Որդեգրումների գործով 1 տարի է՝ նախաքննություն է․ գործը սառեցված վիճակում է

Որդեգրումների գործով 1 տարի է՝ նախաքննություն է․ գործը սառեցված վիճակում է

Ուղիղ մեկ տարի առաջ Ազգային անվտանգության ծառայությունը աղմկահարույց հայտարարություն արեց, որը մինչ այժմ էլ քննարկվում է։ Տարածված հայտարարության մեջ ասվում էր, որ լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների հետևանքով բացահայտել է օտարերկրացիների կողմից հայաստանյան օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման դեպքեր: Ըստ այդմ, մի քանի անձինք, օգտագործելով իրենց կապերը հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, մի շարք գերատեսչություններում, ինչպես նաև մանկատներում, օրենքի խախտմամբ կազմակերպել են 3 տասնյակից ավելի երեխաների որդեգրումները Իտալիայի քաղաքացիների կողմից: 

Մեկ տարի է, ինչ այս գործով նախաքննություն է ընթացել եւ շարունակվում է:

Քրեական գործով անցնող «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Լիանա Կարապետյանի պաշտպան Ալեքսան Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ոչ պատերազմի ընթացքում, ոչ էլ պատերազմը սկսվելուց դեռեւս երկար ժամանակ առաջ որեւէ քննչական գործողություն Լիանա Կարապետյանի մասնակցությամբ տեղի չի ունեցել։

Նա չի կարող ասել՝ ինչու է գործն այդպիսի վիճակում, առանց որեւէ գործողությունների․ «Ես ուղղակի կարող եմ փաստն արձանագրել, որ արդեն երկար ամիսներ որեւէ  քննչական գործողություն Լիանա Կարապետյանի մասնակցությամբ տեղի չի ունեցել»։

«Մեր համոզմամբ՝ Լիանա  Կարապետյանի մասով  կարող եմ ասել` մեղադրանքն ակնհայտ անհիմն է եւ ապօրինի։ Այդ համոզմանն ենք եղել ի սկզբանե, հիմա էլ այդ համոզմունքն ունենք, փաստերն են այդպիսին»,-ավելացրեց Ալեքսան Խաչատրյանը։

Պաշտպանը նաեւ նախաքննության ավարտի մասին չի կարող ոչինչ ասել․ «Արդեն մեկ տարին կլրանա, որ Լիանա Կարապետյանը մեղադրյալ է ներգրավվել, ու այսպես երկար ամիսներ որեւէ գործողություն չի արվում, անհիմն անձի իրավունքները սահմանափակվել են»։

Հարցին, թե բացի ՀՀ-ից դուրս գնալուց, այլ սահմանափակումներ եւս կա՞ն, պաշտպանը պատասխանեց․ «Դա քի՞չ իրավունք է, Սահմանադրությամբ եւ եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունք է։ Այն, որ մեղադրանքն առաջադրվել է, դա ինքնին արդեն անձի իրավունքների խախտում է, քանի որ ակնհայտ անհիմն մեղադրանք է»։

Նա նաեւ նշեց, որ պրակտիկայում հազվադեպ դեպքերում են այդպիսի բաներ լինում, որ այդքան երկար ամիսներ որեւէ գործողություն չարվի․ «Երեւի գործի անհիմն լինելու հանգամանքով է նաեւ պայմանավորված, իմ կարծիքով»։

Գործով անցնող Պերինատոլոգիայի, մանկաբարձության ու գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի մասով եւս որեւէ նորություն չկա։ Ինչպես նրա պաշտպան Սամվել Դիլբանդյանն ասաց, «դեռեւս ոչ, զարգացում չկա։ Որեւէ բան չկա»։  

Հիշեցնենք, որ Լիանա Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել  167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը), իսկ Երևանի 1976թ. ծնված բնակչուհուն՝ 167-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը): 

Ռազմիկ Աբրահամյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 200-րդ հոդվածի 3-րդ մասով (առևտրային կաշառքը)։