Օպտիմալիզացիան մեկ բան է, կրճատումը՝ այլ

Օպտիմալիզացիան մեկ բան է, կրճատումը՝ այլ

Մինչ կձեւավորվի օրենսդիր իշխանությունը, եւ կսկսեն իրականացնել իշխանության խոստացած տնտեսական հեղափոխությունը, երեկ բողոքի ալիք բարձրացավ սփյուռքի եւ մշակույթի նախարարությունների աշխատակիցների կողմից, որոնց գերակշիռ մասը Փաշինյանի օպտիմալացման քաղաքականության արդյունքում կհամալրի գործազուրկների շարքերը։ Ուշագրավ է, որ «Իմ քայլը» դաշինքի նորաթուխ պատգամավորները երեկ՝ ասես ձեն ձենի տված, ընդհատակ էին անցել, ինչի պատճառով չհաջողվեց նրանց կարծիքը լսել ստեղծված իրավիճակի մասին։ Մեզ հաջողվեց կապ հաստատել ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանի հետ, ով նույնպես «Իմ քայլը» դաշինքից Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերից ռեյտինգային ընտրակարգով պատգամավոր է դարձել։


- Պարոն Խաչատրյան, հիմնավո՞ր եք համարում սփյուռքի եւ մշակույթի, ինչպես նաեւ այլ նախարարությունների միավորումը, որն իր հերթին նաեւ սոցիալական բողոքի ալիք է կարծես բարձրացնում իշխանության դեմ, առավոտից գործադուլ են իրականացնում նշված նախարարությունների աշխատակիցները։
- Ես, անկեղծ ասած, տեղյակ չեմ ակցիայից, իսկ օպտիմալացման մասով կարող եմ ասել, որ կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի օպտիմալացման արդյունքում մարդիկ չմնան անգործ, չկրճատվեն։ Օպտիմալիզացիան մեկ բան է, կրճատումը՝ այլ, եւ մաքսիմում անում է ամեն ինչ, որ կրճատումներ չլինեն։
- Մի կողմից իշխանությունը գնում է որոշ նախարարություններում օպտիմալացման, մյուս կողմից՝ խորհրդարանում մոտ 30-ով ավելի պատգամավոր ենք ունենալու, չե՞ք կարծում, որ նման խտրական վերաբերմունքի համար ձեզ կարող են չներել։
- Սա արդեն գիտական հիմքեր չունեցող խոսակցություններ են, բոլոր ուղղություններով, որով հնարավոր է տնտեսել եւ վնաս չպատճառել քաղաքացիներին, պետք է արվի։
- Խորհրդարանում էլ էր հնարավոր տնտեսել ու վնաս չպատճառել։
- Ոչ, օրենք կար, որը սահմանում էր խորհրդարանի ձեւավորման կարգը, այսինքն՝ ի կատար են ածվել օրենքի պահանջները։ Այլ բան, եթե Ընտրական օրենսգիրքը փոփոխվեր, բայց հին ԸՕ-ով ընտրություններն անցկացվեցին օրենքի տառին համապատասխան։ Հետեւաբար, խորհրդարանի կազմի ավելացումը ոչ թե կառավարության կամ ինչ-որ մեկի ցանկությունն է, այլ՝ օրենքի պահանջ։
- Ձեր ընդդիմախոսներն ասում են՝ եթե իշխանությունը մի երկու ամիս համբերեր եւ ԸՕ-ն փոխեր, նոր գնար ընտրության, էյֆորիան էլ այդ ընթացքում կնահանջեր, եւ ստիպված չէինք լինի տարեկան 300 մլն դրամ ավել գումար վատնել պատգամավորների վրա, քան անցած գումարման խորհրդարանի պարագայում էր։
- Դե, պետք է փոխվեր ԸՕ-ն, բայց չեղավ, էլ ինչի՞ն համբերեինք, ընտրությունները կազմակերպվեցին, նորմալ անցկացվեցին, համբերեինք, որ ի՞նչ լիներ։ Միեւնույն է՝ ընտրություններն օրենքի տառին համապատասխան իրականացան, եւ դա ողջունելի է։
- Ընտրություններին ցածր մասնակցությունը՝ 50 տոկոսից պակաս, եւ ձեր օգտին ՀՀ-ում գրանցված ընտրողների ընդամենը 34 տոկոսի աջակցությունն ապացո՞ւյցն էր Փաշինյանի այն հայտարարության, որ Հայաստանում արտահերթ ընտրությունների «համաժողովրդական» պահանջ կա։
- Որքան տոկոսից հետո է համարվում համաժողովրդական եւ որքան՝ ոչ, մեր հավաքած ձայների այսպիսի տոկոսը խոսուն ապացույց է ժողովրդի վստահության մասին։ Հիմա համաժողովրդական էր, թե ինչ էր, ամեն դեպքում այս ընտրություններն աննախադեպ էին։ Իսկ այդ վիճակագրությունը սխալ է տարվում, երբ համեմատում ենք ընտրողների իրական քանակի մեջ։ Ըտենց լավ չի, պիտի հաշվենք՝ մի քանի տարի առաջ ինչքան է եղել, էդ թվից հանենք։ Ընդհանրապես, բոլոր տեսակի վիճակագրության խախտում է սա, եթե պետք է թիվն իջեցնենք, կարելի է հաշվել, թե 85 թվականին ինչքան բնակչություն ենք ունեցել, այդ թվից հանել։
- Դուք կարծում եք, որ անվերապահ վստահության եք արժանացել, եւ ձեր իշխանության դեմ բողոքի մեծ ալիք չի՞ բարձրանա։
- Ես չեմ կարծում, որ սոցիալական բողոքի ալիք կա բարձրացած, ես դա ներկայումս չեմ տեսնում, սակայն բողոքների առկայությունը նորմալ երեւույթ է, առանց դրանց հնարավոր չէ պատկերացնել այսօրվա ժողովրդական հասարակությունը։ Եվ գնալով ավելի է ամրապնդվում հասարակական վերահսկողությունը, որն արտահայտվում է նաեւ այդ բողոքներով։
- Ասացիք, որ որտեղ հնարավոր է, պետք է խնայել, մինչդեռ այս օրերին հասարակական քննարկումների տիրույթում է նաեւ մայրաքաղաքի գլխավոր տոնածառի գինը՝ մոտ 150 հազար դոլար, այստեղ հնարավո՞ր չէր տնտեսել։
- Չեմ մեկնաբանի, որովհետեւ այդ գործընթացներին չեմ մասնակցել եւ ուսումնասիրություններ չեմ արել, որպեսզի հասկանամ դրա նպատակահարմարությունը։ Չեմ արել, որովհետեւ ավելի հրատապ խնդիրներ կային, քան տոնածառի հարցն է, տոնածառին դեռ չեմ հասել։
- Օրինակ, ի՞նչ ուսումնասիրություններ պետք է անեք, որ ունենաք պատասխանը՝ նպատակահարմա՞ր էր, թե՞ ոչ։
- Դե, ուսումնասիրությունները տարբեր են, պետք է համեմատել նախորդ տարի, այս տարի, ինչով է պայմանավորված, ինչով՝ ոչ, գուցե դա հիմնավոր է։ Կարծում եմ՝ դրանով կզբաղվեն լայն մասնագետները եւ կասեն։
- Քաղաքապետն ասում է, որ ժողովուրդն էր պահանջում նման տոնածառ, արդեն հոգնել էր։
- Դե, երեւի դա է պատճառը, չի բացառվում։
- Դուք ուզո՞ւմ էիք 150 հազար դոլարանոց տոնածառ ունենալ։
- Ես, իհարկե, ուզում եմ, որ իմ մայրաքաղաքն ամենասիրունը լինի, ամենալավ տոնածառը լինի, եթե ուզելով լինի, սակայն հնարավորությունները պետք է համապատասխանեն ցանկությանը։
- Հիմա մեր հնարավորությունները թույլ էի՞ն տալի՞ս, թե՞ ոչ, երբ քաղաքապետարանի բյուջեի դեֆիցիտը 1 միլիոնից ավել է լինելու եկող տարի։
- Ես չգիտեմ, մեր մուտքերի, ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն չունեմ, ավելի լավ է ավագանիներից հարցրեք։