Երբ վերանա վարչապետից վախի գործոնը, մեծ թվով ապացույցներ կհրապարակվեն

Երբ վերանա վարչապետից վախի գործոնը, մեծ թվով ապացույցներ կհրապարակվեն

Օրերս ԱԱԾ տնօրեն Միքայել Համբարձումյանը սենսացիոն բացահայտումներ արեց եթերում՝ ներկայացնելով, թե ինչ է կատարվել ազգային անվտանգության ոլորտում պատերազմի շրջանում։ Ամենակարեւորն այն էր, որ երկրի ղեկավարը հնարավորինս լիարժեք ինֆորմացիա է ունեցել՝ եւ հակառակորդի զինատեսակների, եւ մեր պատրաստվածության, եւ պատերազմը շարունակելու անհնարինության մասին։ Եւ Մ․ Համբարձումյանը չէր թաքցնում իր տարակուսանքը, թե՝ ինչու Նիկոլ Փաշինյանը ժամանակին չդադարեցրեց պատերազմը։ 

Համբարձումյանից առաջ՝ պատերազմից անմիջապես հետո սենսացիոն բացահայտումներ արեց նաեւ գլխավոր ռազմական տեսուչ, Արցախի նախկին ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը, որի հայտարարությունները եւս վկայում էին այն մասին, որ պատերազմը վարելու ընթացքում բարձր իշխանության կողմից հանցավոր որոշումներ են կայացվել՝ սխալ ու պարտության բերող հրամաններ, գործողություններ, հանցավոր անփութություն, որը քրեաիրավական քննության ենթակա է։ Ընդ որում՝ բանակի լրահամալրում չիրականացնելու մասին Հակոբյանի հայտարարությունը ենթադրում է քրեական լուրջ պատասխանատվություն։ Եւ չնայած դատախազությունը մի քանի օր անց հերքեց, որ նման բան չի եղել, բայց ըստ Հակոբյանի՝ բանակի մոտ 1000 պաշտոնյա տեղյակ է եղել դրան եւ կա Փաշինյանի կարգադրության ձայնագրությունը, որն ինքը լսել է։ Ճիշտ է՝ նշված պաշտոնյան այդ ձայնագրությունը չի ներկայացնում իրավապահներին, քանի որ դեռ պաշտոնավարում է, բայց ցանկության դեպքում նախաքննության մարմինը կկարողանար պարզել դա։ 

Մեր տեղեկություններով, այդ պաշտոնյան հանրապետության գլխավոր զինկոմն է, որը պահպանել է ձայնագրությունը։ Բայց անգամ եթե չի պահպանել՝ բազմաթիվ պաշտոնյաներ՝ զորակոչին ու բանակի լրահամալրմանն առնչվող, տեղեկացված են եղել Փաշինյանի կարգադրությունից եւ կարող են ցուցմունքներ տալ։ Իհարկե՝ դա տեղի կունենա իշխանափոխությունից հետո։
Իշխանափոխությունից հետո հազարավոր այլ ապացույցներ էլ ի հայտ կգան, որոնք կվկայեն, որ Բանակի Գերագույն հրամանատարը միտումնավոր կամ ոչ միտումնավոր բազմաթիվ սխալներ է թույլ տվել, որոնք մեզ տարել են պարտության։

Նման գրավոր եւ այլ փաստական ապացույցներ ունեն ոչ միայն պատերազմին առնչվող տարբեր անձինք, բանակի տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, գեներալները, բարձրաստիճան պաշտոնյաները, այլեւ մասնավորապես՝ զենքի գնումներն իրականացրած անձինք, որոնք գործել են բացառապես վարչապետի կարգադրության շրջանակներում, նրա հետ համաձայնեցված։ Եւ երբ այլեւս վերանա վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձից վախի գործոնը, այդ բոլոր ապացույցները հրապարակվելու են։