունը հրապարակային դառնալուց մեկ օր առաջ՝ սեպտեմբերի 5-ի երեկոյան, նորից հանդիպեցինք, եւ նա ասաց, որ արդեն վերջնական որոշում է կայացվել` Նիկոլ Փաշինյանը տվել է համաձայնությունը, քանի որ մինչ այդ տատանվում էր՝ մտավախություն ունենալով հետեւանքներից: Ըստ ծանոթիս՝ զորավարժություններ անցկացնելու մտադրության մասին տեղյակ է եղել նաեւ ռուսական կողմը, եւ Ռուսաստանը տարբեր դիվանագիտական խողովակներով զգուշացրել է՝ չգնալ նման քայլի, սպառնացել ինչ-որ հետեւանքներով: Փաշինյանը, ի վերջո, որոշել է անտեսել ռուսական զգուշացումները եւ սպառնալիքները: Հիմա հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունների փաստը հաստատված է պաշտոնապես, մնում է սպասել ռուսական հակազդեցությանը:

Ըստ լավատեղյակ ծանոթիս՝ Փաշինյանը, հայ-ամերիկյան զորավարժություններին համաձայնություն տալուց բացի, խոստացել է, որ շատ կարճ ժամկետում որոշում կկայացվի՝ խզելու հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ` դադարեցնելով Հայաստանի անդամակցությունն այդ կառույցին, իսկ դրան կհետեւեն հայ-ռուսական դաշնակցային պայմանագրերի չեղարկումը եւ Հայաստանից ռուսական զորքերը դուրս բերելու պահանջը: Միացյալ Նահանգները խոստացել է, որ երբ Փաշինյանը հայտարարի ՀԱՊԿ-ից դուրս գալու եւ ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու որոշման մասին, Հայաստանին կտրամադրվի իր պաշտպանության համար անհրաժեշտ ռազմատեխնիկական աջակցություն: Բայց արդյոք Փաշինյանին կհաջողվի՞ ռուսական 102-րդ ռազմաբազան հանել Հայաստանից, թե՞ Փաշինյանը Հայաստանը կվերածի մի փոքր Սիրիայի, որի առանձին հատվածներ օկուպացված են տարբեր երկրների եւ դրանց բանակների կողմից, իսկ երկրի բնակչության զգալի մասը վերածվել է փախստականների, որոնք դեգերում են աշխարհի տարբեր երկրներում:

Արդեն հիմա Հայաստանում, բացի Հայաստանի բանակից, առկա է եւս չորս օտարերկրյա ռազմական ներկայություն: Հայաստանում գտնվում են ՌԴ պաշտպանության նախարարության եւ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ, Հայաստանի տարածքի մի հատված օկուպացված է Ադրբեջանի բանակի կողմից, եւ Հայաստանի իշխանությունը փաստացի ոչինչ չի ձեռնակում՝ երկիրն ադրբեջանական օկուպացիայից ազատագրելու համար, Հայաստանում են գտնվում ԵՄ դիտորդներ, որոնք ֆորմալ առումով զինվորական ստորաբաժանման կարգավիճակ չունեն, բայց քանի որ նրանց մի մասը զինված է, ապա նրանց շատ հանգիստ կարելի է գնահատել որպես զինված խմբավորում: Երկու շաբաթից համատեղ զորավարժություններին մասնակցելու նպատակով Հայաստան են գալու ամերիկյան զինվորականներ, որոնք հնարավոր է՝ նույնպես որոշեն մնալ Հայաստանում: Հայաստանի տարածքում իրենց զինված խմբավորումները տեղակայած ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Ուկրաինայի տարածքում պատերազմում են Ռուսաստանի դեմ:

