Պատերա՞զմ, թե՞ բանակցություններ․ ո՞րն է լինելու Արցախի պատասխանը

Պատերա՞զմ, թե՞ բանակցություններ․ ո՞րն է լինելու Արցախի պատասխանը

ԵԱՀԿ Մինսկի խմբի շաբաթ օրը տարածած հայտարարությունից հետո Հայաստանում թվացյալ հանդարտությունը տեղի տվեց, շաբաթ-կիրակին երեխաների հետ անցկացրած եւ ընթերցանությամբ զբաղված վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ օրվա երկրորդ կեսին անսպասելի մեկնեց Արցախ։ «Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 11-ին աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն:

Վաղը՝ մարտի 12-ին, Ստեփանակերտում տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի հերթական նիստը»,- տեղեկացրին կառավարության լրատվականից՝ առանց պարզաբանելու, թե որն է ՀՀ անվտանգության խորհրդի նիստն Արցախում անցկացնելու պատճառը։ Ի դեպ, ուշագրավ է, որ պարզվեց՝ մարտի 11-ն Արցախում ծառայող Փաշինյանի որդու` Աշոտի ծննդյան օրն էր, հավանաբար, գնացել էին տարեդարձը նշելու։ 

Մենք տեղեկացանք, որ հայաստանյան կողմը պլանավորել էր անվտանգության նիստին հրավիրել նաեւ Ղարաբաղի անվտանգության խորհրդի որոշ անդամների միայն, բնականաբար, Բակո Սահակյանի առաջնորդությամբ։ Սակայն Արցախի գործընկերները, մեր աղբյուրների փոխանցմամբ, դեմարշ են արել՝ ասելով, որ նիստին պետք է ներկա լինի Արցախի անվտանգության խորհրդի ողջ կազմը՝ առանց բացառությունների։ 

Բակո Սահակյանի խորհրդական Դավիթ Բաբայանը մեզ ասաց, որ այս փաստից խուճապի մատնվել պետք չէ, արտառոց ոչինչ չի եղել․ «Ծրագրավորված, աշխատանքային այց է», նիստի մասին պարզաբանումներ կտրվեն դրա ավարտից հետո։ Բնականաբար, անվտանգության նիստն Արցախում անելու պատճառը համանախագահների անսպասելի  հայտարարությունն էր, որի կապակցությամբ Արցախում սպասում էին Փաշինյանի պարզաբանումներին։ Հիշեցնենք, որ հայտարարությամբ եռանախագահները կողմերին հորդորել են «զերծ մնալ հայտարարություններից ու գործողություններից, որոնք ենթադրում են տեղում իրադրության փոփոխություն, նախապես որոշում են ապագա բանակցությունների արդյունքը կամ ստեղծում են նախապայմաններ, առանց մյուս կողմի համաձայնեցման՝ պահանջում են ձեւաչափի միակողմանի փոփոխություն կամ ցույց են տալիս պատրաստակամություն՝ վերսկսելու ռազմական գործողությունները»:

Կոչը, բնականաբար, ուղղված է Փաշինյանի՝ Արցախը բանակցությունների կողմ դարձնելու հայտարարություններին, որը նա բազմիցս է արել վարչապետ դառնալուց  հետո։ Փաշինյանն ասում է, որ չի կարող բանակցել Լեռնային Ղարաբաղի անունից, եւ որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի մոտ: Ավելին, Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, որ «ջանքեր են գործադրում, որպեսզի 1994-ին արձանագրված ֆորմատը լիարժեք ձեւով գործվի»:

Այս մոտեցումը ողջունեցին ե՛ւ Արցախում, ե՛ւ Հայաստանում, սակայն, պարզվեց, այն իրատեսական չէ, եւ համանախագահներն այս փուլում այն համարում են բանակցային գործընթացը տապալելուն ուղղված պահվածք։

Երեկ կեսօրից հետո Փաշինյանն արդեն Արցախում էր, տեղի ռազմաքաղաքական էլիտան խուսափում էր այս հարցով կարծիք հայտնելուց՝ սպասելով այսօր կայանալիք Անվտանգության խորհրդի նիստին, ինչպես նաեւ Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը։ 

ԼՂ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող ուժի պատգամավոր Արզիկ Մխիթարյանը մեզ հորդորեց սպասել, մինչեւ վարչապետը պարզաբանում կտա։ «Կարծում եմ՝ վաղն արդեն կկարողանանք կողմնորոշված խոսել»,- ասաց նա։ Հետաքրքրվեցինք՝ արդյոք սպասելի չէ՞ր համանախագահների հայտարարությունն այն մասին, որ բանակցությունների ձեւաչափի փոփոխություն չի լինելու։ «Մենք համոզված էինք, որ չէին ընդունի, բայց դրան զուգահեռ ուրիշ հայտարարություններ կան, որ մտահոգում են մեզ, եւ մենք պետք է լսենք բացատրություններ»,- ասաց Մխիթարյանը՝ չմանրամասնելով, թե որոնք են մտահոգությունների տեղիք տվող հայտարարությունները․ «Այս պահին չեմ կարող ասել՝ ինչն է մտահոգիչ․ հետո»։

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանի համար էլ սպասելի չէր, որ Ղարաբաղը մոտ ապագայում կարող է դառնալ բանակցությունների կողմ։ «Որովհետեւ դա թելադրված էր նախորդ տասնամյակների բանակցային գործընթացի ընդհանուր զարգացման տրամաբանությունից։ Բայց մենք միշտ էլ պատեհ պահը պետք է օգտագործենք այդ պահանջը միջնորդների ու Ադրբեջանի առջեւ դնելու համար, ինչն էլ արել ենք»,- ասաց նա՝ նշելով, որ Հայաստանում անցած տարի տեղի ունեցած իշխանափոխությամբ առաջացել էր այդ «պատեհ պահը»։ Այդուհանդերձ, Իշխանյանի կարծիքով՝ համանախագահների հայտարարությունը «վերջնագրի» է նման․ «Մի կողմից վերջնագրի պահանջ կա, մյուս կողմից՝ նախազգուշացնող որոշ նրբություններ, որ ուղղված են թե՛ Հայաստանի Հանրապետությանը, թե՛ Ադրբեջանին։ Կարծում եմ՝ այդ առումով հայտարարությունն իր մեջ պարունակում է նախազգուշացնող էլեմենտներ, որը մենք կարող ենք ընդունել, կարող ենք չընդունել՝ առաջարկելով մեր պայմանները»։

Հիշեցնենք, որ հայտարարությամբ համանախագահները հիշեցրել էին նաեւ մադրիդյան սկզբունքները եւ նշել, որ «այս սկզբունքները եւ տարրերը պետք է հանդիսանան հակամարտության ցանկացած արդար եւ տեւական կարգավորման հիմքը եւ պետք է ընկալվեն որպես մեկ ամբողջություն: Որոշ սկզբունքներ կամ տարրեր մյուսների նկատմամբ գերակա ճանաչելու ցանկացած փորձ անհնարին է դարձնելու հավասարակշռված լուծման հասնելը»։ Ո՞րն է լինելու Հայաստանի եւ Արցախի պատասխանն այս հայտարարությանը․ ՀՅԴ-ականի խոսքով, այն կհնչի համատեղ քննարկումներից հետո։ Սակայն նա հիշեցրեց Արցախի իշխանության տեսակետը, որը, իր կարծիքով, ուժի մեջ է բոլոր ժամանակներում․ «Որեւէ համաձայնություն երկու կողմերի միջեւ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի, չի կարող ամբողջականացնել այն պահանջը, ինչն իր առջեւ դրել է Արցախի Հանրապետությունը, բնականաբար, առանց Արցախի լիարժեք մասնակցության որեւէ առաջընթաց չեմ կարծում, որ իրատեսական է։ Այլ հարց է՝ կլինի այդպես, թե ոչ»։ Ստեղծված իրավիճակը, Իշխանյանի գնահատմամբ, 2 լուծում է առաջադրում․ «Կա՛մ պատերազմ, կա՛մ բանակցություն․ ձեւաչափն այստեղ շատ խիստ է դրված»։

Եվ եթե նույնիսկ բանակցությունները շարունակվեն, հաջողություն կարելի է ունենալ Արցախի լիարժեք մասնակցության պարագայում միայն։ Ճշտող հարցին՝ այսինքն, ելքը պատերա՞զմն է, պատասխանեց․ «Մենք միշտ էլ դեմ ենք եղել պատերազմին, ոչ, Արցախի ժողովուրդը 88-ին էլ պատերազմի առաջարկ չուներ, իր սահմանադրական պահանջն էր ընդամենը մեջտեղ բերել, նույնը՝ 90-ականներին, երբ Ադրբեջանը պատասխանեց իր ագրեսիային, եւ մեզ այլ ելք չէր մնում, ստիպված էինք։ Հիմա էլ եթե քաղաքական զարգացումները ստեղծեն այնպիսի պայմաններ, ինչպիսին 2016-ի ապրիլյան զարգացումներն էին, մենք նետված  ձեռնոցը վերցնելու պատրաստակամություն եւ պատրաստվածություն ունենք»։