Մեզ ո՞ր ջհաննամն եք տանում, Հայկո․․․

Մեզ ո՞ր ջհաննամն եք տանում, Հայկո․․․

Երբ մարդուն ուզում ես ճանաչել, մեծ բաների ետևից մի ընկիր։ Ամենափոքր, մանրուք թվացող երևույթներին  ուշադրություն դարձրու։ Մանրակերտային ճշգրտություն ունի նման դիտարկումը և երբե՜ք չես սխալվում։ Հատկապես մայիսյան հաղթանակի օրերին բոլորը հաղթանակներից են խոսում, եռատոնից։ Հաճախ է պատահել, երբ պաշտոնյային հարցրել եմ՝ Եռատոներից ո՞րն է ավելի թանկ ձեզ համար։ Հիմար վիճակից դուրս գալու համար ասել է՝ երեքն էլ թանկ են։ 

Նման պաշտոնյայի հետ արժե՞ «լեզու թրջել» կամ թեմա բացել։

Հաղթանակի զբոսայգում Հայկոն լրագրողների հետ զրույցում ասում է․ «Շատ կարևոր օր է այսօր՝ եռատոն է․․․» Ներքին վախով սպասում էի, որ լրագրողը եռատոների մասին մի բան կհարցնի, բայց չէ, Հայկոն ինքն է խոսում․ «Սա մեծ պատմություն է, սա հայ ժողովրդի մեծ ներդրումն է հայրենակցական պատերազմում»։ Հայրենակցականը հայրենակիցներից  կազմված հայրենակցական միություն է։ Իսկ «Հայրենական մեծ պատերազմ» անվանումը սկսեց գործածվել ԽՍՀՄ-ում Ստալինի ժողովրդին ուղղված ռադիոուղերձից հետո՝ 1941 թվականի հուլիսի 3-ին։ Ուղերձում «մեծ» և «հայրենական» բառերը գործածվում էին առանձին։

Եթե Ստալինը կենդանի լիներ,  Հայկոյի գործերը լավ չէին լինի։

Ամեն անգամ նման մի բան գրելուց ասում են՝ բառերի ետևից եք ընկնում։ Ախր սա բառ չէ, սա մանրուք չէ, սա պատմություն է մի ողջ ժողովրդի․․․ Երբ երկրի գլխավոր դեմքերից մեկը չի հիշում, որ Շուշիի ազատագրման օրն է, իսկ մյուսը Մեծ Հայրենականը հայրենակցական է անվանում։

Գուցե էլի ասեք՝ մանրուք է, իսկ ես կասեմ, ո՜չ, մեզ անդունդ են քաշում, պատմության մոռացության անդունդը․․․ Իմացությամբ, թե չիմացությամբ՝ հարցի մի այլ կողմն է։ Մինչև ընտրությունը Հայկոն մահվան վերելակներից էր խոսում, այդ վերելակներն ավելի քիչ վտանգավոր են, քան պատմությունը կորցնելու մահվան վերելակները։ Չհարցնե՞նք՝ մեզ ո՞ր ջհաննամն եք տանում․․․