Բանակը ձեզ ի՞նչ է արել

Բանակը ձեզ ի՞նչ է արել

Մարդիկ, ինչպես ասում են, տարբեր են լինում: Մեկը խնձոր է սիրում, մյուսը` խաղող, մեկը ֆուտբոլի սիրահար է, մյուսը` բասկետբոլի: Բայց դա չի նշանակում, որ խնձորի սիրահարները պարտադրում են, որ միայն խնձորի այգիներ գցվեն, իսկ տանձի ծառերն արմատախիլ արվեն, կամ` ֆուտբոլ դիտողները պահանջում են, որ բասկետբոլը, որպես խաղ, արգելվի: Կան, իհարկե, մարդիկ, որոնք բոլորին պարտադրում են ապրել իրենց կանոններով եւ իրենց անձնական նախասիրությունների ծիրում են տեսնում աշխարհը ու եթե ունեն որոշակի լծակներ, դրանք աշխատեցնում են հօգուտ իրենց հիվանդ մտքերի եւ անառողջ սեւեռումների: Բայց այդ մարդիկ երկարատեւ եւ անխափան ընթացք չեն ունենում: Իսկ եթե նրանք որոշակի պաշտոն ու կարգավիճակ են զբաղեցնում, հազար ու մի փորձանքների են հանդիպում եւ երբեմն չարաչար պատժվում` իրենց լիազորությունները չարաշահելու համար:

Հետեւելով հայկական բանակի, զինվորականության եւ պաշտպանության հարցերի նկատմամբ այս իշխանությունների վերաբերմունքին, դժվար է տխուր հետեւություններ չանելը: Օրինակ, չենթադրել, որ բանակում չծառայածների այս վտառն ինչ-որ անհասկանալի ատելություն է տածում բանակի ու զինծառայության հետ կապված ամեն ինչի նկատմամբ: Երիտասարդության տարիների կոմպլեքսների հետեւանքով ոչ մի կերպ չի կարողանում հաղթահարել նեգատիվ վերաբերմունքը բանակում ծառայած հերոսների, բանակի ու զինծառայության նկատմամբ առհասարակ: Եվ այդ բացասական վերաբերմունքը գնալով խորանում է ու արտառոց դրսեւորումներ ստանում: Ասենք` զենք, զինամթերք չներկրելու, բանակը չզինելու, զինվորականներին դատելու, պատժելու, բանակում ծառայելը վարկաբեկելու ձեւով: Ամեն ինչ անում է, որ բանակը դուրս մղվի մեր կյանքից, իսկ բանակում ծառայությունը դիտվի որպես պատիժ: