Մարգարիտան դա չի անի

Մարգարիտան դա չի անի

«Մեկ հայրենիք» կուսակցության նախագահը ֆեյսբուքում գրել է, որ ի՞նչ կանեն Մարգարիտա Սիմոնյանին քննադատող մարդիկ, եթե նա փոխի Russia today-ի խմբագրական քաղաքականությունը, սկսի բացահայտ քննադատել ադրբեջանցիներին: «Մարգարիտան դա կանի, ես չեմ կասկածում, բայց ի՞նչ են զգալու իրեն հրապարակավ վիրավորած եւ հայհոյած մարդիկ, դժվար է ասել»-ամփոփել է հայ քաղաքական գործիչը: Անձամբ ես դեմ եմ Մարգարիտա Սիմոնյանի հասցեին վիրավորական գրառումներին: Դեմ եմ նաեւ այն քիչ մարդկանց, որ հրճվում են զուտ այն պատճառով, որ Սիմոնյանի քննադատության հասցեատերը Նիկոլ Փաշինյանն է, հայ ժողովուրդը չէ, Հայաստանը չէ: Դա արդեն վտանգավոր է՝ հույս պահել, որ եթե Հայաստանում այլ իշխանություն լինի, ապա Մարգարիտա Սիմոնյանը Russia today-ը կդնի նրա ծառայության տակ: Ոչ, Մարգարիտան դա չի անի: Տեսեք, նա կշտամբում է, թե Հայաստանն ինչու՞ Ղրիմը չճանաչեց ռուսական: 2013թ. Հայաստանում իշխանություն էր ՀՀԿ-ն, Սերժ Սարգսյանը: Ստացվում է, որ Մարգարիտա Սիմոնյանը «երախտամոռ» է անվանում նաեւ նախկիններին: Առհասարակ Հայաստանը նրա աչքում երախտամոռ է: Սա է խնդիրը: Որ նույն վերաբերմունքին նաեւ վաղվա Հայաստանի իշխանություններն են արժանանալու: Եւ մենք մենակ չենք: Պուտինյան Ռուսաստանի հայացքով երախտամոռ են ուկրաինացիները, բելոռուսները, մոլդավները, մերձբալթյան ժողովուրդները, վրացիք, բոլորը, որ իմպերիայի հպատակ են եղել եւ այսօր ոչ միայն անկախ են, այլեւ փորձում են ազգային ինքնություն դրսեւորել՝ ռուսականից տարբերվող աշխարհընկալում:

Ինչպե՞ս կարելի է կորոնավիրուսի պատճառով չմասնակցել Հաղթանակի զորահանդեսին, բայց ամիսը չլրացած՝ մեկնել Մինսկ եւ դեռ հայտարարել, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի եւ Բելառուսի խնդիրները նույնն են: Պուտինը կասկածում է՝ այդ ի՞նչ են քչփչում Լուկաշենկոն եւ Փաշինյանը: Մարգարիտա Սիմոնյանի զայրույթը դրանից է: Եւ նրանից, թե ինչու՞ Տավուշում մարտերն սկսվելու հենց առաջին ժամերին Երեւանից «նամակ ռուսաց թագավորին» չգրվեց: Հայաստանը ՀԱՊԿ-ին ընդամենը տեղյակ է պահել: Ինչպես 2016-ի ապրիլին: Մարգարիտա Սիմոնյանին պետք է հակառակ կողմից հասկանալ: Նա կարծես այն է ասում, թե Հայաստանն ինչպե՞ս է իրեն թույլ տալիս «թքել» հզոր Ռուսաստանի երեսին, նրանից օգնություն չխնդրել: Չէ՞ որ երկու հարյուրամյա կարծրատիպ է, որ Ռուսաստանը Հայաստանի եւ հայ ժողովրդի փրկիչն է: Վերջին երեսուն տարվա փաստերն աշխատում են կարծրատիպը քանդելու ուղղությամբ: Մարգարիտա Սիմոնյանը խորհուրդ է տալիս Նարեկացի կարդալ: Ես գրեթե համոզված եմ, որ նա Նարեկացի չի կարդացել: Այլապես իր ժողովրդի մասին բոլորովին այլ կարծիքի կլիներ: Եւ որովհետեւ այդպես է, նա երբեք Russia today-ի խմբագրական քաղաքականությունը չի փոխի: