Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Ս․թ․ ապրիլի 30-ին ՀՊՏՀ գիտական խորհրդի նիստում ընդունվել է «ՀՊՏՀ գիտամանկավարժական կազմի ընտրության եւ տեղակալման կանոնակարգը»: Ձեզ ենք ներկայացնում մեր նկատառումները սույն կանոնակարգի՝ ՀՀ գործող մի շարք օրենքներին եւ բուհի կանոնադրությանը հակասող դրույթների մասին:

1. Սույն կանոնակարգի նախագիծը, մինչ ՀՊՏՀ գիտական խորհրդի հաստատմանը ներկայացնելը, պետք է քննարկվեր համապատասխան ամբիոններում եւ ֆակուլտետների գիտական խորհուրդներում, որովհետեւ դա «ՀՀ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջն է, ըստ որի՝ «Բուհի աշխատողն իրավունք ունի մասնակցելու բուհի գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը եւ լուծմանը»: Օրենքի այս դրույթը չի պահպանվել: Կանոնակարգի նախագիծը տրամադրվել է միայն գիտխորհրդի անդամներին, այն էլ՝ ընդամենը երկու աշխատանքային օր առաջ:

Աշխատակիցների կողմից եղել են դժգոհություններ, իսկ համալսարանի առանցքային ամբիոններից՝ տնտեսագիտության տեսության, իրավունքի եւ քաղաքագիտության ամբիոններն ընդունել են միաձայն որոշում՝ դիմել համալսարանի ղեկավարությանը՝ սույն կանոնակարգի կիրարկումը կասեցնելու միջնորդությամբ:  

2. Սույն կանոնակարգի ընդունմամբ խախտվել են «ՀՀ կրթության մասին» օրենքի 50-րդ հոդվածի 4-րդ կետի եւ «ՀՀ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 50-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջները, որոնց համաձայն՝ ուսումնական հաստատությունը պետք է ապահովի աշխատողների մասնագիտական որակի բարձրացման եւ վերապատրաստման գործընթացները, եւ բուհի աշխատողը պարտավոր է ոչ պակաս, քան 5 տարին մեկ, սահմանված կարգով անցնել վերապատրաստման կամ որակավորման բարձրացման:

3. Ապրիլի 30-ի ՀՊՏՀ գիտխորհրդի քննարկմանը ներկայացված կանոնակարգի նախագծի 1.1 կետում՝ որպես սույն կանոնակարգի հիմք, մատնանշվել է «ՀՀ կրթության մասին» օրենքի, «ՀՀ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի եւ ՀՊՏՀ կանոնադրությունը, մինչդեռ  հաստատված կանոնակարգից միտումնավոր հանվել են այդ իրավական ակտերը, քանի որ ողջ կանոնակարգը եւ մասնավորապես՝ դասախոսական կազմի մրցութային ընտրության չափանիշները ոչ մի կապ չունեն կրթության պատշաճ կազմակերպման հետ: 

4. Ընդունված կանոնակարգը տասնյակից ավելի այնպիսի չափանիշներ է ներառել, որոնք հակասում են ոչ միայն Սահմանադրությանը եւ կրթության ոլորտը կարգավորող օրենքներին, այլեւ ՀՀ մի շարք օրենքների, այդ թվում՝ «Լեզվի մասին» օրենքին (առաջին, երկրորդ եւ հինգերորդ հոդվածներ):

5. Նույն կանոնակարգի հավելված 3-ում ներկայացված մասնագիտական դասընթացների համար դասախոսական կազմի մրցութային ընտրության չափանիշներն անընդունելի են, որովհետեւ դրանց կիրառման արդյունքում հնարավոր չէ օբյեկտիվորեն գնահատել մասնակիցների հմտությունների, կարողությունների եւ մասնագիտական գիտելիքների համապատասխանությունը հայտարարված առարկայական մրցույթին: Ընդհանրապես՝ այս կարգը որեւէ կապ չունի մրցույթին մասնակցողի պրոֆեսիոնալիզմի հետ: 

6. Դասախոսական կազմի մրցութային ընտրության չափանիշների մեջ բացակայում է թափուր տեղի համար հավակնող դասախոսների վերաբերյալ ուսանողների կարծիքը: Միգուցե այս պահանջը «վտանգավոր է» սույն կանոնակարգը հաջողությամբ կյանքի կոչելու համար: 

7. Մտահոգիչ են նաեւ սույն կանոնակարգի 3-րդ՝ «Գիտամանկավարժական կազմի տեղակալման չափանիշները եւ մրցույթի իրականացման կարգը» մասի կետերով նախատեսված մրցութային հանձնաժողովի թափուր տեղի հավակնող մասնակցի մասնագիտական գիտելիքների, լեզուների, մաթեմատիկական գիտելիքների եւ այլ հմտությունների գնահատման գործառույթները, ընդ որում՝ ոչ միայն մասնագիտական, այլեւ վստահելիության խնդրի առումով. չէ՞ որ հանձնաժողովի կազմը` ռեկտորի անմիջական ենթակայությամբ, հիմնականում վարչական աշխատողներ են: Խնդիրն այն է, որ մասնագիտական գիտելիքների եւ այլ հմտությունների վերաբերյալ յուրաքանչյուր մասնագետ ունի որակավորման դիպլոմ կամ այլ համապատասխան վկայագիր (որի հավելվածում նշված է տվյալ մասնագիտությամբ սովորելու ընթացքում հանձնած առարկայական քննությունների եւ ստուգարքների ցանկը), հավաստագրեր եւ մի շարք առարկաների գծով հանձնված որակավորման քննությունների վկայագրեր: Սույն կանոնակարգով, փաստորեն, կասկածի տակ է դրվում այդ բոլոր փաստաթղթերի իսկությունը: Ակնհայտ է, որ թափուր տեղի համար հայտարարված մրցույթի պահանջներին մասնակիցների համապատասխանությունը պետք է որոշվի գիտական կոչումով, աշխատանքային փորձով, հրատարակած ուսումնական ձեռնարկներով, մենագրություններով եւ գիտական հոդվածներով, դասախոսի վերաբերյալ ուսանողների գնահատումներով եւ այլն: Մինչդեռ այս չափանիշներից եւ ոչ մեկը հաշվի առնված չէ այս կանոնակարգով: 

8. Տարօրինակ ու զավեշտալի է սույն կանոնակարգի 9-րդ կետը, համաձայն որի՝ գիտամանկավարժական կազմի թափուր պաշտոնների տեղակալման համար տրվում է մրցույթ՝ ըստ դասընթացների, որը հակասում է «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերի պահանջներին: Այսինքն՝ մրցույթի հայտարարությունը վերաբերում է ոչ թե պաշտոնների տեղակալմանը կամ հաստիքներին (ինչն օրենքի իմպերատիվ պահանջ է), այլ ընդամենը՝ թափուր դասաժամերին: Սակայն հենց սույն կանոնակարգի 1-ին կետը նշում է «Գիտամանկավարժական կազմի ընտրության եւ պաշտոնների տեղակալման չափանիշները, պայմաններն ու կարգը»:
Ուշադրության արժանի եւս մի փաստ. ըստ կանոնակարգի՝ մրցույթին չեն մասնակցում մրցույթով անցած եւ 5 տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր ունեցողները: Իսկ ինչո՞վ են մեղավոր այն դասախոսները, որոնց պաշտոնի տեղակալման համար բուհի նախկին ղեկավարների կողմից միտումնավոր մրցույթ չի հայտարարվել, իսկ այժմ էլ այս մրցույթի արդյունքում պետք է հրամանագրվեն ոչ ավելի, քան երեք տարի: 

9. Կասկածի տակ է ՀՊՏՀ գիտական խորհրդի լեգիտիմությունը՝ երկու պատճառաբանությամբ. 
ա) ՀՊՏՀ գիտական խորհրդի կազմի 25%-ն ուսանողներ են, որոնց մասնակցությունն անօրինական է, քանի որ, ըստ «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 7-րդ կետի, սահմանվում է, որ բուհերի «Ուսանողական խորհուրդների ստեղծման եւ գործունեության կարգը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը»: Մինչդեռ 2010 թ.-ից գործող օրենսդրական այս պահանջը խախտվել է, ներկայիս ուսանողական խորհուրդն օրինական կառույց չէ, այլ նախկին իշխանությունների «սաքուլիկների» խումբ: 

բ) Գիտական խորհրդի կազմում նախկին եւ գործող ռեկտորների կողմից ընդգրկվել են անձինք (ստորաբաժանումների ղեկավարներ եւ այլ աշխատակիցներ)՝ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ կետի եւ ՀՊՏՀ-ի կանոնադրության 19-րդ կետի պահանջների խախտմամբ: Նրանք չեն իրականացնում բուհի ո՛չ գիտամեթոդական, ո՛չ գիտահետազոտական գործունեություն, աշխատանք, ինչը հենց գիտխորհրդի քննարկման եւ լուծման խնդիրն է: Փաստացի, գիտական խորհրդի կազմում հրամանագրվել են դասախոսներ, ովքեր, համաձայն «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի, պետք է ընտրվեին եւ ոչ թե ուղղակի հրամանագրվեին ռեկտորի կողմից: Ցավալի է, որ հենց այդ անձանց մեծամասնությամբ էլ կազմվել է մրցութային հանձնաժողովը: 

11. ՀՀ ԿԳ նախարար պրն Ա. Հարությունյանի վերջերս արված պաշտոնական հայտարարությամբ մոտ ժամանակներս «Բարձրագույն կրթության  մասին» ՀՀ օրենքի նախագիծը  դրվելու է Ազգային ժողովի քննարկմանը եւ հաստատմանը: Այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված, որակապես այլ չափանիշներ նախատեսող նոր օրենքի ընդունմանը չսպասելով, նման կանոնակարգի շուտափույթ ու հապճեպ ընդունման եւ կիրարկման գործընթացը ՀՊՏՀ-ում: Չէ՞ որ բուհում ցանկացած կանոնակարգ պետք է բխի «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի դրույթներից: 
Մեծարգո պրն վարչապետ 

«Բուհը, նրա օրենքն ու կարգը այդ ես եմ» սկզբունքով գործող ՀՊՏՀ-ի դեռեւս մրցույթով չընտրված ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի աշխատաոճի պատճառով ստիպված ենք խնդրանքով դիմել Ձեզ՝ որպես «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առեւտրային կազմակերպության հիմնադիր մարմնի ղեկավարի՝ դադարեցնելու ՀՀ օրենքներին ու ՀՊՏՀ կանոնադրությանը հակասող կանոնակարգի կիրարկումը եւ պաշտպանելու Աշխատանքային օրենսգրքով եւ այլ օրենքներով սահմանված մեր իրավունքները:

Գագիկ ԱՍԼԱՆՅԱՆ
(26 ստորագրություն)