«Յուքոմի», «Ռոստելեկոմի» միացման աշխատանքները ժամանակավոր դադարեցվել են

 «Յուքոմի», «Ռոստելեկոմի» միացման աշխատանքները ժամանակավոր դադարեցվել են

«Հրապարակ» օրաթերթի խմբագրություն են դիմել մի շարք քաղաքացիներ, որոնք նշում են, որ կապի հետ կապված խնդիրներ ունեն,  դժվարությամբ են կապվում իրենց սպասարկող օպերատորների հետ, հաճախ ընդհանրապես չի հաջողվում կապ հաստատել, քաղաքացիներից մեկն էլ նշեց, թե նոր է ցանկանում ինտերնետ «քաշել», բայց չի հաջողվում կապվել որևէ մեկի հետ։

Մեզ հետ զրույցում «Ռոստելեկոմ» ընկերության օպերատորներից մեկը նշեց, որ այս պահին մեկ շաբաթով բոլոր տեսակի միացումները հետաձգվել են։

«Եթե միացում են ցանկանում, կարող են ընդհանուր հայտը լրացնել, բայց արդեն միացումները մեկ շաբաթ հետո են լինելու։ Օպերատորները ևս այս պահին աշխատում են, տեխնիկական բաժնի աշխատակիցները նույնպես աշխատում են»,-նշեց ընկերության օպերատորը։

Մենք նաև կապվեցինք վերոնշյալ ընկերության ակտիվ վաճառքով զբաղվող խմբերից մեկի կոորդինատորներից մեկի հետ, որը նշեց, որ մինչեւ երեկ աշխատել են, բաժանորդների տներում միացումներ կատարվել են, շատ հաճախ օնլայն տարբերակով են պայմանագրեր կնքել, երեկվա որոշումներից հետո են միայն որոշ ժամանակով կասեցվել միացման աշխատանքները։

Եթե «Ռոստելեկոմը» երեկվանից է դադարեցրել միացման աշխատանքները, ապա Հայաստանում ընկերության գլխավոր մրցակիցը՝«Յուքոմը», միացման աշխատանքները դադարեցրել է մարտի 12-ից։ 

«Ներկա պահին բնակարանային սպասարկումներ ընդհանրապես չեն կատարվում։ Ամսի 12-ից հետո միացումներ չեն կատարվել։ Եթե քաղաքացին արդեն օգտվում է մեր ծառայությունից, բայց կապի հետ կապված խնդիր կա, ընդհանրապես չի կարողանում օգտվել որևէ ծառայությունից, տեխնիկներն այդ դեպքում մոտենում են, բնականաբար, դիմակներով և համապատասխան կարգավորումները ստացած։ Բայց եթե փոքրիկ տեխնիկական խնդիրներ են լինում, նման դեպքերում չեն մոտենում, օպերատորների հետ են կապվում, նրանք աշխատում են տնից»,-նշեց «Յուքոմի» օպերատորը։

 «Բիլայնի» հետ, սովորականի նման, կապ հաստատել չհաջողվեց։