Ինձ համար անընդունելի են ներկա իշխանությունների արդարացումները, թե դատական ոլորտին շանս է տրվել    

Ինձ համար անընդունելի են ներկա իշխանությունների արդարացումները, թե դատական ոլորտին շանս է տրվել    

«Անցումային արդարադատությունը հասարակության վերականգնման գործընթացն է: Հայաստանը, ցավոք սրտի, չօգտագործեց իր հնարավորությունները, երբ այն ժամանակ դա օգտագործեցին մերձբալթյան, Արևելյան Եվրոպայի սոցիալիստական ճամբարի երկրները՝ սկսած Գերմանիայից, որտեղ ավելի հին ավանդույթներ կային, մինչև տեղի ունեցավ Նյուրնբերգյան դատավարությունը, որն առաջին մեծ դրսևորումն էր»,- Գյումրու Երկխոսության մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկման ընթացքում կարծիք է հայտնել Սախարովի անվան ՄԻՊ կենտրոնի Շիրակի մ/ճ-ի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը: Իրավապաշտպանի խոսքերով՝ իր համար անընդունելի են ներկա իշխանությունների արդարացումները, թե դատական ոլորտին շանս տրվել է, սակայն չեն օգտագործել:

«Որևէ շանս չպետք է տրվեր: Դատական համակարգն այնքան բյուրեղացած է, որ երբ մարդիկ մեր կազմակերպությանն են դիմում, եւ ասում ենք, որ ձեր հարցով կարող եք դիմել դատարան, անմիջապես ասում են՝ վայ, ամեն տեղ, բացի դատարանից: Սա խոսում է դատարանների նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասին: Գոնե ուշացած, բայց համակարգը, ոլորտը ամենաբաց ձևով կարգավորելու կարիք ունի: Զգացվում է, որ իշխանությունների մոտ չկա էդ պոտենցիալը՝ հարցին համապարփակ նայելու համար: Գոնե հարկավոր է դիմել միջազգային փորձագետների, քաղաքացիական, հասարակական լայն շերտեր ընդգրկել, կիրառել արտադատարանական համակարգ»,- նշում է իրավապաշտպանը: Անդրադառնալով մինչ այդ ոլորտում տեղի ունեցած բարեփոխումներին՝ ասաց․ «Ցավոք սրտի, մեծ թվով դատավորներ մոտ են քաղաքականությանը, եւ դա է հենց խանգարում իրենց: Երևանի դատավորներից մեկի հետ էի զրուցում: Ներսում շքեղություն էր, դրսում շքեղ մեքենա էր կանգնած, ինքը շքեղ հագնված էր, միայն փողկապն իմ հագուկապի գնին էր: Խոսեցի դատավորների աշխատավարձից եւ կոռուպցիոն ռիսկերից ազատվելու մասին: Ասաց՝ ինչ արած, պետության հնարավորությունն այդ է, պետք է հարմարվենք: Այսինքն՝ բարեփոխում ասվածը չի եղել, ոչ մի փոփոխություն՝ նույնպես, քանի որ դրանք մասնակցային չեն եղել»:

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ վարչապետը հանդես եկավ ելույթով, որում անդրադարձավ արդարադատության համակարգի զտմանն ուղղված քայլերի հաջորդականությանը և անցումային արդարադատության մեխանիզմների ներդրման կենսական անհրաժեշտությանը՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համար:

Վարչապետն ասաց, որ Հայաստանում գործող բոլոր դատավորները, առանց բացառության, պետք է ենթարկվեն վեթինգի, հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի և ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ ժամանակահատվածում ծավալած գործունեության և անհատական ու պրոֆեսիոնալ հատկանիշների մասին: