Միջնորդների այս այցի արդյունքները ևս զրոյական են լինելու

Միջնորդների այս այցի արդյունքները ևս զրոյական են լինելու

Ստեփանակերտում կայացել է Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Լեռնային Ղարաբաղի ղեկավար Բակո Սահակյանի հետ: Ըստ ստացված հաղորդումների, քննարկվել են սահմանագծին տիրող իրավիճակն ու վերջին զարգացումները: Բակո Սահակյանն ընդգծել է բանակցային լիարժեք ձեւաչափի վերականգնման եւ հակամարտության կարգավորման բոլոր փուլերին Արցախի մասնակցության անհրաժեշտությունը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Երեւանում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համանախագահների հադիպմանը եւս անդրադարձ է եղել բանակցային գործընթացում Ղարաբաղի ներգրավմանը: Դեռեւս հայտնի չէ, թե ինչպես են համանախագահներն արձագանքել ինչպես Մնացականյանի, այնպես էլ Սահակյանի հիշյալ պնդումներին. նրանց վերաբերմունքը թերեւս փոքրիշատե պարզ կդառնա տարածաշրջանային այցի ավարտի արդյունքով տարածվելիք համատեղ հայտարարության մեջ:    

Այսպիսով կարող ենք փաստել, որ միջազգային միջնորդների այս հերթական այցը եւս կպսակվի բառացիորեն ոչնչով, ինչը միանգամայն սպասելի է: Իսկ սպասելի է այն պարզ պատճառով, որ առանց այդ էլ ԼՂ խնդրի հետ կապված գրեթե բոլոր նրբերանգներում իր կոշտ ու անհանդուրժող դիրքորոշմամբ հայտնի Բաքուն դեռ անցած տարի շատ խիստ ու միանշանակ բացասական էր արձագանքել ընդամենը մեկ-երկու  «օրական» վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղը՝ որպես լիարժեք կողմ, պետք է վերադառնա բանակցությունների սեղան: 

Հիշեցնենք՝ ղարաբաղյան կողմը բանակցային գործընթացից դուրս մղվեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում, երբ ինչ-ինչ հանգամանքների հաշվարկմամբ՝ նպատակահարմար համարվեցին միայն Երեւան-Բաքու շփումները: Դա ավելի հարմարավետ եւ ճկուն ձեւաչափ է՝ մխիթարում էին նոր ձեւաչափի պատասխանատուները, հոռետեսներին հանգստացնելով՝ ինչ-որ վճռական X պահի Ստեփանակերտը, միեւնույն է, միանալու է բանակցություններին (կամ ավելի ճիշտ՝ դրանց վերջին փուլին):

Թե որքանով արդյունավետ եղան «անղարաբաղ» բանակցությունները, թերեւս չարժե ջանք թափել՝ գնահատելու համար: Այդ տարիները գլորվել են բոլորիս աչքի առջեւ՝ ի վերջո 2016 թվականի ապրիլին վերաճելով լայնածավալ ու արյունալի պատերազմական գործողությունների: Մի խոսքով՝ արդյունքը զրոյական էր: 

Բաքուն դեռ Քոչարյանի եւ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում էլ դժգոհում էր հազարումի բանից, իսկ Ստեփանակերտին բանակցությունների սեղան վերադարձնելու մասին ակնարկները լսել անգամ չէր ուզում, ինչը, գոնե իր շահերի տեսանկյունից, միանգամայն բնական է: 
Եվ, ահա, բանակցային այս, մեղմ ասած, ոչ բարենպաստ ֆոնին, համանախագահները գալիս են տարածաշրջան ու քիչ անց, արդեն պաշտոնապես, Բաքվին են ներկայացնելու Ստեփանակերտին որպես բանակցային լիարժեք կողմ ներգրավելու հայկական կողմերի առաջարկները: Մեծ ջանքեր պետք չեն՝ կռահելու համար Ադրբեջանի արձագանքը: 

Այսպիսով ի՞նչ է ստացվում. Բաքուն գրեթե մշտապես մերժում է հայկական կողմի, հաճախ նաեւ միջնորդների առաջարկները, իսկ հերթական բանակցային փորձի ժամանակ նրան է հրամցվում առավել մերժելի տարբերակ: Ուրեմն ասել, թե այս անգամ եւս միջնորդների մասնակցությամբ բանակցությունների արդյունքը զրոյական կլինի, նշանակում է ոչինչ չասել: Իրադրությունը թերեւս ավելի կբարդանա, որը կարող է հանգեցնել․ ա) շփման գծում լարվածության սաստկացմանը, բ) լավագույն դեպքում բանակցային գործընթացի անորոշ, ամենայն հավանականությամբ՝ բավականաչափ երկար ժամանակով սառեցմանը:

Ասվածից, իհարկե, ամենեւին չի բխում, որ պետք է տեղի տալ Բաքվի ճնշումներին ու քմահաճույքներին։ Երբեք: Ճիշտ հակառակը՝ նոր իրավիճակը գալիս է աներկբայորեն փաստելու, որ Բաքվի հետ պետք է խոսել ավելի հստակ ու հայկական կողմի շահերն ավելի լիարժեքորեն արտահայտող դիրքերից: Դա գոնե առավել հասկանալի կլինի ինչպես հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների, այնպես էլ միջազգային հանրության համար: Եթե Բաքուն, միեւնույն է, մերժելու է կարգավորման ցանկացած տարբերակ, ուրեմն թող մերժի առավել տրամաբանական եւ փաստարկված տարբերակը: Ի վերջո, արժե մեկ անգամ էլ հիշեցնել, որ զինադադարի մասին բիշքեկյան համաձայնագրի վրա առկա է նաեւ ղարաբաղյան կողմի ստորագրությունը, ինչն ամրագրվել է նաեւ 1994 թվականի բուդապեշտյան գագաթնաժողովում: 

Սպասել, որ Բաքուն ինչ-որ մի «գեղեցիկ օր», այնուամենայնիվ, կհամաձայնի այս նոր՝ եռակողմ ձեւաչափին, իհարկե, միամտություն է. դրա համար թերեւս անհրաժեշտ կլիներ մի նոր՝ հայկական կողմի համար բարեհաջող ելքով ռազմական բախում (դրա հավանականությունն առայժմ մեծ չէ) կամ կպահանջվեր միջազգային հանրության, մասնավորապես, Ռուսաստանի հզոր ճնշումը, ինչը գրեթե անհավանական է: Եվ այնուամենայնիվ, ինչպես նշեցինք, ժամանակն է խաղալ ավելի շիտակ ու փաստարկված խաղաթղթերով, դառը փորձի շնորհիվ հրաշալիորեն հասկանալով, որ մնացյալ բոլոր, արդեն իսկ փորձարկված խաղաթղթերը, միեւնույն է, ոչ մի արդյունք չեն տվել:

Այսպիսով՝ հեշտությամբ կռահելով միջազգային միջնորդների այս հերթական տարածաշրջանային այից արդյունքները, հայկական կողմին մնում է միայն մի բան՝ հնարավորինս ամրացնել սահմանները, բարձրացնել զինուժի մարտունակությունն ու առավել արդյունավետ դարձնել պաշտպանությունը: Սրանք, թերեւս, այն միակ գործոններն են, որոնց հետ Ադրբեջանը, այնուամենայնիվ, հաշվի է նստում:

Դավիթ ԶԱՎՅԱՆ