Մեզ մեծ գումարներ պետք չեն․ Արփինե Հովհաննիսյանը՝ իր հիմնած ՀԿ-ի ֆինանսավորման և գործունեության մասին

Մեզ մեծ գումարներ պետք չեն․ Արփինե Հովհաննիսյանը՝ իր հիմնած ՀԿ-ի ֆինանսավորման և գործունեության մասին

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, ով տակավին վերջերս կասեցրեց իր անդամակցությունը հարազատ կուսակցությանը՝ ՀՀԿ-ին, երեկ «բացեց փակագծերը», թե ինչով է զբաղվելու ինքը քաղաքականությունից դուրս գալուց հետո։ Հովհաննիսյանն իր գործընկերոջ՝ փաստաբան Վահագն Գրիգորյանի հետ հիմնադրել է «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ-ն, որի հիմնական նպատակն է մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարական ինստիտուտների և իրավունքի գերակայության ամրապնդումը։

«Այս նպատակին հասնելու համար կան տարբեր ուղիներ, սակայն մենք ընտրել ենք ամենաառանցքայինները՝ կրթությունը եւ վերահսկողությունը։ Մեր գործունեության ուղղությունները բազմաթիվ են, մենք լինելու ենք ամենատարբեր ոլորտներում, վերահսկելու ենք պետական յուրաքանչյուր մարմնի, յուրաքանչյուր պաշտոնյայի այն գործունեությունը, որը կարող է վտանգել մարդու իրավունքները, ժողովրդավարության եւ իրավունքի գերակայությունը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Հովհաննիսյանը։


Նա նաև իրենց հետ համագործակցության կոչ է անում բոլոր ցանկացողներին, ինչպես նաև տրամադրում հաշվեհամար (19300 965043604 Կոնվերս բանկ), որպեսզի ցանկացողները ֆինանսական աջակցություն ցուցաբերեն իրենց ՀԿ-ին։ Մարտի սկզբին կհրապարակվի նաև «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ-ի առաջին զեկույցը։


Hraparak․am-ը հետաքրքրվեց Արփինե Հովհաննիսյանից՝  րքանո՞վ է իր կազմակերպությունն առնչություն ունենալու քաղաքականության, և արդյոք ՀՀԿ-ին անդամակցումը դադարեցնելը ենթադրո՞ւմ էր, որ ինքը չի ցանկանում, որ իր ՀԿ-ն ասոցացվի որևէ քաղաքական ուժի հետ։


«Կասեցումը ենթադրում է անաչառություն։ Քաղաքականության հետ առնչությունը լինելու է այնքանով, որ ՀԿ-ն իր ուշադրության կենտրոնում պահելով հարցեր, ինչպիսիք են մարդու իրավունքների պաշտպանությունը, իրավունքի գերկայությունը, ժողովրդավարությունը, պետական մարմինների թափանցիկությունը և այլն, այսպես, թե այնպես վերահսկելու է պետական մարմինների գործունեությունը։ Եւ եթե դա դիտարկվելու է քաղաքականության համատեքստում, դա գուցե և դիտվի բնականոն։ Բայց քաղաքական ուղղվածություն, բնականաբար, չի ունենալու»,-ասաց նա։


ԱԺ նախկին փոխնախագահի հիմնադրած ՀԿ-ն նաև թրեյնինգներ ու դասընթացներ է կազմակերպելու տարբեր թեմաների շուրջ։ «Այս տեսանկյունից մեր ուշադրության կենտրոնում լինելու է կրթական կոմպոնենտի ուժեղացումը, որովհետև միայն սեփական իրավունքների գիտակցումը, բոլոր նորմերի, դրույթնեի, կանոնակարգումների իմացությունն է, որ թույլ է տալիս պատշաճ կերպով վերահսկել պետական մարմինների գործունեությունը»,-նշեց նա։


Անդրադառնալով ֆինանսավորմանը, թե արդյոք ունե՞ն այս պահին ֆինանսավորման աղբյուրներ, թե՞ հիմնական հույսը տարբեր ֆիզիկական, իրավաբանական անձանց կողմից աջակցությունն է, Արփինե Հովհաննիսյանն ասաց․ «Մեզ մեծ գումարներ պետք չեն, առայժմ փոքր ներդրում արել ենք ես և մեր մյուս համահիմնադիրը, օրենքով չարգելված բոլոր աղբյուրներից էլ ֆինանսավորում լինելու է»։