Ի՞նչ իմաստ ունի համամասնական ընտրակարգը, եթե…

Ի՞նչ իմաստ ունի համամասնական ընտրակարգը, եթե…

Եկող տարի Արցախում տեղի կունենան նախագահի եւ խորհրդարանի միաժամանակյա ընտրություններ: Սահմանադրությամբ խորհրդարան կձեւավորվի  համամասնական ընտրակարգով: Ներկայումս Ազգային ժողովը պատրաստվում է ընդունել ընտրական նոր օրենսգիրք: Ընդ որում, քաղաքական ուժերից յուրաքանչյուրն իրեն է վերագրում հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու նախաձեռնությունը: Համարվում է, որ դա ժողովրդավարության հաղթանակն է: Ոչ ոք, սակայն, չի շոշափում գլխավորը՝ ի՞նչ իմաստ ունի համամասնական ընտրակարգը, եթե սահմանադրությամբ կառավարություն ձեւավորելու միանձնյա իրավունքը վերապահված է Հանրապետության նախագահին, խորհրդարանը նույնիսկ չի քննարկում կառավարության գործունեության ծրագիրը:

Համամասնական ընտրակարգի իմաստն այն է, որ խորհրդարանի ընտրություններում հաղթած կուսակցությունը կամ դաշինքն է ձեւավորում կառավարություն, երկրի սոցիալ-տնտեսական զարգացման իր ծրագիրը ներկայացնում եւ ստանում այն իրականացնելու գործադիր լծակներ: Արցախում, ինչպես ասվեց, այդ իրավասությունը սահմանադրությամբ վերապահված է նախագահին, նա է գործադիր իշխանության ղեկավարը: Եւ քանի որ նախագահի եւ խորհրդարանի ընտրությունները պետք է կայանան նույն օրը, ապա տրամաբանական է, որ նախագահի հաղթած թեկնածուն կունենա նաեւ խորհրդարանական մեծամասնություն: Մյուս կուսակցությունները խորհրդարանում որեւէ լծակի չեն տիրապետի: Ահա այսպիսի սահմանադրություն է ընդունվել 2017թ.-ին, հիմնական օրենք, որը Հանրապետության նախագահին օժտում է բացարձակ, գրեթե միապետական լիազորություններով:

Գործող նախագահ Բակո Սահակյանը, հավատարիմ ներքաղաքական համաձայնության իր որդեգրած սկզբունքին, «միապետի» լիազորությունները հիմնականում չի գործադրում: Բայց ի՞նչ երաշխիք, որ նույն ոճով կաշխատի նաեւ նրա հաջորդը, ուստի Արցախում կա սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն: Նախագահի հավանական թեկնածուներից ոչ ոք այդ մասին դեռեւս տեսակետ չի արտահայտել:

Ըստ երեւույթին, նման պահանջ պետք է դնեն քաղաքական ուժերը: Ժամանակը սեղմ է, բայց ցանկության դեպքում հնարավոր է մշակել սահմանադրական փոփոխությունների նախագիծ եւ այն նախագահի ու խորհրդարանի ընտրության հետ միաժամանակ դնել հանրաքվեի: Որպեսզի ընտրված նախագահը «միապետի» լիազորություններ չունենա: Որպեսզի Ազգային ժողովն ստանա գործադիր իշխանության նկատմամբ վերահսկողության իրական լծակներ: Որպեսզի ապագա ԱԺ-ում ընդդիմությունը զրկված չլինի գործընթացների վրա ազդեցության հնարավորությունից: Հակառակ դեպքում խորհրդարանի հարյուր տոկոսանոց համամասնական ընտրությունները կվերածվեն քաղաքական ֆարսի: