Աշակերտները վրեժ են լուծում տնօրենի հեռացման համար

Աշակերտները վրեժ են լուծում տնօրենի հեռացման համար

Գյումրու թիվ 37 ավագ դպրոցի աշակերտների ծնողներն անհանգիստ են: Նրանց խոսքերով, նախկին տնօրեն Աստղիկ Ավետիսյանի հեռանալուց հետո դպրոցում կատարյալ քաոս է: Հիշեցնենք, որ տնօրենն ինքնակամ ազատման դիմում էր գրել, նրա դեմ քրեական գործ էր հարուցվել՝ ուսուցիչներից մի քանիսի ցուցմունքների հիման վրա: Դպրոցի աշակերտներն ու ուսուցիչներից շատերը նրա հեռանալը ցավով են ընդունել, ավելին՝ չեն համակերպվում:

Ծնողներից մեկի խոսքով՝ դպրոցի մթնոլորտն իր դստեր համար անտանելի է դարձել, քանի որ աշակերտներից ոմանք իրենց առջև նպատակ են դրել վրեժ լուծել այն ուսուցիչներից, որոնք Աստղիկ Ավետիսյանի հեռանալու պատճառն են դարձել: Երեկ նույնիսկ  ցուցարար աշակերտները դասադուլ են հայտարարել, պահանջել ուսուցիչներից մի քանիսի հրաժարականը: Բանը հասել է նրան, որ դպրոցը հսկողության տակ են վերցրել ոստիկանները: Աշակերտները պնդում են, թե ուսուցիչներն իրենց հետ խոսում են սպառնալիքով, լարված են պահում իրենց, եւ պատճառը ոչ թե նախկին տնօրենն է,  այլ՝ նրանց վերաբերմունքն իրենց նկատմամբ: Դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Գասպարյանը որևէ հիմք չի տեսնում ուսուցիչներին աշխատանքից ազատելու համար: Շիրակի մարզպետարանի կրթության վարչությունն էլ այդ հարցում ձեռնպահ է, քանի որ ավագ դպրոցները նախարարության անմիջական ենթակայության տակ են: 

Նկատենք, որ Գյումրու թիվ 37 դպրոցում ծավալվող իրադարձությունները ֆեյսբուքյան տիրույթում գյումրեցի օգտատերերի կողմից նույնպես քննարկվում են: Նրանցից ոմանք  աշակերտների պահվածքը սանձարձակություն են համարում, ոմանք էլ ընկալում են որպես իրավունքների պաշտպանություն:  

«Երկար տարիներ դպրոցում աշխատելով՝ կարող եմ մեծ զայրույթով նշել, որ, իրոք, սերունդը փոխվել է, ու դրանում, պետք է նշեմ, մեղավորները շատ են։ Առաջին հերթին անպատժելիության մթնոլորտ է տիրում, խոսքի հիմար ազատություն են տվել, աշակերտին վեր են բարձրացրել ուսուցչից։ Մի հատ լավ «քոթակ» է պետք այդ՝ չեմ վախենա բարձրաձայն նշելուց, անդաստիարակ աշակերտներին, անչափահասներին, որոնց սերմանել են, թե ունեն միայն իրավունքներ։ Դուք նաև պարտականություններ ունեք։ Չնայած՝ ինչի՞ մասին եմ խոսում, երբ վերուստ բազում են օրինակները»,- գրել է օգտատերերից մեկը: Մեկ այլ օգտատեր նշել է. «Բայց ի՞նչ կա զարմանալու, անցյալ տարի այս օրը աշակերտներին փողոց հանեցին, ուսուցիչներին կոռումպացված համարեցին ու ստորացրին աշակերտի աչքին։ Իսկ հիմա իրենց ցանածն են հնձում։ Իսկ նման վարքագիծ դրսևորող աշակերտուհին վաղն էլ ամուսնու տանը միտինգ կանի ու սկեսրոջ հրաժարականը կպահանջի` առանց հայելու մեջ ինքն իրեն նայելու ու իր սխալները գիտակցելու»։

«Եթե իրավաբանորեն պարզվի, որ ուսուցչուհին սպառնացել է աշակերտին, ապա անմիջապես պիտի հեռացնել աշխատանքից եւ ենթարկել պատասխանատվության»,- առարկել է երրորդը: