Նախագահի զգուշացումը

Նախագահի զգուշացումը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն անցած գիշերն անցկացրել է մարտական դիրքերում՝ Գոմշասարում: Նախագահի ֆեյսբուքյան էջը տեսագրություն է տարածել, առավել ուշագրավ է գիշերային Գյանջայի պատկերը: Մանավանդ՝ Արայիկ Հարությունյանի գրառման ֆոնին, որտեղ Արցախի նախագահը շատ հստակ ասում է, որ հակառակորդի արկածախնդրության դեպքում շփման գծի միայն այդ հատվածում վտանգվում է կես միլիոն ադրբեջանցիների կյանքը: Մեկ անգամ չէ, որ փորձագիտական մակարդակում նման շեշտադրումներ արվել են:

Մեկ անգամ չէ, որ տեսակետ են արտահայտել զինվորականները: Բայց նախագահի մակարդակով Արցախի զգուշացումն այս օրերին պետք է որ խիստ ազդեցություն թողնի հակառակորդի վրա: Ողջ գիշեր լինել մարտական դիրքում, Գոմշասարի բարձունքից դիտարկել տեղաշրջանը եւ նման գրառում անել՝ նշանակում է ճիշտ պահին ամենահարկավոր ուղերձը հղել թե հակառակորդին, թե միջնորդներին, թե տարածաշրջանում սեփական խաղն իրականացնել փորձող ուժերին: Ռազմական փորձագետները գիտեն, թե խոսն ինչ դիրքի մասին է, որ հայկական զինուժը պահում է այդ ուղղությամբ: Արցախի նախագահի այցն այդ ուղղություն այս իմաստով բազմաշերտ իմաստ է ստանում: Մանավանդ որ մի քանի օր առաջ էլ նա եղել է Թալիշ-Մատաղիս ուղղության առաջնագծում: