Նոր աշխատելաոճ է, որ պետք է գանք նիստի ու մեկ էլ հոպ. թեժ քննարկում ավագանու նիստին

Նոր աշխատելաոճ է, որ պետք է գանք նիստի ու մեկ էլ հոպ. թեժ քննարկում ավագանու նիստին
Երևանի ավագանի

Այսօր Երեւանի քաղաքապետարանի ավագանու 1-ին նստաշրջանի 3-րդ նիստն է, օրակարգում ընդգրկված է տասը հարց, այդ թվում՝ 2019 թվականի բյուջեի նախագիծը, 2019 թ․-ի ծրագիրը և 2019-2023 թվականների հնգամյա ծրագրի հաստատման հարցը։ Քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով օրակարգում ներառված 3֊րդ հարցին, նշեց, որ Երևանի ավագանին հունվարի 15-ին կամ 20-ին արտահերթ նիստ կգումարի, որը կվերաբերվի տեղական տուրքերի դրույքաչափերին։

Նա նշեց, որ չնայած որոշ դեպքերում տուրքերի վճարները կբարձրանան, բայց մանր և միջին բիզնեսի համար կլինեն արտոնություններ։ Մասնավորապես 58.3 միլիոնից քիչ տարեկան եկամուտ ունեցողները կազատվեն հավելյալ տուրքեր վճարելուց։

Հարցին անդրադարձավ նաեւ «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը՝ նշելով, իրենց դաշինքը ևս դեմ կքվեարկեր այս նախագծին, եթե այն չսահմաներ արտոնություններ մանր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համար. «Մենք նույնպես դեմ ենք մանր և միջին բիզնեսին մեծերի հետ հավասար հարկեր ու տուրքեր սահմանելուն, ինձ համար շատ կարևոր է, որ մեզ հաջողվում է մեր մտահոգությունները ավագանու ղեկավար կազմին հասցնել և ականջալուր լինել»։

«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հարցի վերաբերյալ եւս ելույթ ունեցավ։ «Նոր աշխատելաոճ է, որ պետք է գանք նիստի ու մեկ էլ, հոպ, պարզվի, որ օրակարգում փոփոխություն է կատարվել, մտահոգությունները փարատվել են, իսկապես սա նոր աշխատելաոճ է և ընդդիմությունն այս աշխատելաոճին պատրաստ է, մենք դրան սովոր ենք դեռ հնուց»։

Խաժակյանի ելույթի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամներից մեկը տեղից ռեպլիկ արեց, որին հակադարձեց Խաժակյանը․ «Ընդդիմությունը կրկին սովոր է, որ իր ելույթների ժամանակ տեղից ռեպլիկներ թողնեն և ընդհատեն մեր ելույթները»։