Ի՞նչ եք անելու, երբ պարզվի, որ Ձեր եղբոր կինն անմեղ է

Ի՞նչ եք անելու, երբ պարզվի, որ Ձեր եղբոր կինն անմեղ է

Ես պնդում եմ ու կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում անընդունելի է, որ դատարանը որևիցե որոշում է կայացնում մանկահասակ երեխու մոր կալանք ընտրել խափանման միջոց ու սա այն պարագայում, երբ իրականում կան տարբեր միջոցներ։ Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով եղբոր կնոջ հետ կապված վերջին իրադարձությունների վերաբերյալ դիտարկումներին։

«Ես իմացա հետո, որ էլի նման մի դեպք է եղել ընդդիմադիրի հետ կապված։ Ես իրոք ասում եմ, որ չեմ իմացել դրա մասին, դա իմ մեղավորությունն է։ Ի՞նչ կանեի։ Կարծում եմ կանեի նույնը, ինչ այս դեպքում»,- ասաց Սիմոնյանը։

«Հրապարակի» դիտարկմանը՝  արդյոք հարցեր չի առաջացնում այն հանգամանքը, որ մեկ իր եղբոր կնոջ նկատմամբ են այդպես խիստ գտնվում, մեկ ընդդիմադիրի, Սիմոնյանը արձագանքեց․ «Ի՞նչ հարցեր պիտի առաջանան։ Այո, նախնական կալանք է տրվել, բայց այդ հարցով կարող եք դատավորին դիմել, ոչ թե ինձ»։

«Ես չեմ ասել, որ իմ եղբոր կնոջ հետ առնչություն ունեցող գործը անհիմն է։ Ես ասել եմ ,որ ես հավատում եմ իմ բարեկամի անմեղությանը ու չեմ ուզում որևէ ձևով խառնվել իրավական պրոցեսին։ Գործը հիմնավոր է, թե ոչ, դա որոշում է դատարանը, այլ ոչ թե Ալենը կամ քննչական մարմինը»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

«Հրապարակի» մեկ այլ դիտարկմանը, որ եթե ի վերջո պարզվի, որ եղբոր կինն անմեղ է, պատասխանատվության հարց պատրաստվու՞մ է բարձրացնել իրավապահ մարմինների, մասնավորապես Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի վերաբերյալ, Սիմոնյանն արձագանքեց․ «Ես կարծում եմ, որ ժամանակը կգա ու իրավապահ համակարգը ու այն պրոցեսները, որոնք օրենքով կան, այդ հարցի պատասխանը կտան։ Մնացած պատասխանատվության մասին խոսելը, կարծում եմ, անտեղին է»։