Ընտրություններ-ռետրո․ մեկ կեղծված և մեկ ժողովրդավարական ընտրություն

Ընտրություններ-ռետրո․ մեկ կեղծված և մեկ ժողովրդավարական ընտրություն

Մինչեւ 2018 թվականը Հայաստանում անցկացված ընտրություններում զանգվածային ընտրախախտումներին անդրադառնալու իշխանությունների խոստումների հետ կապված՝ որոշել էինք պարբերաբար՝ շարունակելի հոդվածաշարով անդրադառնալ այս թեմային, որը, մեր բանախոսներից մեկի բնորոշմամբ, արդեն առասպելների թվին է պատկանում, եւ այս միֆականացված մթնոլորտում որեւէ բան հերքելը կամ հաստատելը նման կլինի նրան, որ հին հույնին կամ հային ասես, որ Զեւսը կամ Արամազդը աստվածներից գերագույնը չէ։ 1991 եւ 96 թվականների նախագահական ընտրություններին անդրադարձել էինք, շարքը շարունակում ենք 98-ի նախագահական, 1999-ի խորհրդարանական ընտրություններով։

1998-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ հայտնի ուժերի պահանջով հրաժարականից հետո ՀՀ Ազգային ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյանը հայտարարեց, որ իր կողմից հանրապետության նախագահի պարտականությունների կատարումը հնարավոր չէ, ուստի, ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն, 1998 թ. փետրվարի 4-ից մինչեւ ապրիլի 9-ը ՀՀ նախագահի պաշտոնակատար դարձավ ՀՀ վարչապետ Ռոբերտ Քոչարյանը, ում ընդամենը մեկ տարի առաջ էր Լեւոն Տեր-Պետրոսյանը հրավիրել Ղարաբաղից Հայաստան՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու։
Համաձայն ՀՀ Սահմանադրության 52-րդ հոդվածի, ընտրություններն անցկացվեցին հրաժարականի ընդունման օրվան հաջորդած 40-րդ օրը՝ 1998 թ. մարտի 16-ին։

 

Առաջադրվեց 14 թեկնածու՝ աննախադեպ քանակ․ քաղաքացիական նախաձեռնությամբ՝ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը, Հայաստանի կոմունիստների առաջնորդ Սերգեյ Բադալյանը, «Նոր ուղի» կուսակցության կողմից՝ Աշոտ Բլեյանը։ Ի դեպ, վերջինիս նախընտրական շտաբը ղեկավարում էր Նիկոլ Փաշինյանը։ Եվ, իհարկե՝ նախկինում բոլոր նախագահական ընտրություններում նախագահի անփոփոխ թեկնածուներ Արտաշես Մամիկոնովիչ Գեղամյան, Վազգեն Մանուկյան, Պարույր Հայրիկյան, Կարեն Դեմիրճյան, 88-ին քաղաքականությունից հեռացած Կարեն Դեմիրճյան, ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյան, Լիբերալ -դեմոկրատական կուսակցությունից՝ Վիգեն Խաչատրյան, անկուսակցական Յուրի Խաչատրյան, Դավիթ Շահնազարյանը՝ քաղաքացիական նախաձեռնությամբ, Դեմկուսից՝ Արամ Գասպարի Սարգսյանը եւ, վերջապես՝ Ռոբերտ Քոչարյանը։

Հայաստանի հանրապետական, Հայաստանի ռամկավար ազատական կուսակցությունները, Հայ հեղափոխական դաշնակցությունը հայտարարեցին Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը պաշտպանելու մասին։ «Ազգային առաջադիմություն» եւ «Ազգային պետություն» կուսակցությունները՝ Վազգեն Մանուկյանի։ Լենսեր Աղալովյանն ընտրություններից առաջ ինքնաբացարկ հայտնեց, եւ 12 հոգի մասնակցեցին ընտրություններին։ Թեկնածուներից եւ ոչ մեկը չստացավ վավեր ձայների կեսից ավելին։ Ռոբերտ Քոչարյանը ստացել էր  ընտրողների ձայների 38․7 տոկոսը, Կարեն Դեմիրճյանը՝ 30,67, Վազգեն Մանուկյանը՝ 12․2 տոկոսը։ Մյուս թեկնածուները՝ 1 տոկոսից քիչ ավելի կամ դրա մատույցներում էին։ Համաձայն ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածի, քվեարկության օրվան հաջորդած 14-րդ օրը՝ մարտի 30-ին, անցկացվեց ընտրությունների երկրորդ փուլը։ Երկրորդ փուլին մասնակցելուց առաջ թեկնածուներ Լենսեր Աղալովյանը, Արտաշես Գեղամյանը, Հրանտ Խաչատրյանը, Պարույր Հայրիկյանը եւ Արամ Սարգսյանը հայտարարեցին Ռոբերտ Քոչարյանին սատարելու մասին։ Թեկնածուներ Սերգեյ Բադալյանը եւ Վազգեն Մանուկյանը չպաշտպանեցին թեկնածուներից եւ ոչ մեկին։

Երկրորդ փուլին մասնակցեցին առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները` Ռոբերտ Քոչարյանը եւ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ նախագահ ընտրվեց Ռոբերտ Քոչարյանը՝ ստանալով 59 տոկոս կամ 850 հազար ձայն:

Այս ընտրությունների արդյունքները եւս, ժամանակի մամուլի եւ օրվա ընդդիմադիրների գնահատմամբ, դասվեցին կեղծված ընտրությունների շարքը։ Հիմնական եւ ամենավիճահարույց կետը Քոչարյանի ՀՀ քաղաքացիության կամ «ԺԵԿ-ից տեղեկանք» բերելու պատմությունն էր, այսինքն՝ ակնհայտ էր, որ նա 10 տարի չի ապրել Հայաստանում եւ ՀՀ քաղաքացի չէ։ Թեեւ այդ ընտրությունները նրա հակառակորդի կողմից չվիճարկվեցին ո՛չ Սահմանադրական դատարանում, ո՛չ էլ այլ մակարդակներով։ Ինչպես մեզ հետ զրույցում նկատեց Դեմիրճյանի կողմից ամիսներ անց ստեղծված կուսակցության՝ Հայաստանի ժողովրդական կուսակցության քարտուղար Գրիգոր Հարությունյանը, Կարեն Սերոբիչը պարզապես չդիմեց Սահմանադրական դատարան։ «Չդիմեց՝ հասկանալով Սահմանադրական դատարանի կամակատար վիճակը, եւ որոշեց գնալ այլ ճանապարհով՝ խորհրդարանական ընտրությունների՝ դրա ճանապարհին կուսակցություն ստեղծելով։ Եվ խորհրդարանական ընտրություններում հաղթեց»։

Այն ժամանակվա հայտնի «երրորդ խոսափող» Արշակ Սադոյանը հետահայաց գնահատում է 98-ի ընտրությունները․ «Կեղծվեցին ե՛ւ առաջին փուլի, ե՛ւ երկրորդ փուլի ընտրությունները, թե՛ 98-ին, թե՛ 2003-ին։ Ինչի՞ մասին է խոսքը։ Եվ թեեւ եղան երկրորդ փուլեր, դրանք եւս անցան ահավոր, սարսափելի կեղծիքներով։ Քիչ թե շատ մաքուր էին 99-ի ԱԺ ընտրությունները»։

ԱԺ 1999թ․ մայիսի 30-ի ընտրություններին մասնակցած կուսակցությունների պակաս չկար․ 19 կուսակցություն հայտ ներկայացրեց, որոնցից օրենքով սահմանված 5 տոկոսի սահմանագիծը հաղթահարեցին 6 կուսակցություն եւ դաշինք։ Վազգեն Սարգսյան եւ Կարեն Դեմիրճյան տանդեմի արդյունքում «Միասնություն» դաշինքը ստացավ պատկառելի՝ 41,69 տոկոս կամ 29 պատգամավորական մանդատ, առաջին անգամ մասնակցող ՀՀԿ-ն՝ 12,09 տոկոս կամ 88 պատգամավորական մանդատ, «Իրավունք եւ միաբանություն» դաշինքը՝ 7,96, ՀՅԴ-ն` 7,86 տոկոս։ 97-ին ստեղծված, սակայն առաջին անգամ ընտրություններին մասնակցած «Օրինաց երկիր» կուսակցությունը` 5,28 տոկոս,  ԱԺՄ-ն` 5,17։ Նախկին իշխող Հայոց համազգային շարժումը եւ Վանո Սիրադեղյանի ստեղծած «Շամիրամը» 5 տոկոսի շեմը չհաղթահարեցին։ Չնայած դրան՝ ընտրությունների հետ կապված որեւէ բողոք չգրանցվեց, եւ որեւէ միջազգային կառույց որեւէ բացասական գնահատական չտվեց։ Ավելին՝ ընտրությունները որակվեցին ազատ, արդար եւ ժողովրդավարական։

2-րդ գումարման ԱԺ-ն շարունակեց իր գործունեությունը մինչեւ 2003 թվականը, իսկ իր գումարումից 5 ամիս չանցած՝ դեմ-հանդիման կանգնեց Հոկտեմբերի 27-ի ողբերգական դեպքերին։