ՄԱԿ-ում ՀՀ պատվիրակության աննախադեպ վարքագիծը մտորումների տեղիք է տալիս 

ՄԱԿ-ում ՀՀ պատվիրակության աննախադեպ վարքագիծը մտորումների տեղիք է տալիս 

Վերջին տասնամյակի ընթացքում առաջին անգամ ՄԱԿ-ում Հայաստանի պատվիրակությունն աննախադեպ վարքագիծ դրսեւորեց՝ դեմ չքվեարկելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանի քննարկմանը դրված՝ Աբխազիայից եւ Հարավային Օսեթիայից տեղահանված վրաց փախստականների ճակատագրին նվիրված բանաձեւին։ Պատվիրակությունը պարզապես չմասնակցեց քվեարկությանը, ինչը վրաց փորձագետներն անմիջապես որակեցին որպես «հաճելի անակնկալ»։

Թե ինչու Երեւանը, որի պատվիրակները մինչ այժմ միջազգային տարբեր հարթակներում, նույնիսկ միանգամայն «անմեղ» փաստաթղթերի պարագայում, քվեարկում էին բացառապես Մոսկվային հաճո կերպով՝ հաճախ հայտնվելով Հյուսիսային Կորեայի, Զիմբաբվեի, Վենեսուելայի ու նմանատիպ այլ «իզգոյների» հետ նույն, շատերի գնահատմամբ՝ ամոթալի խմբում, այս անգամ փոխեց վարքագիծը, կարելի է միայն ենթադրել։   

ՄԱԿ-ում տեղի ունեցած այս քվեարկությանը նախորդել էր Նուր Սուլթանում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել էր նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնենք․ որոշ դիտարկումներով՝ այդ նիստի ընթացքը «նշանավորվեց» Փաշինյանի հանդեպ ցույց տրված ոչ այնքան հարգալից արարողակարգային վերաբերմունքով։ Իհարկե, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանում Հայաստանի պատվիրակության վարքագիծն անմիջականորեն այդ հանգամանքով պայմանավորելը թերեւս միամտություն կարող է դիտվել, թեեւ չի բացառվում, որ այն ինչ-որ դեր, այնուամենայնիվ, ունեցել է, հատկապես հաշվի առնելով հանգամանքը, որ քվեարկությանը չմասնակցելն այս դեպքում ամենեւին էլ Ռուսաստանի դիրքորոշմանը հակադրվել չի նշանակում ու դժվար թե Կրեմլին մղի ինչ-ինչ պատասխան դեմարշների։ Այդուհանդերձ, կարելի է պնդել, որ ՄԱԿ-ում հայերի վարքագիծը չի վրիպի ռուսաստանյան մեդիայի ամենատես աչքից, ու մի օր իրենց համար հարմար մի պահի նրանք դա անպայման «մեյդան կհանեն»։

Նաեւ պնդել, որ հայկական պատվիրակության այս աննախադեպ վարքագծի պատճառն ավելի լուրջ է ու թաքնված է հայ-ռուսական հարաբերությունների վերջին ամիսների հոլովույթներում, նույնպես հեշտ չէ։ Սակայն հանգամանքը, որ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը բավականին լղոզված բացատրություն տվեց կատարվածին, ենթադրել է տալիս, որ այդ հարաբերություններում, այնուամենայնիվ, ինչ-որ բան այն չէ։ Վկայակոչելով Ռուսաստանի հետ «խորը, խորագույն, ռազմավարական գործընկերությամբ» Հայաստանի հարաբերությունները՝ նախարարը միեւնույն ժամանակ ընդգծեց նաեւ «Վրաստանի հետ կարեւորագույն դրացիական ու անվտանգային համագործակցությունը»։ Արտգործնախարար Նալբանդյանից, հիշեցնենք, մենք երբեք, անգամ լղոզված ու անհստակ մեկնաբանություն չէինք լսել։ 

Սակայն ինչն էլ լինի ՄԱԿ-ում մեր պավիրակության դրսեւորած վարքագծի իրական պատճառը, կարելի է ասել, որ դրանով միջազգային հարթակներում Հայաստանի ու Ռուսաստանի ներկայացուցիչների այդքան գովերգված համագործակցությունն այսուհետ որակական լուրջ փոփոխություն է կրելու՝ մի կողմից ինչ-որ չափով Հայաստանին վերադարձնելով անկախ պետականություն եւ սեփական կամք ունենալու վաղուց կորսված իմիջը, մյուս կողմից, հնարավոր է միանգամայն այլ ոլորտներում, հանգեցնելով Երեւանի ու Մոսկվայի հարաբերությունների որոշակի լարմանը։ 

Այդ հարաբերություններում խիստ բացասական շրջադարձեր, այնուամենայնիվ, դժվար է ակնկալել՝ տեղի ունեցածը չափազանց անէական, առավել եւս անհասցե է, ինչը դժվար թե Մոսկվային մղի «փոքր եղբոր» հանդեպ պատժիչ գործողությունների։ Անգամ չի կարելի բացառել, որ հայկական պատվիրակության գործողությունները նախապես համաձայնեցված են եղել ռուսների հետ․ իսկ թե ինչու, միայն կարելի է անորոշ կռահումներ անել։ 

Բավականին մեծ է, սակայն, կատարվածի դրական քարոզչական էֆեկտը հենց Հայաստանի ներսում․ փաստորեն, հանրությունն այսպիսվ ականատես է լինում երկրի ինքնիշխանության ամրապնդմանն ուղղված մի քայլի։ Այդ էֆեկտը, ենթադրաբար, դրական ազդեցություն կունենա նաեւ Երեւան-Թբիլիսի ոչ այնքան կատարյալ հարաբերությունների վրա, ինչը գոնե հայկական կողմի համար խիստ կարեւոր է։ Այս քայլին կհետեւե՞ն արդյոք համանման այլ քայլեր, թե ոչ՝ պարզ կդառնա մոտ ապագայում։ Հենց այդ ժամանակ էլ թերեւս հնարավոր կլինի ավելի հեռուն գնացող դատողություններ անել այդ քայլերի ու առհասարակ՝ հայ-ռուսական հարաբերությունների որակի մասին։