Հենրիխ Մխիթարյանի պատճառով չմեկնեցին Բաքու

Հենրիխ Մխիթարյանի պատճառով չմեկնեցին Բաքու

Հունիսի 19-21-ը Բաքվում անցկացվեց Սեւծովյան տնտեսական խորհրդարանական վեհաժողովի 53-րդ լիագումար նստաշրջանը: Չնայած օրակարգում առանցքային հարց կար՝ ՍԾՏՀ ԽՎ նոր գլխավոր քարտուղարի ընտրության հարցը, որին հավակնում էր Ադրբեջանի ներկայացուցիչը, այդուհանդերձ, հայկական պատվիրակությունն այս անգամ չմասնակցեց նստաշրջանին, մինչդեռ նախորդներին մեկնում էր։ Պատճառը, ինչպես պարզեցինք, Հենրիխ Մխիթարյանն էր, Հայաստանի ԱԳՆ-ն է խորհուրդ տվել խորհրդարանական պատվիրակությանը չմեկնել Բաքու, որպեսզի ակամայից չհերքեն այն բոլոր հայտարարությունները, որոնք հնչել են Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու վերաբերյալ, եւ չապացուցեն հակառակը, որ Բաքվում ամենեւին էլ հայատյացության քաղաքականություն չի տարվում։ Մայիսին, ինչպես հայտնի է, անվտանգության երաշխիքների պատճառով «Արսենալի» կազմում խաղացող Հենրիխ Մխիթարյանը չմասնակցեց Բաքվում Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը:

Ակումբն այդ որոշումն ընդունել էր հայազգի մարզիկի անվտանգությունը երաշխավորելու համար՝ հաշվի առնելով Ադրբեջանի մայրաքաղաքում Մխիթարյանի նկատմամբ ագրեսիվ վերաբերմունքի հավանականությունը: Սեւծովյան տնտեսական խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության կազմում միակ ընդդիմադիր ներկայացուցիչ Վահե Էնֆիաջյանը չհերքեց, որ չմասնակցելու գլխավոր պատճառը Մխիթարյանի հետ կապված հայտնի զարգացումներն են եղել․ «Այո, մենք ներքին քննարկում ենք ունեցել եւ փորձագետների հետ էլ ենք քննարկել, եւ չմասնակցության համար հիմք են հանդիսացել անվտանգության երաշխիքների եւ Մխիթարյանի հետ կապված հայտնի զարգացումները։ Բացի այդ՝ խախտվել է ներքին կանոնակարգը, Ադրբեջանում չպետք է տեղի ունենար այս նիստը, նոր գլխավոր քարտուղարի ընտրությունն էլ պետք է լիներ ոչ թե ամռանը, այլ աշնանը»։ Էնֆիաջյանի խոսքով՝ քանի որ սա ամենախնդրահարույց հանձնաժողովն է, որում առանցքային դերակատարում ունի Թուրքիան, եւ այդ առումով հնարավոր չէր ազդեցություն ունենալ գլխավոր քարտուղարի ընտրության հարցում, այդ պատճառով նախընտրեցին չմասնակցել։