Դու՛ք  էլ  ներեք,  խնդրում  ենք,  պարոն  Փաշինյան․ցմահ դատապարտյալի դուստր

Դու՛ք  էլ  ներեք,  խնդրում  ենք,  պարոն  Փաշինյան․ցմահ դատապարտյալի դուստր

Մեծարգո  պարոն  Փաշինյան,  Ձեզ  գրում  է  ցմահ  դատապարտյալ  Ստեփան  Գրիգորյանի  դուստրը`  Մարիամ  Գրիգորյանը:  Պարոն  վարչապետ,  ինձ  համար  չափազանց  դժվար  է  գրել  կամ  խոսել  իմ  կորսված  ու  ճնշված  մանկության  մասին:  Ես  հինգ  տարեկան  էի,  երբ  հայրս  ընտանիքի  հոգսերը  հոգալու  ակնկալիքով    ճակատագրական  սխալ  թույլ  տվեց  և  կենդանության  իսկ  օրոք  մեզ  մենակ  թողեց: Ըստ  քրեական  գործի  նա  սպանություն  չի  գործել  և  արդեն  24  տարի   իր  պատիժն  է  կրում  կալանավայրում:  Ինքս  արդեն  վեց  տարեկան  որդի  ունեմ,  և  երբ  իմ  որդին  հարցնում  է  իր  պապիկի  ու  նրա  գտնվելու  տեղի  մասին,  ամբողջ  ներաշխարհս  տակնուվրա  է  լինում,  հոգեկան  ցնցում  եմ  տանում:  

Նա`  հայրս,  չկարողացավ  ինձ  ու  եղբորս  հայրություն  անել,  և  ամեն  օր  ես  աղաչում  եմ  Աստծուն,  որ  կարողսնա  գոնե  իր  երեք  թոռնիկներին  պապիկ  լինել:  Եվ  ես  անչափ  ցանկանում  եմ,  որ  իմ  և  եղբորս  երեխաները  մեծանան  առանց  այն «պիտակի»,  որով  ես  և  եղբայրս  ենք  մեծացել:  Մորս  չարչարանքի  շնորհիվ  մենք  բարձրագույն  կրթություն  ստացանք,  ընտանիք  կազմեցինք`  հորս  կարոտը  մեր  սրտերում: Հայրս`  ցմահ  դատապարտյալ  Ստեփան  Գրիգորյանը  ( այդ  «ցմահ»  բառից  հոգեկան  խեղում  ենք  ստացել),  շատ  վաղուց  է  զղջացել  իր  արարքի  համար,  նա  այդ  մասին  հաճախ  է  գրել  տարբեր  լրատվամիջոցներով:  Գրել  է  նաև  իր  տառապանքների,  Նոր  Հայաստանում  իր  հույսերի  ու  երազանքների  մասին,  որպես  քաղաքացի  մեր  երկրին  ծառայելու  մասին: Գրել  ենք  բազմաթիվ  խնդրագրեր,  նամակներ,  անընդհատ  բարձրաձայնել  ենք,  սակայն`  անօգուտ:  

Հիսուսը  ներեց  խաչափայտին  գամված  հանցագործին,  Դու´ք  էլ  ներեք,  խնդրում  ենք,  պարոն  Փաշինյան,  մի´  թողեք,  որ  հայրս  կալանավայրում  կնքի  իր  մահկանացուն,  ինչպես  շատերի  հետ  եղավ: Դուք  էլ  եք  հայր,  և  շատ  եմ  խնդրում,  որ  հասկանաք  իմ  ցավը  և  ընդառաջեք  մեր  խնդրանքին,  ազատություն  պարգևեք  սիրելի  հայրիկիս`  Ստեփան  Գրիգորյանին:                                      

Խորին  հարգանքով  ու  հավատով`    Մարիամ  Գրիգորյան