Չի բացառվում, որ նրանք եթե ոչ ուղղակիորեն, այլ Հայաստանի բանակի միջոցով զինված դիմակայության մեջ մտնեն Հայաստանում տեղակայված ռուսական ստորաբաժանումների դեմ՝ կատարելով հրահանգիչների եւ խորհրդատուների ֆունկցիա: Սա այնքան էլ անհավանական սցենար չէ, ընդհակառակը՝ Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու ամենահավանական սցենարներից մեկն է, ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն Հայաստանին զենք կտան ոչ թե Ադրբեջանից պաշտպանվելու, այլ Հայաստանի տարածքը ռուսական ռազմական ներկայությունից ազատելու համար: Հայաստանի տարածքում հայ-ռուսական ռազմական բախումներ հրահրելու համար շատ բան պետք չէ, պետք է ընդամենը, որ Հայաստանը չեղարկի Ռուսաստանի հետ ունեցած ռազմական համագործակցության պայմանագրերը եւ դրանց հիման վրա պահանջի, որ Ռուսաստանը Հայաստանից հանի իր ռազմաբազան եւ սահմանապահ զորքերը: Մնացածը կստացվի ինքնըստինքյան:

Երբ Փաշինյանը հայտարարեց, որ Ռուսաստանը կարող է հեռանալ Հայաստանից, եւ այդ գործում Հայաստանն իր գործուն աջակցությունը կցուցաբերի ռուսական բանակին, Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անմիջապես արձագանքեց. «Ռուսաստանն այս տարածաշրջանի անբաժան մասն է, ուստի չի կարող դուրս գալ Հայաստանից»: Սա նշանակում է, որ եթե անգամ Հայաստանը շատ ցանկանա եւ նույնիսկ պահանջի, որ Ռուսաստանն իր զորքերը դուրս բերի Հայաստանի տարածքից, Ռուսաստանը չի ենթարկվի Հայաստանի պահանջին: Ի՞նչ պետք է անեն Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները, եթե Ռուսաստանը մերժի իր զինված ուժերի ստորաբաժանումները Հայաստանի տարածքից դուրս բերելու ՀՀ իշխանությունների օրինական պահանջը: Բնական է, որ Հայաստանի զինված ուժերը՝ երկրի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հրամանով, կարող են հատուկ ռազմական օպերացիա իրականացնել՝ երկրի տարածքը ռուսական զորքից ազատագրելու համար: Ուրիշ տարբերակ կարծես թե գոյություն չունի` եթե կամավոր չեն հեռանում, պետք է հեռացնել ուժի կիրառմամբ, այլապես կստացվի, որ Հայաստանն ինքնիշխանություն չունի իր տարածքի նկատմամբ: 
Պատրա՞ստ է Հայաստանի բանակը զինված ընդհարման գնալ ռուսական բանակի ստորաբաժանումների դեմ. այս պահին նման հնարավորությունը փոքր է թվում: Բայց հայ-ամերիկյան զորավարժությունները, երկրում հակառուսական տրամադրությունների շարունակական աճը, Հայաստանի բոլոր ձախողումների եւ պարտությունների մեջ Ռուսաստանին մեղավոր եւ պատասխանատու հռչակելը, Ռուսաստանից ազատագրվելու դեպքում ազատ եւ ապահով Արեւմուտքին ինտեգրվելու հեռանկարը կարող են կտրուկ փոխել տրամադրությունները երկրում եւ բանակում: Ի վերջո, ըստ փաշինյանական քարոզչության, Հայաստանի թշնամին հիմա ոչ թե Ադրբեջանն ու Թուրքիան են, այլ՝ Ռուսաստանը: Կռվենք Ռուսաստանի դեմ, Հայաստանն ազատագրենք ռուսական օկուպացիոն բանակից եւ ապրենք ազատ եւ երջանիկ. ահա թե իրականում ինչ է հետեւողականորեն քարոզում իշխանությունը, եւ ուր է տանում երկիրը Փաշինյանը:

Մինչեւ 2014 թվականը դժվար էր հավատալ, որ եղբայրական ռուս եւ ուկրաինացի ժողովուրդները կարող են պատերազմել իրար դեմ, կարող են ինքնամոռաց ավերել միմյանց քաղաքներն ու գյուղերը, երկրները, սպանել եւ հաշմանդամ դարձնել միլիոնավոր մարդկանց: Հիմա դա իրականություն է, որովհետեւ նույնիսկ ամենաֆանտաստիկ թվացող ոճրագործությունները կարող են իրականություն դառնալ, երբ երկրները կառավարվում են օտարի շահեր սպասարկող եւ օտարի թելադրանքով շարժվող, հիստերիկ ու անհավասարակշիռ մարդկանց կողմից, լինի դա Ուկրաինայում, Հայաստանում, թե որեւէ այլ երկրում:

Ավետիս Բաբաջանյան