Երկրով մեկ կրճատումներ են

Երկրով մեկ կրճատումներ են

«Գազպրոմ-Արմենիայում» կրճատումներ են ընթանում։ Մեր տեղեկություններով՝ մոտ 1500 հաստիք կարող է կրճատվել, իսկ «Գազպրոմում» 7 հազարից մի փոքր ավելի է հաստիքների թիվը։ Հիմնական պատճառը մեկն է՝ ապահովել, որ «Գազպրոմի» ներքին ռեսուրսների հաշվին գազի սակագինը չբարձրանա։ Սա չեն հերքում նաեւ «Գազպրոմ-Արմենիայից», որտեղից մեզ տվեցին հետեւյալ պատասխանը․ «ՀՀ առաքվող բնական գազի գնի փոփոխությամբ պայմանավորված՝ ներկայում աշխատանքային քննարկումներ են ընթանում համալիր հարցերի շուրջ, այդ թվում՝ դիտարկելով նաեւ համակարգի ծախսերի կրճատման, աշխատողների քանակի վերանայման եւ հաստիքների կրճատման հարցերը»։

Այս հանգամանքն ուշագրավ է դառնում հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս արած այն հայտարարության ֆոնին, թե Հայաստանում մոտ 50 հազար նոր աշխատատեղ է բացվել, կամ 50 հազար նոր աշխատող է ստվերից դուրս եկել։ Եվ ոչ ոք չի կարողանում մատնացույց անել այդ 50 հազար նոր աշխատատեղերն ու ստվերից դուրս եկած աշխատողներին։ Փոխարենը արդեն ակներեւ են դառնում հազարավոր կրճատվող աշխատակիցներն ու հաստիքները։ Զորօրինակ՝ «Գազպրոմի» կրճատումների վերաբերյալ քննարկումները։ Երեկ էլ բողոքի ակցիա էին անում Ծառուկյանին պատկանող «Արարատ-ցեմենտի» աշխատակիցները, որոնք աշխատանքից ազատման ծանուցագրեր են ստացել։ Այստեղ էլ կրճատվողների թիվը 1000-ից ավելի է, մեր տեղեկություններով՝ 1150։