150 հազար դոլարանոց տոնածառն ու ավերակ տները

150 հազար դոլարանոց տոնածառն ու ավերակ տները

Մայրաքաղաքի Հանրապետության հրապարակի նոր տոնածառը կարժենա 150 հազար դոլար կամ էլ մոտ 71 միլոն դրամ։

Խոստովանենք, որ սա չափազանց անընդունելի շռայլություն է ու սոցիալական արդարության տեսանկյունից՝ անարդար։ Նմանատիպ ճոխություններ քաղաքային իշխանություններն իրենց կարող են թույլ տալ, երբ կլուծեն քաղաքի առջև ծառացած առաջնահերթ ու հրատապ խնդիրները։ Տեսեք, Երևանում մեծ թիվ են կազմում ավերակ տներով թաղամասերը, մարդիկ բառի բուն իմաստով ապրում են ավերակների մեջ, չկա նորմալ ջեռուցում, ջրամատակարարում, շենքերի վերելակները հնացած են ու լուրջ սպառնալիք են իրենցից ներկայացնում։ Քաղաքի ճանապարհները բարեկարգված չեն, աղբահանության խնդիրն այդպես էլ մնում է առկախված։ Խնդիրները բազմազան են ու մեկը մյուսից ավելի հրատապ։

Այդ գումարով հնարավոր կլիներ բնակարաններով ապահովել առնվազն երկու ընտանիքների։ Բայց ո՛չ։ Քաղաքապետարանի կարծիքով ամենալուրջ խնդիրը հին տոնածառն էր, ինչպես թե, նոր Հայաստանը պետք է նոր տոնածառ ունենա։ Հին ռեժիմի վերջին մնացորդը՝ տոնածառը պետք է մերժվեր։

Քաղաքապետարանի անհասկանալի շռայլությունից առավել շատ նյարդացնում են քաղաքային իշխանությունների ֆեյսբուքյան պաշտպանները, որոնք ինչեր ասես, որ չեն մոգոնում նոր տոնածառի ձեռք բերումը լեգիտիմացնելու համար։ Հնչում են նույնիսկ այնպիսի ծայրահեղական կարծիքներ, իբրև թե կարևորն այն է, որ նոր իշխանությունները չեն թալանում և դրանից ելնելով ամեն մի ծախս արդարացված է։ Այսինքն այս տրամաբանության համաձայն, իշխանություններին ամեն ինչ կարելի է, բացի թալանելուց։ Խոստովանենք, որ սա աբսուրդ է, քանի որ չգողանալը դեռևս քիչ է, պետք է իմանալ նաև արդյունավետ կառավարել։ Վատ կառավարիչները պետք է մերժվեն նույն ուժգնությամբ, ինչ՝ գողերը։

Ենթադրում ենք, որ, եթե նույն որոշումը կայացվեր Տարոն Մարգարյանի պաշտոնավարման շրջանում, ապա նախկին քաղաքապետին անարգանքի սյունին կգամեին։ Երևի թե ճիշտ էլ կանեին, բայց ինչո՞ւ նույնը չեն անում Հայկ Մարությանի նկատմամբ, թե վերջինիս արյունը կապույտ է ու ամենակարևորը նա սպիտակ է։

Իմ համոզմունքն այն է, որ հին տոնածառը պետք է չփոխվեր այնքան ժամանակ, քանի դեռ Երևանում անօթեևաններ ու ավերակներում ապրողներ կան։

Իսկ ամենազավեշտալին այն է, որ մարդիկ Երևանը փորձում են համեմատել Թբիլիսիի հետ՝ փորձելով ոտք գցել այդ գեղեցիկ քաղաքի հետ։ Վրաստանի մայրաքաղաքի հետ մենք կկարողանանք ոտք գցել այն ժամանակ, երբ առնվազն այդպիսի գեղեցիկ ու հարմարավետ, քաղաք կառուցենք։

Եզրափակելով խոսքը՝ նշենք, որ մենք պետք է զերծ մնանք ավելորդ շռայլություններից ու քաղքենի տոներից, քանի դեռ ապրում ենք ծայրահեղ աղքատության ու սոցիալական անարդարության պայմաններում։