«Հրապարակ». 90-ականներից սկսած՝ ռուս-հայկական հարաբերություններում չի եղել նման իրավիճակ

«Հրապարակ». 90-ականներից սկսած՝ ռուս-հայկական հարաբերություններում չի եղել նման իրավիճակ

ՌԴ քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Անդրեյ Արեշեւին խնդրեցինք ներկայացնել Փաշինյանի-Ալիեւ մյունխենյան հանդիպում- քննարկումից իր տպավորությունները։  

«Ինձ թվում է՝ երկու առաջնորդներն էլ պահում էին իրենց ընտրած մարտավարությունը։ Իլհամ Ալիեւն օգտագործում է ցանկացած, այդ թվում՝ միջազգային հարթակները՝ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վրա ճնշում գործադրելու համար այն հարցերում, որոնք նա հարկ է համարում, եւ դա լիովին ցուցադրեց մյունխենյան հարթակներից մեկում տեղի ունեցած բանավեճի ընթացքում։ Բայց բանավեճն առանձնապես չստացվեց, որովհետեւ երկու լիդերները պաշտպանում էին իրենց դիրքորոշումները։ Ալիեւը ճնշում էր, իսկ Փաշինյանը փորձում էր մանեւրել եւ ինչ-որ պատասխաններ տալ»,- ասաց նա։ 

- Ասում եք՝ Փաշինյանը մանեւրում էր։ Այսինքն` արդարանո՞ւմ էր։ Ինձ, օրինակ, թվաց, որ նա արդարանում էր, փոխանակ արդարանար Ալիեւը։  

- Իմ կարծիքով՝ սրան զուգահեռ, ինչ-որ կուլիսային խոսակցություններ են ընթանում, սեւագրեր են փոխանակում, ինչ-ինչ ուղղումներ են կատարվում նախապատրաստվող համաձայնությունների շուրջ, ինչի մասին, եթե չեմ սխալվում, անցած ուրբաթ հայտնեց Հայաստանի վարչապետը։ Այս գործընթացը եւ դրա ավարտը, կարծում եմ, բավականին հետաքրքիր են լինելու, բայց առայժմ մենք չենք կարող այդ մասին ստույգ դատել։ 

- Բավականին «շպիլկաներ» կային՝ ուղղված Ռուսաստանին, նկատեցի՞ք։ Օրինակ, ասաց, որ մտահոգված է ՀԱՊԿ գործողություններով, որ ռուս խաղաղապահները պետք է ապահովեն Լաչինի միջանցքի բացումը, բայց չեն անում։ 

