Ինչ «մեսիջ» է պարունակում Ժաննա Անդրեասյան-Սերգեյ Կոպիրկին հանդիպումը

Ինչ «մեսիջ» է պարունակում Ժաննա Անդրեասյան-Սերգեյ Կոպիրկին հանդիպումը

Նախօրեին հայտնի դարձավ, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ ԿԳՄՍ պաշտոնական հաղորդագրությունից պարզ է դառնում, որ քննարկվել է հարցերի բավականին լայն շրջանակ, որոնք հիմնականում վերաբերում են գիտական, կրթական, սպորտային, մշակութային եւ հումանիտար ոլորտներին։ Հատկապես մեզ համար ուշագրավ էր այն, որ քննարկվել են Հայաստանում ռուսերենի ուսուցման բարելավմանը, ինչպես նաեւ՝ ՌԴ-ում հայերենի ուսուցման բարելավմանը վերաբերող հարցեր։

Ռուսաստանի համար հատկապես հետխորհրդային տարածքում ռուսերենի հարցը չափազանց զգայուն է, եւ այն, կարելի է ասել, նախկին միութենական հանրապետությունների հետ հարաբերություններում Մոսկվայի արտաքին քաղաքականության մասն է կազմում։

Պատահական չէ, որ Ռուսաստանի հետ հարաբերություններ փչացնելիս թե՛ Վրաստանը եւ թե՛ Ուկրաինան չշրջանցեցին նաեւ ռուսերենը եւ այն դուրս մղեցին իրենց կյանքից, կրթական համակարգից եւ առօրյայից։ Նույնը` եվրոպական երկրները, որոնք անգամ զբոսաշրջային կենտրոններում ջնջել են ռուսերեն հաղորդագրությունները, վերացրել ռուսերեն ավտոգիդերը կամ սիթի-տուրերից հանել ռուսաց լեզուն:
Ինչու հատկապես լեզվի հանգամանքը համարեցինք ուշագրավ։ Եթե ընդունենք, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշել է հարաբերություններ փչացնել Ռուսաստանի հետ, ապա պետք է առնվազն, օրինակ, երեկվա հաղորդագրությունում Հայաստանում ռուսերենի ուսուցման բարելավման մասին տող չլիներ։ Իհարկե, չենք բացառում, որ Նիկոլ Փաշինյանը գուցեեւ փորձում է ինչ-որ «խաղեր տալ» ռուսական աշխարհաքաղաքական ուղեծրից արեւմտյան աշխարհաքաղաքական ուղեծիր անցման շրջանում եւ փորձում է իջեւանցու խորամանկությամբ հա՛մ նալին խփել, հա՛մ մեխին, սակայն եթե նա գոնե 1 տոկոս սթափությամբ է դատում քաղաքականության մասին, ապա լրջորեն դրան չի գնա` գիտակցելով դրա հետեւանքները։ Ավելին՝ նա չի էլ կարողանա գնալ դրան, եւ նրան թույլ էլ չեն տա, որ փորձի դառնալ երկրորդ Սահակաշվիլի կամ երկրորդ Զելենսկի։

Նախ՝ Հայաստանն է չափազանց կախված Ռուսաստանից, ի տարբերություն նույն Վրաստանի, անգամ` Ուկրաինայի, եւ հետո՝ Ռուսաստանը Վրաստանի եւ հատկապես Ուկրաինայի դասն այնքան լավ է յուրացրել, որ հարկ եղած դեպքում իր «զինանոցն» ամբողջությամբ կօգտագործի «օձը բնում» դեռ «սաղմնային վիճակում» խեղդել-ոչնչացնելու համար։ Եվ Հայաստանը ո՛չ Վրաստան է, ո՛չ էլ, մանավանդ՝ Ուկրաինա, որ դրա վրա ամիսների ջանք եւ մեծ ռեսուրսներ պահանջվեն: Փաշինյանը դա հիանալի է հասկանում։ Նույնիսկ եթե Արեւմուտքը նրան իշխանությունը պահպանելու կամ կյանքի պահպանման երաշխիքներ էլ տրամադրի, միեւնույն է, կտրուկ շրջադարձը դեպի Արեւմուտք բացառվում է։
Առհասարակ, նման նուրբ հարցերում ինդիկատորները ոչ թե հանրային բաց տիրույթում ասված հայտարարություններն են, հանրային խոսքի հռետորաբանությունն է, այլ առաջին հայացքից սովորաբար ուշադրությունից դուրս մնացող եւ շատ դեպքերում երբեմն ոչ կարեւոր համարվող ազդակները, որոնց համադրումն ու անալիզն է, որ քիչ թե շատ պատկերացում կարող է տալ իրերի իրական վիճակի մասին։