Մեսչյանի նախագիծը թանկ էր Ստեփանակերտի թատրոնի համար

Մեսչյանի նախագիծը թանկ էր Ստեփանակերտի թատրոնի համար

Ստեփանակերտի՝ 1932-ին հիմնադրված Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքը վերջին տարիներին գտնվում է անմխիթար վիճակում։ Դեռ մեկ տարի առաջ մեկնարկեց «Արցախ, ի՛մ սեր. աջակցենք Ստեփանակերտի թատրոնին» ծրագիրը, որի շրջանակներում հայաստանյան մի շարք թատրոններ իրենց ներկայացման տոմսերի վաճառքից ստացված ամբողջ հասույթը փոխանցեցին Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի շենքի վերանորոգման աշխատանքների համար:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուզան Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դա ավելի շատ սիմվոլիկ նշանակություն ուներ եւ չէր կարող լուրջ ֆինանսական հարցեր լուծել։ «Դա հետաքրքիր նախաձեռնություն էր, բայց, ցավոք, շարունակություն չունեցավ»,- նկատում է նա։

Մի քանի տարի առաջ քննարկվեց, որ Ստեփանակերտի Վ․ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը վերականգնվելու է այժմ արդեն Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի նախագծով, ինչը, սակայն, իրականություն չդարձավ, քանի որ շատ թանկ էր։ «Մեսչյանի նախագիծն այլեւս չի քննարկվել, հիմա ԼՂՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ շենքի նոր նախագծի վրա աշխատանքներ են տարվում, բայց դեռ փակագծերը չենք բացում, որովհետեւ նախագիծը պետք է դրվի քննարկման։ Դրանից հետո նոր կհայտարարվի նախագծի հեղինակի անունը, եւ արդյոք ընդունվե՞ց այն, թե՞ ոչ։ Ամենայն հավանականությամբ, այս տարվա վերջ քննարկումները կավարտվեն»,- ասում է Ռ․ Խաչատրյանն ու հավելում, որ, համաձայն Արթուր Մեսչյանի նախագծի, թատրոնի վերանորոգման համար պահանջվում էր 8-10 մլն դոլար, եւ պետք է ընդհանուր հիմնանորոգում արվեր՝ պահպանելով թատրոնի ճարտարապետական տեսքը, որովհետեւ առկա է նաեւ վթարային վիճակ․ «Բայց այս պահին նախագիծը փորձում են անել 4-5 մլն-ի սահմանում, եւ արդեն կլինի ոչ թե հիմնովին վերականգնում, այլ կոսմետիկ վերանորոգում»։ 

Այս ընթացքում, սակայն, թատրոնի ստեղծագործական կյանքը կանգ չի առել, բեմադրվել եւ բեմադրվում են նոր ներկայացումներ, թատրոնը մեկնում է հյուրախաղերի, այդ թվում՝ շրջաններ, վերջերս եղան նաեւ Երեւանում։ «Թատրոնն իր բնականոն ընթացքի մեջ է, եւ հենց դա էլ ավելի շահագրգռել է իշխանություններին՝ արագացնել թատրոնի հիմնանորոգման գործընթացը»,- ասում է թատրոնի գեղղեկավարը։ 

Այս պահին Շուշիի ազատագրական պայքարի թեմայով նա բեմադրության է նախապատրաստում Հերմինե Ավագյանի «Լուսաբացից առաջ» ստեղծագործությունը։ «Հատուկ ներկայացման համար նոր երաժշտություն է գրվում՝ Վաչե Շարաֆյանի կողմից, նկարչական ձեւավորումն անում է Արեգ Միրիջանյանը։ Ստեղծագործական թիմը հիմնականում Երեւանից է աշխատում։ Այս ներկայացումը պետք է դառնա թատրոնի այցեքարտը թե՛ Հայաստանում, թե՛ նրա սահմաններից դուրս»,- հավելում է Ռ․ Խաչատրյանը։