- Ինձ, անկեղծ ասած, պարոն Փաշինյանի՝ Ռուսաստանի կողմն արած այդ «շպիլկաներն» այնքան էլ հետաքրքիր չեն։ Ես մի բան հստակ գիտեմ, որ նոյեմբերի 23-ին նա դիտավորյալ հրաժարվեց հայկական կողմի համար բավականին ձեռնտու ՀԱՊԿ առաքելությունից՝ համապատասխան տեխնիկական օգնությամբ հանդերձ, եւ նախընտրեց եվրոպականը, որն օր-օրի պետք է իրականացվի։ Սա հասկանալի տրամաբանություն է, որը Ռուսաստանում շատ լավ գիտակցվում է եւ, իհարկե, ազդում է վստահության մակարդակի վրա՝ ռուս-հայկական երկկողմանի հարաբերություններում, որոնք, իմ կարծիքով, մեծապես քայքայված են։ Իսկ այն, որ պարոն Փաշինյանը Մոսկվայում եւ Սոչիում մի բան է ասում, իսկ արեւմտյան հարթակներում՝ այլ բան, նորություն չէ։ Ես դա ափսոսանքով եմ ասում, որովհետեւ 90-ականներից ռուս-հայկական հարաբերություններում չկար նման իրավիճակ։ Ավելի մեծ վստահություն կար ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ։ Հիմա իրավիճակն այլ է։ Իհարկե, այն փոխվել է նաեւ օբյեկտիվ պատճառներով, որոշ տրանսֆորմացիաներ Ռուսաստանի քաղաքականության մեջ էլ կան, բայց Փաշինյանի աննկարագրելի ներքին եւ արտաքին քաղաքական ոճը լավ հայտնի է, եւ մենք մոտ ժամանակներս ականատես կլինենք նմանատիպ դրվագների։ Բայց ինձ թվում է, այստեղ կարեւոր է բովանդակային մասը՝ ինչով կավարտվեն Երեւանի եւ Բաքվի բանակցությունները։ Մենք հիշում ենք, չէ՞, եւ Ձեր թերթը գրել է այդ մասին, որ անցած տարվա նոյեմբերին ծրագրված էր հանդիպում Թբիլիսիում եւ ինչ-որ փաստաթղթի ստորագրում, բայց դա տապալվեց։ Սա հստակ տեղեկություն է։ Տապալվեց ոչ թե ՌԴ, այլ ինչ-որ այլ խաղացողի մեղքով, ով ուզում է ինչ-որ լրացուցիչ դիվիդենտներ ստանալ այն գեոպոլիտիկ հակամարտությունից, որն այսօր ամենուրեք ծավալվում է՝ Եվրոպայում, Եվրասիայում, եւ արտացոլվում է այն գործընթացներում, որոնք տեղի են ունենում Անդրկովկասում։ Պետք է սպասել, որ ինչ-որ, թեկուզ միջանկյալ բանակցային փուլ ավարտվի երկու երկրների միջեւ։ Իհարկե, հարց է ծագում հնարավոր միջնորդների վերաբերյալ, բայց դա, իհարկե, Բաքվի եւ Երեւանի որոշելիքն է, թե ում են նրանք ընտրելու որպես միջնորդներ։ Հետագա իրադարձությունները խոստանում են անկանխատեսելի լինել։ 

- Մյունխենյան քննարկումներից դատելով, ի՞նչ եք կարծում՝ վերջնական համաձայնագիրը, տեքստը, որը դեռ հայտնի չէ, ո՞ւմ օգտին է լինելու։ Չունե՞ք տպավորություն, որ Փաշինյանը չէր ուզում վիրավորել Ալիեւին, ու համաձայնագիրը, ամենայն հավանականությամբ, նույնպես այդպիսին է լինելու։ 

- Համամիտ եմ։ Ուզում եմ հիշեցնել՝ սա Փաշինյանի ու Ալիեւի միջեւ առաջին հանդիպումը չէ։ Նրանց միջեւ, որքանով որ կարող ենք դատել, փոխհարաբերությունների յուրահատուկ քիմիա կա, որոնք արտացոլում են ուժերի ռեալ հարաբերակցությունն այս պահին։ 90-ականների սկզբին այլ էր, հիմա այն շրջվել է։ Կարծում եմ, խաղաղության համաձայնագիրը հիմնվելու է ուժերի այն հարաբերակցության վրա, որը կա այս պահին։ Եթե արեւմտյան քաղաքական գործիչները խլեն միջնորդության առաջնությունը, նրանք ելնելու են ուժերի այդ ռեալ հարաբերակցությունից, եւ փաստաթղթում լինելու են այն սկզբունքները, որոնք պնդում է Ադրբեջանը, հայտնի 5 սկզբունքները։ Եվ, ինչպես հասկանում ենք Փաշինյանի խառնաշփոթ ասածներից, նա դեմ չի լինելու։ Որքան որ ես եմ հասկանում, եթե նման փաստաթուղթ ստորագրվի, այն հայաստանյան ընդդիմադիր հանրության բողոքը կառաջացնի։ Բայց տեսնելով հայկական դիրքերի վիճակը, կարծում եմ, առանձնապես պետք չէ դրա մասին մտահոգվել։ Հնարավոր է, որ Հայաստանում այլ կարծիք կա։ Ես իրադարձություններին հետեւում եմ Մոսկվայից, հնարավոր է՝ ինչ-որ նրբությունների չեմ տիրապետում։ 

