Խելացի աղբամաններ, Ծաղիկների այգի, և ծաղկող աղբամաններ․ ինչ են առաջարկում երևանցիները

Խելացի աղբամաններ, Ծաղիկների այգի, և ծաղկող աղբամաններ․ ինչ են առաջարկում երևանցիները


Քաղաքապետարանի «Ակտիվ քաղաքացի» հարթակի լավագույն առաջարկների համար խոստացված է մինչև 1 միլիոն դոլար։ Հարթակի հիմնական պայմաններով՝ առաջարկները պետք է լինեն հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող, ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են, ներկայացված կիրթ և գրագետ հայերենով, այլ անձանց իրավունքները չոտնահարող, և վերջապես՝ լինեն իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 
Առաջարկներից ամենաշատը վերաբերում են աղբին ու ծաղիկներին, տեսանք անգամ ծաղկող աղբամանների առաջարկ։

Բայց կան նաև առաջարկներ հետևյալ ոլորտներում՝ բնապահպանություն, առողջություն և բժշկություն, գիտություն և նորարարություն, զբոսաշրջություն, կանաչ քաղաք և բարեկարգում, կրթություն, շինարարություն, սպորտ, շինարարական ոլորտ, տրանսպորտ և քաղաքային միջոցառումներ և այլ։

Վ․Հակոբյան անուն-ազգանունով քաղաքացին, օրինակ առաջարկում  է ստեղծել Ծաղիկների այգի և այն դարձնել Հայաստանի տեսարժան վայրերից մեկը։

Որպես տարածք առաջարկվում է դիտարկել Բուսաբանական այգին:
«Գիտեմ այնտեղ շատ հազվադեպ բույսեր կան, որոնց շարքը կարելի է համալրել նոր գունագեղ ծաղիկներով: Նոր ոճավորումը առավել գրավիչ կդարձնի այն թե՛ մեր, և թե՛ տուրիստների համար: Նմանատիպ այգի կա Դուբայում, որտեղ ձգտում են լինել բոլոր տուրիստները: Սկզբնական կառուցումը կհատկացնի ֆոնդը, պահպանումը կապահովի մուտքավճարը»,-գրել է օգտատերը։
Մեկ այլ առաջարկ՝ տեղադրել խելացի աղբամաններ։ Խելացի աղբամանն ունենալու է արեւային էներգիայով աշխատող  ավտոմատ աղբարկղային կոմպակտոր, որը թույլ է տալիս հինգ անգամ ավելի շատ թափոններ անցկացնել, քան կանոնավոր կերպով: Եվ երբ աղբամանն ամբողջովին լցված է, այն փոխանցում է անլար (wireless) ազդանշան աղբահանության կառավարման կենտրոնի օպերատորին՝ ասելով, որ ժամանակն է այն դատարկել:

Մի կին առաջարկում է քաղաքային աղբամաններին, «որոնց նկատամամբ մենք այդքան անտարբեր ենք» հրապուրիչ տեսք տալ: Իսկ ինչպե՞ս...

Քայլ 1. Աղբամանների շուրջը հավաքվում է երկաթից հիմնակմախք (կարկաս):

Քայլ 2. Աղբամանների երկու կողմից տնկվում են փաթաթվող վարդի թփեր: 

Քայլ 3. Նախագծից հետո ունենում ենք սիրուն ու անուշահոտ Երևան: 

Աղբի մասով առաջարկները շատ են՝ աղբի տարանջատում՝ պլաստիկ, մետաղ, ապակի և այլ աղբ։ Առաջարկվում է  ձեռք բերել տարբեր աղբամաններ աղբը տարանջատելու նպատակով։ Մեկ կարևոր նշում. այս առաջարկը էլ ավելի օգտակար կլինի աղբի վերամշակման գործարանի առկայությամբ։ 

Քաղաքային միջոցառումների ոլորտում, օրինակ, առաջարկվում է՝ տեղադրել, լուսաանդրադարձնող հարմարանքներ փողոցների բաժանարար գծերի երկայնքով՝հատկապես վատ լուսավորված հատվածներում: Լուծումը․ ըստ հեղինակի՝ համընթաց ուղղության լուսանրադարձնող հարմարաքները կարող են լինել սպիտակ, հակառակ ուղղության բաժանարար գծերը կարմիր, հետիոտնային անցումները դեղին և ալյն, այս դեպքում, եթե փողոցը լավ լուսավորված էլ չի, մեքենայի լույսի հաշվին մարդիկ ավելի լավ կերթևեկեն:

Նմանատիպ մեկ այլ առաջարկ։ Երևանում փոխարինել ճանապարհային նշանները LED վահանակներով, որի վրա հնարավոր կլինի պատկերել կոնկրետ նշանը։ Վահանակները կլինեն ունիվերսալ, որոնց մեջ հնարավոր կլինի արտապատկերել ճանապարհային ցանկացած նշան և օրինակ փոփոխության անհրաժեշտության դեպքում նշանի ֆիզիկական փոփոխություն անհրաժեշտ չի լինի։ Միայն պատկերի փոփոխություն կկատարվի հատուկ ծրագրային ապահովման միջոցով։ Այսինք նշանը կփոփոխվի 1 կոճակի հպումով։ Որպես սնուցման միջոց վահանակների վրա տեղադրված կլինեն արևային վահանակներ։ Այս տեսակի նշանները ապահովում են շատ ավելի լավ տեսանելիություն օրվա ցանկացած ժամի ի տարբերություն այժմ կիրառվող արտացոլող ծածկույթով նշանների։ Որպես հիմնավորում նշվում է, որ նմանատիպ նշաններ, որոնք կիրառվում են աշխարհի մի շարք երկրներում։ Ինչպես նաև կարճ տեսանյութ, որտեղ նկարագրվում այսպիսի նշանների առավելությունները։

Հարթակի փակմանը մնացել է 65 օր։