- Ալիեւն ասաց, որ «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը ոչ մի միջազգային փաստաթղթում չի հիշատակվում։ Փաշինյանն առարկեց, թե հիշատակվում է նոյեմբերի 9-ի փաստաթղթում։ Ինչո՞ւ չհիշեցրեց մինչ այդ եղած թղթերը, օրինակ, Մինսկի խմբի։ Մոռացե՞լ է, չգիտի՞։ 

- Հարցի պատասխանը կարելի է փնտրել 2018 թվականում։ Փաշինյանի գլխավորած թավշյա հեղափոխության հաղթանակից հետո նրա մասնակցությամբ փլվեցին այն բանակցային կարկասը, կմախքը, գործընթացը, բոլոր բանակցային մշակումները, որոնք Միսկի խմբի շրջանակներում ձեւակերպվում էին տասնամյակներով՝ Արցախը Հայաստան է, եւ վերջ: Պետք է սկսել նոր կետից, պետք է լուծումները ձեռնտու լինեն բոլորին՝ մենք այդ ամենը հիշում ենք։ Եվ դա արվում էր զուտ միտինգային բազարի մակարդակով՝ մոտեցում, որը ցանկալի չէ դիվանագիտության մեջ եւ ադեկվատ հակազդեցության է արժանանալու։ 

- Ինչպե՞ս եք գնահատում այն, որ առանց վերջացնելու դելիմիտացիան եւ դեմարկացիան, մենք գնում ենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ 

- Բացասաբար։ Չի կարելի։ Դելիմիտացիան եւ դեմարկացիայի գործընթացը, կարծում եմ, պետք է եթե ոչ նախորդեն, ապա գոնե ուղեկցեն փաստաթղթի համաձայնեցման փուլերը։ Եթե մենք կառուցենք տան կտուրը, բայց չդնենք հիմքն ու չկառուցենք պատերը, այդ տունը, ի վերջո, կքանդվի։ Կարծում եմ՝ անպայման պետք է գոնե սկսել գործընթացը։ Հասկանալի է, որ ամբողջությամբ այդ գործընթացը հնարավոր չէ արագ ավարտել։ Ադրբեջանը բարեկամական Վրաստանի, Ռուսաստանի հետ ունի պետական սահմանի չհամաձայնեցված հատվածներ։ Մենք հասկանում ենք, թե այնտեղ ինչ ռելիեֆ է, եւ որոշ այլ պահեր՝ կապված այն հանգամանքի հետ, որ այնտեղ խորհրդային ժամանակներում ադմինիստրատիվ սահմաններ էին, եւ այս հարցում կարող են տարաձայնություններ լինել։ Բայցեւայնպես, ռուսական կողմը միշտ առաջարկել է զբաղվել այս հարցով։ Մենք հիշում ենք տարբեր քարտեզների մասին բանավեճը, որոնցով պետք է առաջնորդվել այդ գործընթացում։ Տեսեք՝ Ադրբեջանում հիմա բանավեճ կա այն մասին, որ Զանգեզուրի որոշ գյուղեր եւ քաղաքներ, որտեղ նախկինում ապրել են մուսուլմանական փոքրամասնությունների ներկայացուցիչներ, օրինակ, Վեդի քաղաքը, պետք է միացվեն Ադրբեջանին, այլ բնակելի կետեր են նշում, որոնք գտնվում են Հայկական ԽՍՀ նախկին ադմինիստրատիվ սահմաններում։ Եթե Հայաստանն այս հարցերը չբարձրացնի ու իր փաստարկները չհնչեցնի, մենք կտեսնենք, թե ինչպես է իրագործվում Փաշինյանի` ՄԱԿ-ի ամբիոնից արված հայտարարությունը՝ որ Ադրբեջանը թող գա ու Հայաստանի սահմանը գծի այնպես, ինչպես պատկերացնում է։ Դա էր ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում նրա ելույթի իմաստը, չէ՞, ես ոչինչ չեմ աղավաղում։ Այնպես որ, մենք կարող ենք գալ միանգամայն անցանկալի հետեւանքների, եթե ոգեւորվենք տանիքի շինարարությամբ՝ առանց մտածելու տան հիմքի ու պատերի մասին։